Մատչելիության հղումներ

Օքթայ Ասադով. «Մենք գումար ենք տնտեսում Հայաստանի հետ պատերազմի համար»


Ադրբեջանը ազգային տարադրամին աջակցելու համար տարեկան մոտ 2․5 միլիարդ դոլար էր ծախսում:

Ադրբեջանի կենտրոնական բանկն այլևս արհեստականորեն նույն մակարդակի վրա չի պահի ազգային տարադրամի` մանաթի փոխարժեքը: Պատճառներից մեկը Բաքվում առկա մտավախություններն են, թե Հայաստանի հետ պատերազմի դեպքում երկիրը կարող է հայտնվել առանց բավարար ֆինանսական միջոցների: Այս մասին երեքշաբթի երեկոյան ադրբեջանական խորհրդարանի լիագումար նիստի ավարտին հայտարարեց Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը:

«Որևէ աժիոտաժ չկա: Պարզապես մեր կառավարությունը մանաթի փոխարժեքը նույն մակարդակի վրա պահեց այնքան, որքան ի վիճակի էր: Ադրբեջանը այսօր Հայաստանի հետ պատերազմի մեջ է և ապագայում չի բացառում ռազմական կամ այլ տիպի գործողությունների վերսկսումը: Նման գործողությունները հավելյալ միջոցներ են պահանջում, այդ իսկ պատճառով էլ մենք չենք կարող մեզ թույլ տալ ծախսել ձեռքի տակ եղած պահուստային բոլոր միջոցները», - հայտարարում էր Միլի մեջլիսի խոսնակը:

Տնտեսական քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Զիադ Սամեդզադեի խոսքով էլ՝ Ադրբեջանը ազգային տարադրամին աջակցելու համար տարեկան մոտ երկուսուկես միլիարդ դոլար էր ծախսում:

«Դա հավասարազոր էր Հայաստանի բյուջեին», - նշում էր պատգամավորը՝ հավելելով, որ Ադրբեջանի պետական գանձարանին հասցված ամենաուժեղ հարվածը նավթի գնի անկումն է միջազգային շուկայում:

«2015 թվականի պետբյուջեի նախագծով նավթի գինը հաշվարկված էր 90 դոլար մեկ բարելի դիմաց մակարդակի վրա: Այսօր, սակայն, միջազգային շուկայում նավթի մեկ բարելի գինը չի գերազանցում 60 ամերիկյան դոլարը: Եթե այսպես շարունակվի, տարեվերջին Ադրբեջանի պետական բյուջեի դեֆիցիտը կհասնի 6-7 միլիարդ մանաթի: Ազգային տարադրամի արժեզրկումը արհեստականորեն զսպելը ի վերջո կարող է հանգեցնել պահուստների սպառմանը», - հայտարարում էր ադրբեջանցի պատգամավորը:

Նույն այն ժամերին, երբ ադրբեջանցի խորհրդարանականները քննարկում էին երկրի ֆինանսական շուկայում ստեղծված կացությունը, երկրի նախագահ Իլհամ Ալիևը Մինգեչաուր քաղաքում հանդիպում էր տեղի բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ: Այս հանդիպման ընթացքում Ալիևը ևս չշրջանցեց մանաթի արժեզրկման թեման:

«Ժամանակին մեկ դոլարն արժեր հինգ հազար մանաթ: Հետագայում` 2006-ին անցկացված բարեփոխումների արդյունքում մենք հավասարեցրինք դոլարի և մանաթի փոխարժեքները, և վերջին 10 տարիներին մանաթն իր դիրքերն ավելի ու ավելի էր ամրապնդում դոլարի հանդեպ: Չնայած դրան՝ հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունները ի վերջո բացասական ազդեցություն թողեցին նաև մեր երկրի տնտեսության վրա` հանգեցնելով մանաթի արժեզրկմանը: Դրան գումարվեց նաև նավթի գնի անկումը, ինչը հարված էր մեր եկամուտներին», - նշեց Ալիևը` հասկացնելով նաև, որ ազգային տարադրամը 34 տոկոսով արժեզրկելու մասին որոշումն առավելապես իրենն էր, այլ ոչ թե Կենտրոնական բանկի խորհրդինը:

«Որևէ անակնալ այստեղ չկար, ես դեռ հունվարին էի ասել, որ ուժեղ մանաթը վտանգում է տնտեսական կայունությունը: Մի քանի օր առաջ, սակայն, շուկայում մանաթի փոխարժեքի աննշան փոփոխությունից հետո ծագած աժիոտաժից փորձեցին օգտվել վերավաճառողները` փորձելով հավելյալ գումարներ վաստակել: Միայն մեկ թիվ նշեմ` մի քանի օր շարունակ օրական Ադրբեջանի ֆինանսական շուկայում 500 միլիոն դոլար էր գնվում: Եթե այդպես շարունակվեր, մինչև տարեվերջ Կենտրոնական բանկի արտարժութային պահուստները կտրուկ կերպով նվազելու էին», - հայտարարեց Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG