Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. Այսօր սահմանում իրավիճակը հարաբերականորեն հանդարտ է


ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, 25-ը փետրվարի, 2015թ.

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, 25-ը փետրվարի, 2015թ.

Պաշտպանության նախարարի խոսքով, վերջին շրջանում սահմանին լարվածության նվազմանը նպաստել է նաև բանակցային գործընթացի ակտիվացումը:

Հայկական զինված ուժերը բարելավել են հայ - ադրբեջանական սահմանին տեղակայված դիտարկման համակարգը, ինչը նպաստել է լարվածության նվազմանը, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Կարելի է ասել, որ այսօր սահմանում իրավիճակը հարաբերականորեն հանդարտ է, որովհետև մարտական հերթապահության տարրերի կատարելագործման ուղղությամբ Հայկական բանակը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը անընդհատ աշխատում են, անընդհատ զարգացնում են: Այսօր մենք դիտարկման համակարգն ենք բարելավել, որը հնարավորություն է տալիս ավելի լավ դիտարկել, հայտնաբերել, կողմնորոշվել, որոշումներ ընդունել և իրականացնել», - ասաց նախարարը։

Օհանյանի կարծիքով, վերջին շրջանում սահմանին, շփման գծում լարվածության նվազմանը նպաստել է նաև բանակցային գործընթացի ակտիվացումը:

«Կարծում եմ, այսօր լարվածության վրա նաև ազդեցություն է ունենում քաղաքական միջավայրը, հանդիպումները, եռանախագահների ակտիվությունը, համապատասխան աշխատանքները, որոնք որ պետք է տարվեն երկու երկրների նախագահների հանդիպման շրջանակներում: Մենք՝ որպես ուժային կառույցների ղեկավարներ, միշտ հորդորել ենք, որպեսզի միջազգային քաղաքական կառույցները այդ հարցը դնեն՝ կա՛մ պահպանում ենք հրադադարը, կա՛մ՝ ոչ», - ասաց նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG