Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթաց է արձանագրվել


Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Ժնևում, 23-ը փետրվարի, 2015թ.
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Ժնևում, 23-ը փետրվարի, 2015թ.

Ըստ Նեթանյահուի, մինչդեռ, Իրանի հետ համաձայնագիրը վտանգավոր է Իսրայելի, ինչպես նաև՝ տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթաց է արձանագրվել։ Բանակցություններն ընթանում են Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի մասնակցությամբ։ Իրանի հետ ձեռք բերված համաձայնությունների պայմանների դեմ է Իսրայելը։

«Ինչպե՞ս է ամեն ինչ ընթանում. կարևորը որ ընթանում է», - այսպես է մեկնաբանում բանակցությունների ընթացքը Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը:

Միացյալ Նահանգներն ու Իրանն արդեն հայտարարել են, որ Ժնևում անցնող բանակցությունների ընթացքում հաջողվել է առաջընթաց գրանցել:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ չնայած որոշ խոչընդոտներին, օրինակ՝ Իրանի կողմից ուրանի հարստացման մակարդակի շուրջ անհամաձայնություններին, համաշխարհային տերություններն Իրանին հետաքրքիր առաջարկություններ են արել՝ պայմանավորվածության հասնելու համար։

«Այժմ կպարզվի՝ արդյոք Իրանն իր խոսքերը կհամատեղի՞ գործի հետ և կապացուցի՞, որ իր ծրագիրը լիովին խաղաղ նպատակների է ուղղված», - ասել է Քերրին:

Միացյալ Նահանգները նշում է, թե Իրանը պետք է բանակցող կողմերին ապացուցելի փաստեր տրամադրի, որ միջուկային զենք չի պատրաստելու: Այսպիսով, ըստ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Ըրնեսթի, մինչև հունիս վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու հավանականությունը 50 տոկոս է:

Միևնույն ժամանակ, Իսրայելը լուրջ քննադատության է ենթարկել հնարավոր պայմանավորվածությունը, քանի որ, ըստ իսրայելական կողմի, այն կարող է ապակայունացնել տարածաշրջանը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսքով, ինքը պատրաստվում է համոզել ԱՄՆ-ի կոնգրեսականներին, որ Իրանի հետ համաձայնագիրը վտանգավոր է Իսրայելի, ինչպես նաև՝ տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG