Մատչելիության հղումներ

Նորմանդյան քառյակը Փարիզում քննարկել է ուկրաինական ճգնաժամը


Ղրիմի բռնակցման գործընթացի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց՝ Փարիզում այսօր հանդիպեցին Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները՝ ուկրաինական ճգնաժամը քննարկելու համար: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումը որակել է «օգտակար» և անմիջապես լքել հանդիպման վայրը՝ պատճառաբանելով, որ շտապում է Մոսկվայում Կարմիր խաչի ղեկավարի հետ հանդիպմանը:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինը լրագրողներին փոխանցել է, որ չկա քաղաքական համաձայնություն Դեբալցևոյի հարցում, «բայց մենք համաձայնեցինք ստեղծել մեխանիզմ՝ ապագայում Նորմանդյան ձևաչափի համաձայնությունը վերահսկելու համար»:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հանդիպումից հետո հայտարարել է. - «Քննարկվել է Դեբալցևոյում տիրող իրավիճակը, և հատուկ ուշադրություն է եղել Մարիուպոլին: Մենք՝ չորս նախարարներս, կոչ ենք անում խստորեն կատարել Մինսկի համաձայնագրի պահանջները՝ սկսելով հրադադարի անհապաղ վերականգնումն ու զինատեխնիկայի դուրսբերումը»:

«Մենք կարող էինք համաձայնության գալ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանն աջակցելու հարցում, ինչպես ուժեղացնել առաքելության կարողությունները, անհապաղ հրադադարի և զինատեխնիկան հետ քաշելու հարցում», - ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը:

Արտաքին գործերի փարիզյան հանդիպումից հետո «Ինտերֆաքս»-ը, հղում անելով ոստիկանապետի տեղակալ Վիտալի Կիսիլյովին, տեղեկացրեց, որ Լուգանսի ոստիկանները Դեբալցևոյից դուրս են բերել օդուժը: Նա նշել է, թե «սա ծանր տեխնիկայի դուրսբերման երկրորդ փուլն է»:

Մինչդեռ, ուկրաինական բանակի ներկայացուցիչներն արտգործնախարարների հանդիպումից ժամեր առաջ պնդել էին, որ ռուսամետ անջատողականները շարունակում են զինված հարձակումները:

Իսկ ծանր զինատեխնիկան դուրս բերելու վերաբերյալ ռուս անջատողականների պնդումներն, ըստ «Ասոշիեյթեդ փրեսի», չի շտապել հաստատել ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը՝ նշելով, որ դիտորդներն այդ տեղեկությունները պետք է ամփոփեն ուշ երեկոյան:

Ուկրաինական բանակն այսօր հայտարարել էր, որ անջատողականները թիրախավորել են Դեբալցևոյի հարակից գյուղերը, առավոտյան օդուժն անընդմեջ գնդակոծել է ուկրաինական տարածքները: Կառավարականուժերի ներկայացուցիչն ասել է նաև, որ ուկրաինական կողմը պատրաստ է հետ քաշել ծանր տեխնիկան, սակայն անջատողականների գործողությունները դա անհնար են դարձնում:

Ուկրաինայի բանակի խոսնակ Անդրիյ Լիսենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի համար ծանր տեխնիկան հետ քաշելու ազդակ կարող է հանդիսանալ կրակը երկու օր դադարեցնելու անջատողականների փաստացի գործելակերպը:

Մինսկի համաձայնագրով նախատեսվում էր փետրվարի 15-ից ուկրաինական սահմանից 25-70 կիլոմետր հեռավորությամբ հետ քաշել ծանր զինատեխնիկան:

Պուտինը՝ «անհավանական» պատերազմի մասին

Մինչ ուկրաինական աղբյուրներն ամիսներ շարունակ պնդում են Ռուսաստանի պատերազմական գործողությունների մասին, երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն«անհավանական» համարեց Ուկրաինայի դեմ պատերազմը:

«Մինսկի փաստաթուղթը ոչ թե Մինսկի գործընթացին մասնակից 4 երկրների՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի քննարկումների հետևանքով ստորագրված փաստաթուղթ է, այլև հանդիսանում է միջազգային իրավական փաստաթուղթ, որին կողմ է ամբողջ միջազգային հանրությունը», - ասել է Պուտինը և հավելել. - «Դա լրիվ ուրիշ պատմություն է, ինչպես ասում են, և ես շատ մեծ հույս ունեմ, դա կկատարվի»:

Ուկրաինայում հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ Մինսկի համաձայնագրին անդրադառնալով՝ Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ դա միակհամաձայնագիրն է, որը ստորագրել են կողմերը և որը միակ տարբերակն է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար: Մոգերինին ընդգծել է, որ խաղաղութան հասնելու միակ տարբերակը դիվանագիտական և տնտեսական ճնշումների համաժամանակյա կիրառումն է:

Նորմանդյան հանդիպումից առաջ

Երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները մեղադրանքներ փոխանակեցին: Նյու Յորքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ՄԱԿ-ին մեղադրեց Արևմուտքի որոշումների վրա կնիք դնելու համար:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանտա Փաուերը Մոսկվային կոչ արեց հարգել այլ երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը:

«Ռուսաստանն այսօր մարտեր է մղում, կռվում է ուկրաինական տարածքի երկայնքով և դաժանաբար զավթել է ուկրաինական տարածքը», - երեկ հայտարարեց ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանը:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինը ՄԱԿ-ում պնդեց, որ Ռուսաստանը խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, բոլոր միջոցներով խառնվում է Ուկրաինայի ներքին գործերին, զավթել է ինքնիշխան Ուկրաինայի որոշ տարածքներ և քաղաքական ու տնտեսական միջոցներ ձեռնարկելով՝ Ուկրաինայի դեմ մղում է լայնամասշտաբ պատերազմ:

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը Մոսկվային մեղադրեց Եվրոպայի սահմանները ուժի կիրառմամբ և խախտումներով վերաձևելու փորձերի մեջ:

Նա, մասնավորապես, բացի Ուկրաինայի արևելյան հատվածում Ռուսաստանի գործողություններից, հիշեց նաև Վրաստանի, Աբխազիայի, Հյուսիսային Օսիայի պատմություններն ու պնդեց՝ Ռուսաստանը խառնվում է ինքնավար պետությունների գործերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG