Մատչելիության հղումներ

Գարեգին երկրորդն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին


Լուսանկարը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի։

Լուսանկարը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի։

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ժողովրդին և իշխանություններին հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության համար:

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն է արտահայտել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերի կապակցությամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ «Տիրոջ օրհնությամբ նորանշանակ դեսպանի առաքելությունն ավելիով նպաստի երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկու պետությունների միջև համագործակցության զարգացմանը»:

ԱՄՆ դեսպանն, իր հերթին, ուրախություն է հայտնել հանդիպման առիթով, ապա ներկայացրել հայ-ամերիկյան գործակցության արդյունքում իրականացվելիք ծրագրերի շրջանակը:

«Անդրադարձ եղավ Եկեղեցու կողմից միջեկեղեցական փոխգործակցության արդյունքում աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ի նպաստ գործադրվող ջանքերին, ինչպես նաև խոսվեց տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ կազմակերպվող հոգևոր առաջնորդների հանդիպումների մասին», - ասված է հաղորդագրությունում։

Ամենայն Հայոց կաթողիկոսը Ռիչարդ Միլսին տեղեկացրել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների մասին` առանձնացնելով ապրիլի 23-ին Մայր Աթոռում տեղի ունենալիք Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG