Մատչելիության հղումներ

logo-print

Անկայունությունը Ադրբեջանի ֆինանսական շուկայում պահպանվում է


Չնայած իշխանությունների հավաստիացումներին՝ շուկայում խուճապային տրամադրություններից խուսափել չհաջողվեց:

Շաբաթ օրը Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից կայացված որոշումից հետո, որով մանաթն արժեզրկվեց ավելի քան մեկ երրորդով, իրադրությունը երկրի ֆինանսական շուկայում չի հանդարտվում:

Դեռ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ԿԲ-ի նախագահ Էլման Ռուստամովը Financial Times-ին տված հարցազրույցում խոստովանել էր․ - «Տարեսկզբից ի վեր Ադրբեջանի կենտրոնական բանկը մեկ միլիարդ դոլար է ծախսել կայունությունը ֆինանսական շուկայում պահպանելու համար»:

Թեև Ադրբեջանի կենտրոնական բանկը խոստանում էր, որ մանաթի արժեզրկումը աստիճանական կլինի, այնուհանդերձ, շուկայում խուճապային տրամադրություններից խուսափել այդպես էլ չհաջողվեց: Հանգստյան օրերին դա հատկապես զգալի էր սպառողական շուկայում, երբ գների լուրջ աճ արձանագրվեց: Կենցաղային ապրանքների և մեքենաների վաճառքով զբաղվող մի շարք ընկերություններ նույնիսկ ստիպված էին դադարեցնել աշխատանքը` չցանկանալով առևտրային գործարքներ իրականացել արժեզրկվող մանաթով: Երկուշաբթի օրվանից սկսած անկայունությունը տեղափոխվեց փոխանակման կետեր և բանկերի բաժանմունքներ:

Ադրբեջանական ընդդիմադիդր Meydan TV կայքի լրագրողները նկարահանել են Բաքվի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկի` «Կապիտալ բանկի» կենտրոնակայանի մոտ տիրող իրավիճակը: Բանկի շենքի դիմաց մեծ հերթ է գոյացել, մուտքը հսկում են ոստիկանության ուժեղացված խմբերը: Մարդիկ էլ արձանագրում են` քաղաքում գործող փոխանակման կետերի զգալի մասը չի աշխատում, դոլար կամ եվրո գնելը գրեթե անհնարին է:

Ադրբեջանի իշխանությունները, սակայն, պնդում են, որ ֆինանսական շուկայում կայունության հաստատումը եթե ոչ ժամերի, ապա գոնե օրերի հարց է:

«Ֆինանսական պահուստների ընդհանուր ծավալը 50 միլիարդ է», - նշում են Կենտրոնական բանկում` խոստանալով նաև արհեստական խուճապ առաջացնող գործարարների նկատմամբ կոշտ պատժամիջոցներ կիրառել: Երեկվանից արդեն իսկ 10 փոխանակման կետեր զրկվել են արտոնագրից` «մանաթի փոխարժեքը արհեստականորեն նվազեցնելու համար»:

Կենտրոնական բանկի վերջին գործողությունները լուրջ դժգոհություններ են առաջացրել նաև Ադրբեջանի խորհրդարանում` Միլի մեջլիսում: Որպես կանոն իշխանությունների բոլոր գործողությունները հավանության արժանացնող ադրբեջանցի պատգամավորները այս անգամ խիստ քննադատության են ենթարկել երկրի գլխավոր ֆինանսական կառույցի ղեկավարներին:

Միլի մեջլիսի տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Վահիդ Ահմեդովը հայտարարում էր․ - «Ամբողջ ֆինանսական դաշտը, հիպոթեկային վարկավորմամբ զբաղվող բոլոր կառույցները լուրջ կորուստներ են կրում, ինչը չի կարող չհարվածել Ադրբեջանի շարքային բնակիչների գրպանին: Ես անձամբ մի քանի օր շարունակ բանակցում էի Կենտրոնական բանկի ղեկավարության հետ, խնդրում, որպեսզի մանաթի արժեզրկումը կտրուկ կերպով չիրագործվի: Բանկի ղեկավարությունը, սակայն, խաբեց թե՛ պատգամավորներին, թե՛ ողջ ժողովրդին»:

Տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Զիադ Սամեդզադեն էլ ասում էր․ - «Նավթի գինն անկում է արձանագրում, ինչի արդյունքում Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական ինտերվենցիաների ծավալը հասնում էր 2, երբեմն՝ 2.5 միլիարդ դոլարի: Դա համարժեք է Հայաստանի ողջ պետական բյուջեին: Այսպես շարունակվել չի կարող»:

«Գներն աճում են, և մարդիկ անհանգստացած են: Կառավարությունն ու Կենտրոնական բանկը պարտավոր են հակաճգնաժամային ծրագրով հանդես գալ և հանդարտեցնել կրքերը», - նշում էր Միլի մեջլիսի անդամներից Իգբալ Աղազադեն:

Հնչող քննադատությանը Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը այսպես հակադարձեց․ - «Մի՛ մոռացեք՝ Ադրբեջանը պատերազմական վիճակում գտնվող պետություն է: Այս խնդրի շուրջ արհետսական աժիոտաժ ստեղծելու կարիք չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG