Մատչելիության հղումներ

Ուկրաինայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները մեղադրանքներ փոխանակեցին ՄԱԿ-ում


Գերմանիա - Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Պավլո Կլիմկինը Բեռլինում բանակցություններից առաջ, 12-ը հունվարի, 2015թ․
Գերմանիա - Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Պավլո Կլիմկինը Բեռլինում բանակցություններից առաջ, 12-ը հունվարի, 2015թ․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երկուշաբթի երեկոյան արտաքին գործերի նախարարները ՄԱԿ-ի սկզբունքներն ու նպատակները գնահատեցին խաղաղության և անվտանգության պահպանման հնարավորության տեսանկյունից:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ելույթում առաջարկեց ՄԱԿ-ի 1970 թվականի հռչակագրում փոփոխություն անել, մասնավորապես՝ ավելացնել «հակասահմանադրական ձևով իշխանափոխության օժանդակման անթույլատրելիության» վերաբերյալ ձևակերպում:

Լավրովը հայտարարեց, թե բոլորը պետք է ընդունեն, որ ժողովուրդներն իրավունք ունեն ինքնուրույն ընտրել իրենց ապագան:

Ռուսաստանի արտգործնախարարը, մասնավորապես, դժգոհեց, թե «անտեսանելի մեթոդներով»՝ «այնպիսին, ինչպիսին են ինքնիշխան երկրների վրա ճնշումները», Ուկրաինայում տեղի ունեցավ իշխանափոխություն: Նա Ուկրաինայում տեղի ունեցածը որակեց «հակասահմանադրական հեղաշրջում»:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինն իր ելույթում գնահատեց. - «Ռուսաստանը խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, բոլոր միջոցներով խառնվում է Ուկրաինայի ներքին գործերին, անմիջականորեն վարում է պատերազմական ագրեսիա, զավթել է ինքնիշխան Ուկրաինայի որոշ տարածքներ և քաղաքական ու տնտեսական միջոցառումներ ձեռնարկելով՝ լայնամասշտաբ քարոզչական եղանակով, առանց չափազանցության կարելի է ասել, որ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ մղում է լայնամասշտաբ պատերազմ»:

«Սարսափելի է, որ այդ խախտումներն իրագործում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունը, որը պատասխանատու է խաղաղության և անվտանգության համար», - հայտարարեց Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը:

«Ռուսաստանն անտեսում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և չի կատարում միջազգային իրավարար փաստաթղթերից բխող իր պարտականությունները, ներառյալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Բուդապեշտի հուշագիրը», - պնդեց Ուկրաինայի արտգործնախարարը:

«Անհրաժեշտ է բոլոր ուժերը գործադրել, որպեսզի պահպանվեն ՄԱԿ-ի սկզբունքները, չպետք է թույլ տալ, որ կոպիտ խախտումները մնան անհետևանք. «Վստահիր, բայց ստուգիր» կարգախոսով է պետք ստուգել: Անհրաժեշտ է, որ միջազգային իրավունքները խախտած պետությունները կանգնեն դատարանի առջև: Միջազգային պատասխանատվության հարցը պետք է լուծվի իրավախախտների նկատմամբ համակարգային պատժամիջոցների շնորհիվ», - ասաց Կլիմկինը:

Նա նաև ասաց, որ եթե ՄԱԿ-ում ժամանակին համապատասխան բարեփոխումներ լինեին, Ուկրաինայում արյունահեղություն չէր լինի:

Կլիմկինի համոզմամբ՝ Ուկրաինայի արևելքում վտանգավոր դրությունը պահանջում է կարգավորման անհապաղ միջոցներ: Ուկրաինայի արտգործնախարարը պահանջեց կասեցնել Ռուսաստանի ուժային քաղաքականությունը:

«Ռուսաստանը խախտում է Մինսկում ձեռք բերած համաձայնությունը», - շեշտեց նախարարն ու հիշեցրեց ՄԱԿ-ի խաղաղարարների վերաբերյալ ուկրաինական կառավարության ակնկալիքները: Կլիմկինը հույս հայտնեց, որ ՄԱԿ-ը չի մերժի խաղաղություն հաստատելու ուկրաինական առաջարկը:

Եվրամիության ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ արեց ընդունել բանաձև Ուկրաինայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG