Մատչելիության հղումներ

Հետապնդումները Բաքվում՝ Եվրամիության ներկայացուցչի այցին ընդառաջ


Մարդու իրավունքների հարցերով Եվրամիության ներկայացուցիչ Ստավրոս Լամբրինիդիս

Մարդու իրավունքների հարցերով Եվրամիության ներկայացուցիչ Ստավրոս Լամբրինիդիս

Մարդու իրավունքների հարցերով Եվրամիության ներկայացուցիչ Ստավրոս Լամբրինիդիսը պետք է օգտագործի իր այցը Բաքու՝ ադրբեջանցի պաշտոնյաների հետ զրույցներում լրագրողներին, իրավապաշտպաններին և քաղաքացիական ակտիվիստներին ազատ արձակելու պնդումներ ներկայացնելու համար: Այս բովանդակությամբ հայտարարություն են տարածել են Human Rights Watch և երկու այլ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ:

Եվրամիության ներկայացուցչի այցը Բաքու ադրբեջանական իշխանությունների հրավերով է: Նախատեսված են նրա հանդիպումներն իշխանությունների, նաև՝ բանտում իրենց պայքարը շարունակող լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական ակտիվիստների հետ:

Խադիջա Իսմայիլովան տուգանվեց

Եվրամիության ներկայացուցչի այցի օրն անգամ Բաքվի դատարանը չվարանեց տուգանել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային՝ նրա դեմ կիրառվող արդեն 7-րդ հոդվածով փորձելով հիմնավորել զրպարտության պնդումները: Իսմայիլովան տուգանվեց 2500 մանաթով (ավելի քան 3000 դոլարով) ֆեյսբուքյան գրառմամբ «զրպարտելու» գործով:

Իսմայիլովայի դեմ հայցի քննությունը տեղի է ունեցել բանտախցում, դատական նիստին մասնակցել են միայն նրա ընտանիքի անդամները, թեև դատավորը համարել է, թե բաց դատական նիստ է անցկացնում: Փաստաբանը լրագրողներին փոխանցել է, որ Խադիջա Իսմայիլովան ամբողջությամբ պնդելով, որ հերթական գործը շինծու է, հրաժարվել է անգամ եզրափակիչ խոսք ասելուց:

Նա պատրաստվում է դիմել Վերաքննիչ քրեական դատարան՝ Ադրբեջանի դատական ատյանները սպառելու և ի վերջո Եվրոպական դատարան դիմելու նպատակով:

Արիֆ Յունուսի կալանքը երկարեց 5 ամսով

Մինչ այդ Բաքվի դատարանն այսօր երկարաձգել է իրավապաշտպան, դավաճանության մեջ մեղադրվող Արիֆ Յունուսի նախնական կալանքը 5 ամսով: Յունուսը կալանավայրում է արդեն 10 ամիս, նախնական կալանքի տակ է նաև նրա կինը՝ հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը: Յունուսներն ու մյուս բանտարկվածներն, իրենց դեմ ներկայացրած մեղադրանքները մեկնաբանելով բացառապես քաղաքական ենթատեքստով, հրաժարվում են ցուցմունք տալուց:

Front Line Defenders իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարի Լեյլորն, անդրադառնալով Եվրամիության մարդու իրավունքների ներկայացուցչի՝ Բաքու այցին, հայտարարել է, որ պահը վճռական է Ադրբեջանի իշխանություններին հասկացնելու՝ իրավունքների սարսափելի ոտնահարման դեպքերը խոչընդոտում են Եվրամիության հետ հարաբերություններին:

Ադրբեջանի իշխանություններն արդեն 4 տարի է՝ քննադատության են արժանանում ավելի քան 30 լրագրողների, իրավապաշտպանների և ակտիվիստների նկատմամբ հետապնդումների, բանտարկությունների համար:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ այլևս Եվրամիության որևէ պաշտոնյա չպետք է այցելի Ադրբեջան, եթե այդ երկրի իշխանություններն անհապաղ ազատ չարձակեն իրենց քաղաքական և քաղաքացիական հայացքների համար բանտ տեղափոխվածներին:

2014 թվականի սեպտեմբերին Եվրոպական խորհրդարանն ընդունել էր բանաձև՝ «Ադրբեջանում իրավապաշտպանների հետապնդումների վերաբերյալ»։ Դեռևս 5 ամիս առաջ էր եվրոպական կառույցը պահանջել էր ազատ արձակել ադրբեջանցի լրագրողներին, քաղաքացիական ակտիվիստներին և իրավապաշտպաններին:

XS
SM
MD
LG