Մատչելիության հղումներ

Ընդդիմության ապաքինումը կարճ ժամանակի հարց է. Լևոն Զուրաբյան


Ընդդիմության ապաքինումը կարճ ժամանակի հարց է. Լևոն Զուրաբյան
please wait

No media source currently available

0:00 0:05:12 0:00

Ընդդիմության ապաքինումը կարճ ժամանակի հարց է. Լևոն Զուրաբյան

Այսօր ընդդիմությունը մի քիչ կաղ է, սակայն պետք չէ ոգևորվել, ցույց տալով ձեռնափայտը՝ կատակեց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ներկայացնելով կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագիծը:

«Ընդդիմությունը մի քիչ թոփալ է, և ձեզանից շատերը ոգևորվել են այդ առթիվ՝ մտածելով, թե ձեր սասանվող իշխանությունը մի քիչ ամրապնդվել է։ Բայց ես գիտեմ նաև, որ ձեր միջի ամենախելացի մարդիկ շատ լավ էլ հասկանում են, որ ընդդիմության ապաքինումը ընդամենը կարճ ժամանակի հարց է, մինչդեռ երկիրը շարունակում է իր գահավիժումը դեպի անդունդ, քանի որ հիվանդ է մեր ամբողջ քաղաքական համակարգը»,- ասաց Զուրաբյանը։

Դեռ անցած տարվա հոկտեմբերին պատգամավորների մեկ երրորդի նախաձեռնությամբ օրակարգ մտած փաստաթուղթը միայն այսօր սկսեց քննարկվել խորհրդարանում։ Մինչ այդ կառավարման ճգնաժամի քննարկմանը հերթ չէր հասնում, քանի որ իշխող մեծամասնությունը հրատապ ճանաչված այլ օրինագծեր էր քննարկման դնում և դուրս էր թողնում եռյակի նախագիծը։ Ձգձգումները որակելով անօրինական՝ Լևոն Զուրաբյանը նկատեց՝այսօր Հայաստանի անվտանգությանը սպառնացող կառավարման ճգնաժամը էլ ավելի է խորացել:

«Հանրությունը ականատես դարձավ իշխանությունների աղետալի անկարողությանը հստակորեն արձագանքելու այնպիսի ճգնաժամային իրավիճակների, ինչպիսին էին դրամի փլուզումը և անկառավարելի գնաճը, Գյումրիում կատարված սպանության հետ կապված դեպքերը և իշխանություն-ընդդիմություն, իսկ ավելի ճիշտ կլիներ ասել՝ իշխանություն-ժողովուրդ ահագնացող հակամարտությունը»,- ասաց պատգամավորը։

Կառավարման ճգնաժամի մասին Ազգային ժողովի հայտարարության քննարկումն անցավ փաստաթղթի հեղինակներից Նաիրա Զոհրաբյանի, ինչպես նաև ԲՀԿ ողջ խմբակցության բացակայությամբ: Դեռ առավոտյան Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք բոյկոտում են այս քառօրյան՝ հաշվի առնելով ներքաղաքական աննախադեպ իրավիճակը: «Բարգավաճ Հայաստանի» բացակայությունը մատնանշելով՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ ճգնաժամ կա, սակայն ոչ իշխանական թևում։

«Ճգնաժամը ընդդիմության մի հատվածի կամ ընդդիմության և ոչ իշխանական ուժերի ճգնաժամ է։ Մի քաղաքական ողջ խմբակցությունը, որը իբր ձեզ հետ ստորագրել էր կառավարման ճգնաժամի հարցը քննարկելու, այսօր ձեզ հետ չէ, ձեր գաղափարները չի կիսում։Նրանց բացակայությունը խոսում է դրա մասին»,- ասաց Շարմազանովը։

Լևոն Զուրաբյանը մինչդեռ ԲՀԿ խմբակցության այսօրվա բոյկոտը և վերջին ճնշումները համարեց հենց խորացող կառավարման ճգնաժամի վառ արտահայտություն: ԲՀԿ-ի դեմ իրականացվողը, ըստ Զուրաբյանի, ահաբեկչություն է, որը տեղի է ունենում Սերժ Սարգսյանի դիրիժորությամբ:

«Դուք հիմա հրճվում եք, որ կարողացաք ահաբեկչական հարվածներով խաղից դուրս հանել ԲՀԿ-ին և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ չհասկանալով, որ հենց այդ պետական ահաբեկչությունը երկրի առաջատար ուժերից մեկի դեմ և նրանց այսօրվա բացակայությունը ԱԺ դահլիճում ամենալավն է վկայում, թե ինչ խորը ճգնաժամի մեջ է մեր քաղաքական համակարգը և պետական կառավարումը»,- ասաց Զուրաբյանը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ճգնաժամ կա իհարկե, սակայն այդ ճգնաժամն առկա է վերջին 20 տարիներին: Երկու տասնամյակ է ընդդիմությունը խոսում է իշխանափոխությունից, ինչը սակայն տեղի չի ունենում:

«Հայաստանում ևս 20 տարի չի լինի իշխանափոխություն, քանի դեռ երկրում չի ձևավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն»,- ասաց Փաշինյանը։

Պետք է վերջ տալ սուպեր լիդերների ինստիտուտին և անցնել սուպեր թիմերի, հայտարարեց Փաշինյանը.- «Մենք ունենք մի շատ վճռական բան, որ վերջին 20 տարիների ընթացքում գրեթե 100 տոկոսով աշխատել է, որ վճռական պահին էդ սուպեր լիդերի ծնկները ծալվել են, էդ սուպեր լիդերը գրեթե միշտ լիազորություն է ունեցել 100 հազար մարդու փոխարեն որոշում կայացնելու։ Ու ոչ ոք հետո չի ասել՝ բայց դու ո՞վ ես, որ էդ որոշումը կայացնես, քեզ ինչի՞ տեղ ես դրել, դու царь и бог ես, դու Աստվա՞ծն ես, որ էս ժողովրդի ճակատագիրը որոշես՝ «էսօր անում եմ հանրահավաք, էսօր չեմ անում»... դու ո՞վ ես ընդհանրապես»։

Ավելի վաղ տապալվել էր Նիկոլ Փաշինյանի հեղինակած՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին որոշման նախագիծը, որ բուռն քննարկում էր ունեցել ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում և դրական եզրակացություն չէր ստացել։ Այն քառօրյայի մեկնարկին քննարկման դրվեց, սակայն միայն չորս պատգամավոր կողմ արտահայտվեց։ Իշխանափոխությունից խոսող ՀԱԿ խմբակցության ղեկավարը՝ Լևոն Զուրաբյանը փաստաթուղթը թույլ համարեց՝ հայտարարելով, որ խմբակցությունը չի քվեարկի։

«Գործընթացը ոչ քաղաքական, ոչ իրավական առումով նախապատրաստված չէ և նման թույլ փաստաթղթին աջակցելը մեծ նվեր կլիներ Սերժ Սարգսյանին՝ ստեղծելով տպավորություն, թե իբր պաշտոնանկության որևէ լուրջ հիմք չկա»,- ասաց Զուրաբյանը։

Նախագծին կողմ քվեարկած չորս պատգամավորներից Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարեց.- «Սերժ Սարգսյանին սպասում են ոչ միայն Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, այլ Արթիկում, Կոշում...»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG