Մատչելիության հղումներ

Թամանյանի նախագծած շենքը կդառնա բազմահարկ հյուրանոց


Թամանյանի նախագծած շենքը կդառնա բազմահարկ հյուրանոց
please wait

No media source currently available

0:00 0:04:01 0:00

Երևանի փոքր կենտրոնում առաջիկայում վեր կխոյանան ևս երկու էլիտար բարձրահարկեր․ մեկը այլևս գոյություն չունեցող Աֆրիկյանների շենքի տեղում, մյուսը՝ անմիջապես դրա հարևանությամբ՝ Պուշկինի 25 հասցեում Ալեքսանդր Թամանյանի նախագծած շենքի վրա:

Տարածքում վերջին օրերին շինարարական եռուզեռ է․ թամանյանական շենքը դառնալու է 2 ստորգետնյա և 17 վերգետնյա հարկերով հյուրանոցային համալիր:

Շինարարության պատասխանատուները խոստանում են էլիտար շենքը կառուցել առանց ձեղնահարկը վնասելու, թեպետ նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ այն Թամանյանի նախագծի հետ ձեղնահարկը որևէ կապ չունի․ - «Դա ավելացվել է Թամանյանից հետո: Առաջին օրինակում նույնիսկ ես փորձեցի մանսարդային հարկն էլ հանել, այսինքն վերականգնել Թամանյանի․․․ հին տարբերակը, բայց կարծիք հայտվեց, որ ժողովուրդը սովոր է տեսնել այդ մանսարդային հարկը: Դրա համար նախագծում մենք նույն ձևի այդ մանսարդային հարկը պահպանեցինք: Շենքը ֆիզիկական առումով գտնվում է շատ վատ վիճակում»:

Եթե շենքը վթարային է և դրա ֆիզիական գոյությունն անգամ հարցականի տակ է, արդյո՞ք այն ի վիճակի կլինի իր վրա կրել ևս 17 հարկ: Ճարտարապետն այս հարցին հստակ չի պատասխանում, պնդում է՝ բազմահարկ շենքերը նոր չբուսնեցին, այլ խորհրդային տարիներին: Առաջին ինքն ուրախ կլիներ Երևանում տեսնել միայն 5 հարկանի թամանյանական շենքեր․ - «Եթե նա քաղաքաշինորեն ոչ մի բանի չի խանգարում, ես՝ որպես մասնագետ, ճարտարապետ, գտնում եմ, որ ուզում են 17 դնեն, ուզում են 24 դնեն, ուզում են 30 դնեն, ուզում են 50 դնեն»:

Հողն, ի վերջո, փող է, իսկ կենտրոնում այդ հողի գինը տարեցտարի աճում է , ուստի ներդրողները շահագրգռված չեն բազմահարկ շենքեր կառուցել արվարձաններում:

«Ամբողջ բիզնեսը, ամբողջ կյանքը ակտիվացած է այդ կենտրոնում, ու այդ կենտրոնում հողերի հանդեպ վերաբերվել շատ շռայլորեն․․․ չի լինի: Հյուրերը երբ որ գալիս են, հյուրը չի գնալու Ավանում հյուրանոցում ապրի, հետո տրանսպորտով․․․ Նա քաղաքի կենտրոնում հյուրանոցից դուրս եկավ, ոտքը գցեց, պետք է հայտնվի փոքր կենտրոնում»:

Զբոսաշրջությունը զարգացնող Հայաստանում տարեցտարի վերանում են հին Երևանի վկայությունները: Վարդանյանը կարծում է, որ միայն հին շենքերով չէ, որ պետք է հիանա զբոսաշրջիկը․ քաղաքը պետք է նաև հարմար լինի: «Ես քաղաքը կառուցում եմ ոչ թե մասնագետների գնահատականների, այլ իմ համաքաղաքացիների համար», - ասում է ճարտարապետը:

Թամանյանական շենքի վրա բարձրահարկ հյուրանոցի կառուցման հարցում շարքային երևանցիների կարծիքները, ըստ «Ազատության» անցկացրած հարցախույզի, տարբեր են․ կան և՛ հինը պահպանելու, և՛ նորը կառուցելու կողմնակիցներ: Փոքր-ինչ ավելի շատ են, այդուհանդերձ, Երևանի հին դեմքից մնացած քիչը պահպանելու կողմնակիցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG