Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրիում վիրահատված 6-ամյա Հասմիկի վիճակը մոր կարծիքով էականորեն չի բարելավվել


Գյումրու հիվանդանոցում 4 ամիս առաջ վիրահատված 6-ամյա Հասմիկը, ծնողների խոսքով, մինչ օրս չի կարողանում նախկինի պես քայլել, շփվել, խնդիրներ ունի հիշողության հետ: Երեխայի նշիկների վիրահատությունը մի քանի ժամ էր տևել, արդյունքում նրան Երևան էին տեղափոխել՝ ուղեղի թթվածնային քաղցով, ցնցումներով ու ծակված թոքով:

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանն «Ազատությանն» ասաց, որ երեխան իրենց հիվանդանոց է մտել ծայրահեղ ծանր վիճակում:

«Զուգահեռ նկատվել են նևրոլոգիական սիմպտոմներ, նաև ունեցել է ձախակողմյան ցնցումներ և ձախ ոտքի և ձեռքի շարժումների սահմանափակում», - «Ազատտության» հետ զրույցում ասաց Աննա Չոբայնաը:

4 ամիս առաջ տեղի ունեցած դեպքին, առողջապահության նախարարությունն արձագանքեց միայն մամուլի հրապարակումներից հետո: Պաշտոնապես հայտարարվեց, որ Երևանում երեխային զննել են հանրապետության առաջատար մասնագետներն ու վիճակը գնահատել բավարար: Հարազատների պնդումները, թե երեխայի առողջությունը վնասվել է բժշկական սխալի արդյունքում՝ երևանյան մասնագետները չեն հաստատել: Ավելին՝ պնդել են, թե Գյումրիի գործընկերները ցուցաբերել են ոչ միայն մասնագիտական, այլ նաև բարոյական աջակցություն։

Երեխայի տատն ու մայրը պատմում են, որ բարոյական աջակցություն չեն զգացել, անեսթեզիոլոգն ընդամենը ժամանակ առ ժամանակ անվճար դեղեր է տրամադրել, այն էլ՝ լավության կարգով:

«Դեղը ինքն առել է 10 հատ ու տվել է հարսի ձեռքը ու թևից էլ շպրտել է, թե գնա, գնա, որ ձեն չհանի: Ասել է՝ ոնց լրագրողների հետ էդ ճաշը եփել եք, էդպես էլ էդ ճաշը կերեք: Էլ իմ բոլորս չգաք, ինձնից բան չպահանջեք, ես ձեզի չեմ ճանաչում, դուք էլ՝ ինձ», - ասաց Հասմիկի տատը:

Թեև երևանյան բժիշկները երեխայի վիճակը գնահատել են բավարար, բայց գերազանց գնահատականներով սովորող Հասմիկն առայժմ դպրոց չի գնում: Մասնագիտական եզրակացության համաձայն, երեխան չունի նաև օրթոպեդիկ կոշիկի կարիք:

Երեխայի տատը զարմանում է, ինչպե՞ս չունի դրա կարիքը, եթե երեխան դժվարանում է ձախ ոտքով քայլել:

«Ոտքը օրթոպետիկ կոշիկ է հագնում, ճիշտ է, թևը շարժում է, բայց ուսը կախ է, թևը բարակ, չի օգտագործում որպես իր ձեռքը: Քայլելուց մեկ էլ տեսար կգնա ձախ կողմի ու կընկնի: Մինչև անգամ սեղանին դանակը դրած վերցնում է, ասում է՝ տատ, ինչ կեղնի, որ թևս կտրեմ», - պատմեց Հասմիկի տատը:

Երեխայի հարազատները չեն հավատում Երևանում անցկացված կոնսիլիումի արդյունքներին և կատարվածի համար մեղադրում են անեսթեզիոլոգին:

Սովորականից երկար շարունակված վիրահատությունից հետո բժիշկները իրարամերժ տեղեկություններ են տվել: Վիրահատող բժիշկը, ըստ հարազատների, ասել է, թե խնդիրներ են առաջացել անեսթեզիոլոգի պատճառով․ սարքը չի աշխատել: Հիմա, սակայն, բժիշկը հերքում է, թե նման բան է ասել: Անեսթեզիոլոգ Աշիկ Դալիբալդյանն էլ պնդում է՝ բարդությունները ի հայտ են եկել երեխայի օրգանիզմի առանձնահատկության պատճառով:

«Ով իմանա, թե հիվանդը ինչ անատոմիական կառուցվածք ունի, ինչպիսի շնչառական համակարգ ունի, կամ թոքային համակարգ ունի, կամ թոքային համակարգում կարող է ինչ-որ բուլաներ ունի, տակի խոռոչները, որոնց պատերը ավելի բարակ են, դրանք պրակտիկորեն գտնել, հետազոտել հնարավոր չէ», - ասաց Աշիկ Դալիբալդյանը:

Չնայած կասկածներին՝ հարազատները իրավապահներին դիմել չեն պատրաստվում: Թերահավատ են, որ բժշկական հանձնաժողովում փորձաքննության ժամանակ գործընկերներից մեկը մյուսի սխալը կհաստատի:

«Ես իմ առողջ երեխային եմ ուզում», - ասում է Հասմիկի մայրը՝ Լիանա Մարտիրոսյանը, - «Ես չգիտեմ իրենք ինչ են տարածել, բայց ես եմ անընդհատ երեխայի հետ, տեսնում եմ՝ ինչ է կատարվում: Ինձ իրենց ոչ մի բանը պետք չէ, ես պահանջում եմ իմ երեխային առողջ, որ ես տվել եմ իրենց: Հիմա իմ երեխան այնպիսի տարօրինակ բաներ է անում, որ իրենք ասում են՝ լրիվ նորմալ է»:

XS
SM
MD
LG