Մատչելիության հղումներ

Եվս երկու ազատամարտիկներ վերադարձրին իրենց պարգևները


Լեռնային Ղարաբաղն ազատագրած ևս երկու ազտամարտիկներ՝ Պավել Մանուկյանն ու Արմեն Լամբարյանը, այսօր վերադարձրին իրենց 11մարտական մեդալները։ «Հիմնադիր խորհրդարանի» համակիրները այսքայլը պատճառաբանում են հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած հայտնի միջադեպով։ Պատերազմական թոհուբոհի միջով անցած Մանուկյանի կարծիքով, տեղի ունեցածը հարված էր հայ ժողովրդի արժանապատվությանը։

«Եթե նույն մետաղը, նույն պարգևը կարող է կրել և ավազակը, և զինվորը նույն ազգի արդեն անհամատեղելի է: Ով սա ոտնատակ է արվում արդեն ավազակի կողմից, բնականաբար, գոնե մենք ինքնամաքրման ժամ ունենք», - ասաց ազատամարտիկը:

Մանուկյանը վստահ է՝ իրենց օրինակին շուտով կհետևեն նաև այլ ազատամարտիկներ։ Բերձորի միջադեպն ըստ նրա իշխանությունների կողմից ծրագրված սադրանք էր, որտեղ բոլորը հստակ գիտեին իրենց անելիքը։ Մանուկյանը դրա մասին գլխի է ընկել ոստիկանների հետ շփման ժամանակ։

«Նրանցից բարձրաստիճաններից մեկը ասում է՝ ձեր տղաներից մեկը ինձ մորով ա ուշունց տվալ: Նրան հարցնում եմ, թե որ մեկը, մեր տղաներից ոչ մեկն այդպիսին չէ: Ասում է՝ կարո՞ղ ա մտածում եք մենք սուտ ենք ասում, թուրք են ասել մեզ: Այսինքն նախօրոք իրենց արածին համարժեք պատասխանը իրենց գրպաններում էր», - ասաց Պավել Մանուկյանը:

5 մարտական մեդալներից հրաժարվող Արմեն Լամբարյանն էլ անիմաստ է համարում կրել այն իշխանության պարգևները, որն ըստ նրա ստորացնում ու նվաստացնում է սեփական ժողովրդին։

Ազատամարտիկների խոսքով Բերձորում ոստիկանները ոտքով հարվածում էին ոչ թե իրենց, կանանց կամ երեխաներին, այլ հենց այս վաստակած մեդալներին։

«Եթե իրենց քաղաքական ծարավը կարող են հագեցնեն ազգային արժեքներ նսեմացնելու նվաստացնելու համար, էս մեդալը ինձ ընդհանրապես պետք չի»,- ասաց Արմեն Լամբարյանը:

Բերձորյան միջադեպից հետո սա արդեն մեդալները վերադարձնելու 4-րդ դեպքն է։ Փետրվարի սկզբին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Իգոր Մուրադյանը հանձնեց ԼՂ նախագահի կողմից ստացած Մեսրոպ Մաշտոց շքանշանը։ Մի քանի օր անց նրա օրինակին հետևեց նաև ազատամարտիկ Ապրես Զոհրաբյանը՝ ԼՂ իշխանություններին վերադարձնելով մարտական պարգևները։

ԼՂ ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ բերձորյան միջադեպի շուրջ ծառայողական քննությունը շարունակվում է: Ավտոերթի մասնակիցների նկատմամբ բռնությունների ու մեքենաները վնասելու փաստով գործ դեռ չի հարուցվել: Քրեական գործ հարուցվել է միայն երկու արցախցիներին ծեծի ենթարկելու և նրանց մեքենաները վնասելու փաստով: Ոստիկանության խոսնակ Ֆելիքս Հարությունյանի խոսքով, վերջիններս բռնության են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» հետ ընդհարման ժամանակ:

Հարությունյանը փոխանցեց, որ գործ է հարուցվել Ղարաբաղի շարքային քաղաքացիներին, ոչ թե ոստիկաններին ծեծ ենթարկելու փաստով:

XS
SM
MD
LG