Մատչելիության հղումներ

Պորոշենկոները պայմանավորվել են, որ կինը չի շնորհավորի փետրվարի 23-ը


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և կինը՝ Մարինան, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և կինը՝ Մարինան, արխիվ

Իսկ Խարկովում այսօր սուգ է՝ Միասնության երթի ժամանակ պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կնոջ հետ պայմանավորվել է, որ նա այսօր իրեն չի շնորհավորի նախկին խորհրդային երկրներում ընդունված «տղամարդկանց տոնի» կապակցությամբ:

Պետրո Պորոշենկոն ֆեյսբուքյան գրառմամբ դժգոհել է, որ կանայք այս օրը սովորույթի ուժով են շնորհավորում տղամարդկանց՝ հիշելով խորհրդային զինվորի օրը:

Ուկրաինայի նախագահը, հանրայնացնելով իր ընտանեկան պայմանավորվածությունը, բացատրել է, որ ամեն մեկն ազատ է որոշումներ կայացնելիս, բայց, ըստ Պորոշենկոյի, պետականորեն անիմաստ է դարձել փետրվարի 23-ը նշելը: Նա հիշեցրել է, որ կառավարությունը որոշել է Ուկրաինայի պաշտպանության օրը նշել հոկտեմբերի 14-ին: Պետրո Պորոշենկոն ասել է, որ կինն իրեն շնորհավորելու է հենց հոկտեմբերի 14-ին, և հույս է հայտնել, որ իր ընտանիքի օրինակին կհետևեն նաև ուկրաինական մյուս ընտանիքները:

Փետրվարի 23-ը Ռուսաստանում այսօր էլ նշում են որպես Հայրենիքի պաշտպանի օր: Այս օրը տոն էր հռչակել խորհրդային Ռուսաստանը 1922 թվականին՝ որպես Կարմիր բանակի և նավատորմի օր: Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո էլ ԱՊՀ-ի երկրներում մնաց փետրվարի 23-ը նշելու սովորույթը՝ որպես տղամարդկանց շնորհավորելու առիթ, ինչը, ըստ Ուկրաինայի նախագահի, փաստորեն կորցրել է իր հմայքը:

Նախքան փետրվարի 23-ի վերաբերյալ Պորոշենկոյի հայտարարությունը, երեկ արդեն որոշում կար, որ երկուշաբթի Խարկովում սգո օր է՝ Միասնության երթի ժամանակ որոտացած պայթյունի հետևանքով զոհված երկու քաղաքացիների հիշատակին: Երեկ ևս ավելի քան 10 մարդ է վիրավորվել այդ պայթյունի հետևանքով:

Քաղաքացիները Միասնության երթ էին կազմակերպել Եվրամայդանի՝ պաշտոնական տվյալներով 100 զոհերի հիշատակին:

Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության հոդվածով: Պայթյուններն իրականացնելու մեջ մեղադրվող չորս անձ ձերբակալվել է:

Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է հակաահաբեկչական գործողություններ նախաձեռնելու անհրաժեշտության մասին:

Ուկրաինայում հրադադարի ռեժմի խախտումներ արձանագրվեցին կրակը դադարեցնելու վերաբերյալ «նորմանդյան քառյակի» համաձայնությունից հետո: Թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կողմերը հայտարարում են սահմանից ծանր զինտեխնիկան հետ քաշելու մասին, սակայն հրադադարի խախտումների վերաբերյալ տեղեկատվության հոսքը չի դադարում:

XS
SM
MD
LG