Մատչելիության հղումներ

Լրացավ Ավետիսյանների ընտանիքի սպանության 40-րդ օրը


Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից 40 օր է անցել: Այսօր նրանց տան մոտ հավաքված հարազատները բողոքում էին, որ սպանդից 40 օր անց էլ, ըստ էության, որպես նաև տուժողի իրավահաջորդներ որևէ հարցի պատասխան չեն ստացել:

«Հետևում ո՞վ է կանգնած: Ստույգ գիտենանք, որպեսզի մենք էլ մեզ համար ամեն ինչ վերջանա, թեպետ մոռանալու բան չէ, գոնե մեր տները հանգիստ նստենք: Էսօրվա դրությամբ ոչ մեկս հանգիստ չենք, որովհետև չգիտենք, թե ով է կանգնած սրա հետևում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ իրավահաջորդ ճանաչված Ռիտան:

Նա ասաց, որ եթե մոտ ժամանակներս ստույգ պատասխան չստանան, ազգակիցներով «միտինգներ» կանեն:

«Եթե մեր Սերժը [Սարգսյան] մեր կողքը չէ, որ կանգնի գոնե էս վերջին օրը մի բան ասի: Մենք էլ ինչի համար ենք էս երկրում ապրում, որ չկարողանա՞նք տներում հանգիստ քնենք», - ասաց Հասմիկ Ավետիսյանի մյուս քույրը՝ Մարիամը:

Հունվարի 12-ին սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը նաև նշեց, որ առայժմ իրենց չեն հարցաքննել:

Ավետիսյանների ազգականները ասացին, թե չեն հավատում, թե մեկ զինվորը կարող էր նման սպանդ իրականացնել․ - «Զինվոր մարդ, պետության ձեռքի մարդ: Դուք ի՞նչ կարող եք անել, որ էդ երեխան աներ՝ ոչ մի բան: Որպես չուչել բերին գցին երեխուն: Ինչեր են սրսկել, ո՞վ գիտի: Էդ 18 տարեկան երեխեն չէր կարող անի: Սա հեքիաթ է»:

Հարազատները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ պատրաստվում են նստացույց ու հացադուլ հայտարարել Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի մոտ: Նրանցից ոմանք այսօր առաջին անգամ կարողացան Ավետիսյանների տուն մտնել: Ավետիսյանների ընտանիքի նկարներն ու տան փոքրիկների մի քանի իրեր վերցրին:

Ավետիսյանների տնից հարազատներն ուղևորվեցին «Շիրակ» գերեզմանատուն, որ ամփոփված էին Ավետիսյանների ընտանիքի աճյունները:

Մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, մարզից ընտրված Ազգային Ժողովի պատգամավորներ էին մասնակցում գերեզմանատանը մատուցված հոգեհանգստի կարգին: ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն, ով վերջերս եղել էր Ռուսաստանում և հանդիպել Պետդումայի պատգամավորներին, ասաց, որ ռուսական կողմը մտադրություն չունի Պերմյակովին հայ իրավապահներին փոխանցելու:

«Պատասխանը, ցավոք, բացասական է եղել, որ պատրաստ չեն հանձնելու, բայց պատրաստ են քննչական համատեղ գործողությունները, դատավարությունը Հայաստանում իրականացնելու, իսկ թե պատիժը կոնկրետ որտեղ է կրելու, էդ առումով հստակ պատասխան չտրվեց», - ասաց Մարտուն Գրիգորյանը:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ասաց, որ իշխանություններն ի զորու չեղան պաշտպանելու Հայաստանի քաղաքացու շահերը, ուստի մնում է, որ հրաժարական տան:

«Դատելով մարդկանց տրամադրություններից՝ իսկապես ինչ-ինչ զարգացումներ պիտի լինեն: Սա ենք հասկանում: Եթե իսկապես հարազատներն են հացադուլի, նստացույցի խոսակցություն բացում, ուրեմն ինչ-որ բան լինելու է՝ չգիտեմ ինչ, չգիտեմ երբ, բայց իշխանությունը ցույց տվեց, որ ինքը իշխանություն չէ, ուրեմն մի բան լինելու է», - ասաց Բարսեղյանը:

Ակտիվիստներից էլ Կարեն Պետրոսյանը հավելեց, թե սխալվում են բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե մարդիկ հաշտվել են․ - «Գյումրիում խմորումներ են, և էնպես չէ, որ մարդիկ հաշտվել են էս ամեն ինչի հետ, առավել ևս՝ հարազատները: Իրենք, կարծում եմ, վերջնականապես համոզվեցին, որ շատ լուրջ քողարկում է, և անտերության մթնոլորտ է էս գործի շրջանակներում»:

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի մանրամասներն՝ այստեղ:

XS
SM
MD
LG