Մատչելիության հղումներ

Իշխող Հանրապետականի անդամ Սյունիքի մարզպետ, Կանադայում գրանցված, բայց Հայաստանում անհայտ կազմակերպության կողմից դոկտորի կոչում ստացած Սուրիկ Խաչատրյանը մտադիր է կրկին կառավարել Գորիսի պետական համալսարանի խորհուրդը։

Այս մասին «Ազատությանը» փոխանցեց բուհի ռեկտոր Յուրա Սաֆարյանը, ում խոսքով, մարզպետը պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանի միջոցով իրեն է փոխանցել խորհրդի նիստ հրավիրելու ու քվեարկության արդյունքում այդ պաշտոնն իրեն հանձնելու առաջարկը։

«Իհարկե չէ, ոչ համաձայն եմ, որ մարզպետ լինի, ոչ էլ՝ խորհրդի նախագահ: Իր ոչ կրթական ցենզն է հերիքում մարզպետի պաշտոնում մնալու համար, ոչ էլ ինտելեկտը», - ասաց Յուրա Սաֆարյանը:

Մարզպետ Սուրիկ Խաչատրյանն «Ազատության» հեռախոսազանգին ի պատասխան հայտարարեց, թե ժամանակ չունի մեզ հետ խոսելու։

Փաստորեն, մեկուկես տարի առաջ իր տան մոտ արյունալի միջադեպից հետո մարզպետի պաշտոնից ազատված, այդ ընթացքում էլ բուհի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից զրկված, ըստ մարզպետարանի կայքի՝ պատմափիլիսոփայության դոկտոր Խաչատրյանը մարզպետի աթոռին հայտնվելուց հետո հավակնություններ ունի իրեն դրսևորելու նաև կրթության ու գիտության ոլորտում։

Խաչատրյանին խստորեն քննադատող բուհի ռեկտորը մինչդեռ պնդում է, որ քանի դեռ Կրթության և գիտության նախարարությունից պաշտոնական գրություն չի ստացել, խորհրդի նիստ չի կարող հրավիրել։

«Կարգն է այդպիսին», - հավելեց ռեկտորը՝ մանրամասնելով, որԽաչատրյանին առաջին հերթին կառավարությունը պետք է հաստատի խորհրդի անդամի կարգավիճակում, հետո արդեն խորհուրդը նիստ պետք է անի՝ փակ, գաղտնի քվեարկություն անցկացնելով։

«Եթե ինքը եղավ խորհրդի նախագահ, իմ աշխատելը այստեղ բացարձակ իմաստ չունի: Էդպես է, ես պարզապես իմ իրավունքների համար եմ ուզում պայքարեմ, ոտնահարված չլինեմ, թե չէ, այնպես չէ, որ ես անպայման ուզում եմ ռեկտոր լինել», - ընդգծեց Յուրա Սաֆարյանը:

2013 թվականին իր տան մոտ որդու ու թիկնապահի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի միջադեպից հետո Սուրիկ Խաչատրյանը դադարել է համալսարանի խորհրդի անդամ լինելուց։ Կառավարության որոշմամբ նրան այդ պաշտոնում փոխարինել է Վահե Հակոբյանը, ով այդ ընթացքում նաև Սյունիքի մարզպետն էր։

Գորիսի պետհամալսարանը 25 տարի ղեկավարող Սաֆարյանը չի բացառում, որ բուհի խորհրդի անդամ դառնալուց հետո Սուրիկ Խաչատրյանը կդառնա նաև նույն խորհրդի նախագահը։

«Բնական է, ցավով կհեռանամ, մյուս կողմից էլ, եթե նման տիպի մարդուն պետք է հաշվետու լինեմ, իմաստը ո՞րն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց բուհի ռեկտորը:

Գորիսի պետհամալսարանի ռեկտորին չի գրավում անգամ Խաչատրյանի՝ աղմկահարույց գիտական կոչումը։

Սյունիքի մարզպետն, ըստ էության, պատմափիլիսոփայական գիտությունների միակ դոկտորն է Հայաստանում։ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը, սակայն, նրան նման գիտական աստիճան չի շնորհել։ Մարզպետի կենսագրականում նշվում է միայն, որ 2014 թվականին ներկայացրել է «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» թեմայով դոկտորական ատենախոսություն Կանադայի տեղեկատվայնացման միջազգային ակադեմիայում և ստացել պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում։

Սաֆարյանը չի հավատում այդ կոչմանը։ Փոխարենը, օրինակ է բերում իր աշխատակազմին՝ 10 դոկտոր պրոֆեսորներին, 30 գիտությունների թեկնածուներին և խոստումնալից ապագայով երիտասարդ կադրերին։ Սուրիկ Խաչատրյանն իրենց պետք չէ:

«Ֆալշ մի թուղթ են տվել։ Իրեն էլ են, ճիշտն ասած, երևի խաբել, որովհետև այդ կազմակերպությունը որ նման թուղթ է տվել, այդ լիազորությունը չունի: Եթե արտասահմանյան դոտկոր եք որևէ համալսարանի, պետք է այնտեղ որոշակի կուրս անցնեք՝ 2-3 տարի, որից հետո․․․ Իսկ դա մի կանադական հասարակական կազմակերպություն է: Ես կասկածում եմ, որ նա որևէ լիազորություն ունի նման բան անելու», - ասաց Գորիսի համալսարանի ռեկտորը:

Գորիսի պետհամալսարանի կառավարման խորհրդի նախագահ, հանրապետական Վահե Հակոբյանն օրվա ընթացքում այդպես էլ չարձագանքեց բուհի խորհրդի նախագահի պաշտոնը ևս վերցնելու՝ Սուրիկ Խաչատրյանի մտադրությանը։

XS
SM
MD
LG