Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն չեն արձագանքում Հովհաննիսյանի հայտարարությանը, թե եռյակ գոյություն չունի


Րաֆֆի Հովհաննիսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան
Րաֆֆի Հովհաննիսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան

Հայ ազգային կոնգրես և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները դեռևս չեն շտապում արձագանքել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե «Եռյակը այլևս գոյություն չունի»: Երեկ Ազատության հրապարակում Հովհաննիսյանն ասաց, թեպետ իրենք չէ, որ դուրս են եկել դաշինքից, այդուհանդերձ, «Ժառանգությունը» չի փակում համագործակցության դռները՝ այդ թվում և հանրահավաքից հրաժարված «Բարգավաճ Հայաստանի» առջև:

ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանն «Ազատությանը» փոխանցեց, որ զերծ կմնա իր անձնական գնահատականը հնչեցնելուց, քանի դեռ չկա ԲՀԿ-ի կողմից պաշտոնական դիրքորոշում «Ժառանգության» հայտարարության վերաբերյալ:

«Այս օրերին այնքան շատ են տեղեկատվական հոսքերը, այնքան շատ տեղեկատվություն ենք ստանում տարբեր ուժերից, քաղաքական ներկայացուցիչներից և ընդհանրապես, մարդկանցից, որ այս պահին գնահատականներ տալուց ես զերծ կմնամ: Երևի մի քանի օր հետո ամեն ինչ կընկնի իր տեղը և ավելի հստակ պատասխաններ կհնչեն բոլոր ուղղություններով», - ասաց Բաբայանը հավելելով, որ ԲՀԿ-ի ներսում այս ամենի շուրջ կոնկրետ վերլուծություն չի եղել:

ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ փոխանցեց, որ ցանկություն չունի մեկնաբանել որևէ մեկի հայտարարությունը և հորդորեց հետևել իրենց հետագա գործողություններին:

«Այսուհետ հորդորում եմ հետևել մեր գործողություններին, մասնավորապես՝ իմ, քանի որ մեկ շաբաթից ավել է ես անընդմեջ գրեթե միայնակ մեկնաբանում եմ, պատասխանում եմ բացառապես բոլոր հարցերին, բայց, թվում է, թե ոչ բոլորն են ուզում հասկանալ այն, ինչ ուղիղ տեքստով ասվում է: Պարոն Հովհաննիսյանի արտահայտությունների հետ կապված դիմեք, պարոն Հովհաննիսյանին, ես չունեմ ցանկություն որևէ մեկի խոսակցությունները կամ մտքերը մեկնաբանել», - ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Հայ ազգային կոնգրեսից Լևոն Զուրաբյանը ևս հրաժարվեց այս պահին որևէ մեկնաբանություն անել Հովհաննիսյանի հայտարարության վերաբերյալ՝ ասելով, որ առանց կոնսուլտացիաների նման հարց չի լուծվում․ նախ գործընկերների հետ պետք է խոսել, նոր հասակնալ՝ ինչ անել:

Զարուհի Փոստանջյանը «Ազատության» հետ զրույցում, այդուհանդերձ, շեշտեց, որ խորհրդարանական այդ փոքր միավորը չկարողացավ այդպես էլ համալիր համակարգային իշխանափոխություն իրականացնելու հայտ ներկայացնել: Ու չնայած ստեղծված անորոշ ներքաղաքական իրավիճակին, Փոստանջյանը վստահեցրեց, որ «ժառանգությունը» շարունակելու է պայքարը:

«Եթե դուք գործընկեր եք որոշում եք կայացնում միասին, որոշումն ընդունվում է կոնսենսուսով և այդ որոշումից մի օրվա, մի գիշերվա հանդիպումը կամ մի նամակի ի հայտ գալը այդ որոշումը չեղյալ է հայտարարում: Տվյալ պարագայում այն, ինչ որ տեղի ունեցավ այլևս կարող է ասել, որ տվյալ մարդիկ իրենց քննությունը չհանձնեցին, չեկան քննության», - ասաց Զարուհի Փոստանջյանը:

«Ժառանգության» պատգամավորի համար նաև ընդունելի չէ այն պահվածքը, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը դրսևորեց այս ներքաղաքական լարված շաբաթում: Խոսքը Սերժ Սարգսյանին ուղղված նամակի մասին է՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով հանդիպում կազմակերպելու համար:

Այդուհանդերձ, այսօր պարզ դարձավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում:

«Սարգսյանը համարում է, որ Ցեղասպանության հռչակագիրը հրաշալի փաստաթուղթ է և արտահայտում է համայն հայության կամքը: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հռչակագիրը Հայաստանի և Ղարաբաղի համար վտանգներով հղի փաստաթուղթ է, և որ առանց հանրաքվեի այն չի կարող արտահայտել համայն հայության կամքը: Մնացյալը հասարակության ու սերունդների դատելիքն է», - հայտարարել է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը՝ ընդգծելով, որառանձնազրույցի անհրաժեշտություն չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG