Մատչելիության հղումներ

Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են Ուկրաինայի հարցը


Ուկրաինացի զինծառայողը Դոնեցկի շրջանում, 20 փետրվարի, 2015 թ.
Ուկրաինացի զինծառայողը Դոնեցկի շրջանում, 20 փետրվարի, 2015 թ.

Բրիտանացի օրենսդիրները Լոնդոնի և ԵՄ-ի դիրքորոշումն անվանել են «լուսնոտություն»։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր Փարիզում քննարկել են Ուկրաինայի արևելքում ռուս անջատականների և ուկրաինական բանակի ամենօրյա բախումների պայմաններում դժվարությամբ պահպանվող հրադադարի խնդիրը։

Օլանդն ասել է, թե ինքը և Մերկելը առավել քան երբևէ համոզվել են, որ խիստ անհրաժեշտ է անհապաղ կատարել մինսկյան համաձայնագրի պահանջները։

Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների միջնորդությամբ են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Պետրո Պորոշենկոն անցյալ շաբաթ Մինսկում համաձայնեցրել էին Դոնբասի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները։

Ուկրաինայի բանակն այսօր հայտնել է, որ անջատականներն անցած գիշեր ուկրաինացիների դիրքերը հրետակոծել են Դոնեցկից արևելք գտնվող Կուրախովո գյուղի մոտ։ Բացի այդ, անջատականները գրոներ են ձեռնարկել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Մարիուպոլի մոտակայքում գտնվող Բերդյանսկի ուղղությամբ։

Ռուս անջատականները, իրենց հերթին, հաղորդել են, թե ուկրաինական բանակը հրետակոծել է ռուսական դիրքերը Դոնեցկի օդակայանի մոտակայում։

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն ասել է, որ մարտի 3-ին Փարիզում տեղի կունենա Նորմանդական ձևաչափով արտգործնախարարների հանդիպում․ ինքը, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Պավլո Կլիմկինը և Սերգեյ Լավրովը պետք է քննարկեն ուկրաինական ճգնաժամը։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ուկրաինական զորքը ստիպված էր լքել ամբողջությամբ պաշարված Դեբալցևո ավանը, որը գտնվում է Դոնեցկը և Լուգանսկը կապող ճանապարհին։

Ուկրաինայի բանակի խոսնակ Անդրի Լիսենկոն այսօր ասել է, որ անցած 24 ժամում ավելի քան 20 ռուսական հրասայլ, 10-ը հրթիռային կայանք և զինվորներ փոխադրող բեռնատարներ Ռուսաստանից հատել են Ուկրաինայի սահմանը և դիրքավորվում են ռազմավարական նշանակություն ունեցող Մարիուպոլ առափնյա քաղաքից արևելք գտնվող Նովոազովսկի ուղղությամբ։

Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին ասել է, որ Վաշինգթոնը խստորեն դատապարտում է ռուսների գործողությունները Դեբալցևոյում, Մարիուպոլի շուրջ և այլ տարածքներում։

«Այդ գործողությունները հակասում են Մինսկի համաձայնությանը», - ասել է Փսակին։

Արևմուտքը Ուկրաինայի արևելքի քաոսի համար Ռուսաստանին է մեղադրում՝ ընդգծելով, որ հենց Պուտինի վարչակարգն է անջատականներին տրամադրում զիծառայողներ, զենք, զինամթերք, ֆինասնական միջոցներ և քաղաքական-քարոզչական աջակցություն։

Սակայն Կրեմլը համառորեն պնդում է, թե որևէ առնչություն չունի ռուս անջատականների գործողություններին։

Այս առումով կոշտ հայտարարությամբ են հանդես գալիս բրիտանացիները։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի Եվրամիության հարցերով հանձնաժողովը քննադատել է թե՛ Լոնդոնին, և թե՛ Եվրամիությանը։ Հանձնաժողովն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Բրիտանիայի կառավարության և Եվրոպական միության քաղաքականությունն անվանել է «լուսնոտություն»։

Զեկույցում ասվում է, որ «Բրիտանիան այդ զարգացումների ընթացքում ակտիվ և տեսանելի դեր չի կատարել, ինչը, ի շարս այլ պատճառների, նաև արտաքին գործերի նախարարության բյուջեի կրճատման հետևանք է, քանի որ գերատեսչությունում մնացել են քիչ փորձագետներ, ովքեր ունակ են սեղմ ժամկետում վերլուծական տեղեկանքներ կազմել Ռուսաստանին վերաբերող հարցերով:

Նույնը, ըստ հանձնաժողովի, կարելի է ասել նաև Եվրամիության արտաքին գերատեսչության մասին, որը գերադասել է առաջնորդվել լավատեսական այն վարկածով, թե Ռուսաստանն ընտրել է դեմոկրատական երկիր դառնալու ուղին։

«Հստակ վերլուծական կարողության պակասը Բրիտանիայում և Եվրամիությունում փաստորեն հանգեցրել է ճգնաժամի զարգացման աղետալի սխալ ըմբռնման», - հայտարարել է Լորդերի պալատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Լորդ Թագենհադը։

Նա խոսել է Ռուսաստանի տեսակետի և գործողությունների դրդապատճառների մասին․ - «Ես չեմ ուզում արդարացնել Ռուսաստանի դիրքորոշումը: Այն անընդունելի է, բայց եթե մենք լինեինք ավելի նրբանկատ և վստահեցնեինք ռուսներին, որ հարյուրավոր մղոններով արևելք չենք տանի Եվրամիության և ՆԱՏՕ-ի սահմանները, ապա գուցե չլինեին այն խնդիրները, որոնց այսօր ստիպված ենք դիմագրավել»։

Նրա կարծիքով, ո՛չ Բրիտանիան և ո՛չ էլ Եվրամիությունը չեն կարողացել երկարատև հեռանկարի տեսակետից ռազմավարական արձագանք տալ Ռուսաստանի քայլերին։

Թագենհադի փոխանցմամբ՝ Լոնդոնն այս հարցում ունի հատուկ պատասխանատվություն, քանի որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը երաշխավորող 1994 թվականի Բուդապեշտի հուշագիրը կնքած 4 երկրներից մեկն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG