Մատչելիության հղումներ

Տաջիկստանում տեղակայված ռուսական 201-րդ ռազմակայանի զինծառայող է կալանավորվել


Ռուսական 201-րդ ռազմակայանը՝ Տաջիկստանում, արխիվ

Ռուսական 201-րդ ռազմակայանը՝ Տաջիկստանում, արխիվ

Նա կասկածվում է տաջիկստանցի վարորդին ծեծելու և նրա ավտոմեքենան առևանգելու մեջ:

Դուշանբեի ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբի օրը փոխանցեցին, որ հանցագործության մեջ կասկածվող ռուսաստանցի զինծառայող ավագ լեյտենանտ Դենիս Բորիսենկոն կալանավորվել է:

Նա կասկածվում է հունվարի 24-ին տաքսու վարորդ Դիլշոդ Հուսնովին դաժանորեն ծեծելու և նրա ավտոմեքենան առևանգելու մեջ:

Գործի նյութերով՝ Դուշանբեի մոտ տեղակայված ռուսական 201-րդ ռազմակայանի զինծառայող ավագ լեյտենանտ Բորիսենկոն հարբած վիճակում հարձակվել է տաքսու վարորդի վրա, ծեծի ենթարկել նրան, խլել նրա մեքենան ու հեռացել դեպքի վայրից, բայց քիչ անց նա խփել է մի ուրիշ մեքենայի ու ավտովթարի վայրում ոստականները նրան ձերբակալել են:

Տաջիկստանի ներքին գործերի նախարության բարձրաստիճան պաշտոնյաններից մեկը, ում անունը չի նշվում, «Ինտերֆաքս»-ին ասել է, որ շուտով ավագ լեյտենանտ Դենիս Բորիսենկոյին մեղադրանք կառաջադրվի:

Այս տարվա ընթացքում մեկ ուրիշ միջադեպ է տեղի ունեցել Տաջիկստանի հարավում գտնվող Կուլյաբ քաղաքում: Այստեղ հունվարի վերջին ռուսական ռազմակայանի զինծառայող կապիտան Չեմիզովը ծեծի է ենթարկել ռեստորանի մատուցողին: Միջադեպի կապակցությամբ Տաջիկստանի դատախազությունը ռուսաստանցի սպային մեղադրանք է առաջադրել:

Անցած տարվա օգոստոսին Դուշանբեում սպանվել էր տաքսու վարորդ Ռահիմջոն Տեշաբաևը։ Այս գործով կասկածվում է ռուսական ռազմակայանի երկու զինծառայող: Հետաքննությունը միասին վարում են Տաջիկստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինները, բայց տաքսու վարորդի սպանության մեջ մեղադրվող երկու սպայի դատավարությունը տեղի է ունենալու ռուսական դատարանում:

Տաջիկստանում երեք տարբեր վայրերում տեղակայված ռուսական ռազմակայանում ընդհանուր առմամբ 7 հազար զինծառայող կա: 2012 թվականին Ռուսաստանի և Տաջիկստանի միջև ստորագրված համաձայանգարով 201-րդ ռազմակայանը Տաջիկստանում մնալու է առնվազն մինչև 2042 թվականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG