Մատչելիության հղումներ

Արթուր Սաքունցը և ՀՔԱ իրավաբանը՝ Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչներ


Արթուր Սաքունց, արխիվ

Արթուր Սաքունց, արխիվ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ներգրավվել են որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:

«Կապվեցինք Ավետիսյանների հարսի հոր հետ, որը Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում է ապրում, հանդիպեցինք, խոսեցինք, ինքն էլ իր համաձայնությունը տվեց, որպեսզի մենք ներգրավվենք որպես իր՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը:

Մինչև այդ Ավետիսյանների հարսի հոր շահերը ներկայացնում էր հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանը: Նա կշարունակի ներկայացնել տուժողի շահերը:

«Ներգրավվելուց հետո ծանոթացել ենք գործի նյութերին և մի քանի հարցերի վերաբերյալ գրություն ենք ներկայացրել, մասնավորապես՝ սահմանի խախտման կամ խախտման փորձի հիման վրա քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ: Ուզել ենք Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև համաձայնագրի պատճենը և մի քանի հարցեր, որոնք կապված են փորձաքննությունների կատարման հետ՝ արվե՞լ են, թե՞ ոչ», - փոխանցեց Սաքունցը:

Հարցին, թե գործի նյութերին ծանոթանալուց հետո արդյոք բավարարել են իրավապաշտպանին մինչ այժմ կատարված քննչական գործողությունները, իրավապաշտպանն արձագանքեց․ - «Ոչ, կան հարցեր, մեր կողմից արդեն իսկ բարձրացված հարցերը խոսում են այն մասին, որ կան այնտեղ մտահոգող խնդիրներ»:

Նա նշեց, որ հայկական կողմից 18-հոգանոց քննչական խումբ է աշխատում՝ ընդգծելով, որ ներդրված ռեսուրսները բավարար են, որպեսզի օբյեկտիվ քննություն կատարվի, բայց «հիմնական խնդիրը վերաբերում է Ռուսաստանի քննչական մարմնի բարի կամքին և Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելուն»:

Նշենք, որ ավելի վաղ որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ ներգրավվել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Մենք հանդիպել ենք տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին և քննարկել ենք համատեղ քայլերը, որպեսզի համատեղ աշխատենք», - ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG