Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը մեղադրում է «ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակի»


Հայաստան -- Ոչ իշխանական եռյակի հանրահավաքը Ազատության հրապարակում, Երևան, 10-ը հոկտեմբերի, 2014թ․

Հայաստան -- Ոչ իշխանական եռյակի հանրահավաքը Ազատության հրապարակում, Երևան, 10-ը հոկտեմբերի, 2014թ․

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով, «Բարգավաճ Հայաստանի» ներսում գործում է խառնակիչների մի փոքրիկ խմբակ, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից, և ԲՀԿ-ին ու Համաժողովրդական շարժմանը ոչ ոք այնքան վնաս չի տվել, որքան այդ խմբակի անդամները:

Կոնկրետ անուններ, սակայն, Տեր-Պետրոսյանը չի տալիս:

Ilur.Am-ում հրապարակված «Սրտիս պարտքը» վերնագրված հոդվածում առաջին նախագահը վերլուծում է Գագիկ Ծառուկյանի անցած քաղաքական ուղին՝ հիշեցնելով, որ հինգ տարի իշխող կոալիցիային մաս լինելուց հետո՝ 2012-ին, ԲՀԿ-ն դուրս եկավ կոալիցիայից, 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ չպաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը և վերջապես «դաշինք կնքեց» խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ:

«Գաղտնիք չէ, իհարկե, որ այս ամենը ոչ այնքան Բարգավաճ Հայաստան կուսակցության, որքան նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դիրքորոշման աստիճանական փոփոխության արտահայտությունն էր»,- գրում է ՀԱԿ-ի առաջնորդը՝ հավելելով,- «Ծառուկյանը և նրա ղեկավարած կուսակցությունը կամովին հրաժարվեցին իշխանական համակարգում և գործարար դաշտում զբաղեցրած առավել քան հարմարավետ ու անվտանգ դիրքից և ընտրեցին ընդդիմադիր քաղաքական պայքարի ճանապարհը՝ դա բացատրելով Հայաստանի իշխող վարչախմբի արատավորության հետ այլևս չհաշտվելու և բացառապես ժողովրդի շահերով առաջնորդվելու նպատակադրությամբ»։

Միաժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանը ընդունում է, որ Ծառուկյանի կողմից եղել են նաև սխալներ:

«Մենք սխալ ենք համարել 2014թ. ապրիլի 28-ին նշանակված հանրահավաքի չկայացումը, անցյալ հոկտեմբերի հուժկու հանրահավաքների շղթայի դադարեցումը, ակտիվ գործողությունների փոխարինումը քաղաքական պայքարի իմիտացիայով և այլն։ Այդ սխալների մի մասը գալիս է Ծառուկյանի քաղաքական փորձառության պակասից, իսկ մեծագույն մասը՝ ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակից, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից և հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի», - գրել է նա:

Համոզմունք հայտնելով, որ Գագիկ Ծառուկյանը «հանուն երկրի արատավոր իշխանական համակարգի վերափոխման և ժողովրդի բարօրության պատրաստ է գնալ զոհողությունների», «ծայրաստիճան պարկեշտ ու հավատարիմ է քաղաքական դաշնակիցների հետ հարաբերություններում» և որ քաղաքականության մեջ նա դեռ իր վերջին խոսքը չի ասել՝ Լևոն Տեր-Պետրոսյանը եզրափակում է․ «[Ծառուկյանը] այս պահին համաժողովրդական զորակցության, բարոյական աջակցության և գոտեպնդման կարիքն ունի»:

«Ազատության» հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը չցանկացավ գնահատական տալ ՀԱԿ-ի առաջնորդի հրապարակմանը:

«Չեմ ընթերցել հոդվածը»,- ասաց նա, սակայն ընդգծեց․ - «Դա բացառվում է, որ խառնակիչներ լինեն: Ի՞նչ խառնակիչ, ո՞ւմ նկատի ունեք»:

XS
SM
MD
LG