Մատչելիության հղումներ

logo-print

Հանձնաժողովը մերժեց նախագահին իմպիչմենտ հայտարարելու մասին նախագիծը


Փաստաթղթին կողմ քվեարկեց միայն «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը։

Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու մասին Ազգային Ժողովի որոշման նախագիծն այսօր դրական եզրակացություն չստացավ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում. կողմ քվեարկեց միայն «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստնաջյանը: ՀԱԿ անդամը չքվեարկեց, Դաշնակցության ու «Բարգավաճ Հայաստան»-ի անդամները ներկա չէին քննարկմանը:

Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով իր հեղինակած փաստաթուղթը, նշեց, որ գիտակցում է՝ հատկապես վերջին ներքաղաքական զարգացումներից հետո «Ազգային Ժողովում իր նախաձեռնությունը դատապարտված է»։ Փաշինյանը բացատրեց, թե ինչու է, այնուամենայնիվ, նման պայմաններում քննարկման դնում իր հեղինակած փաստաթուղթը:

«Վերջին օրերի քաղաքական շոկի ֆոնին, «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը հարկ է համարում վերահաստատել, որ Հայաստանում հաստատված կոռումպացված իշխանության հեռացումը, Սերժ Սարգսյանին, նրա իշխանության առանցքային դերակատարներին, 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության մյուս կազմակերպիչներին և կատարողներին իրավական և քաղաքական պատասխանատվության ենթարկելը լինելու է իր ապագա քաղաքական գործունեության առանցքային խնդիրներից մեկը», - հայտարարեց Փաշինյանը։

Հայ ազգային կոնգրեսից Գագիկ Ջհանգիրյանն անգրագիտություն որակեց ներկայացված փաստաթուղթը, իսկ երբ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց նրա ելույթին, նախկին զինդատախազը ցուցադրաբար լքեց դահլիճը:

«Որոշման նախագիծն իրավաբանորեն անգրագիտություն է, ուստի ես չեմ կարող կողմ քվեարկել այս որոշման նախագծին», - հայտարարեց Ջհանգիրյանը։

ՀԱԿ պատգամավորի հայտարարությանը Փաշինյանն այսպես արձագանքեց. - «Ես հասկանում եմ, որ գլխավոր դատախազ դառնալու ձեր երազանքի իրականացումն ընդամենը մեկ օր առաջ փլուզվել է, և այդ երազանքը իրականացնելու համար դուք հիմա նոր սցենարներ գծագրելու, նոր տեղերում հայտնվելու անհրաժեշտություն ունեք, և այսօր արեցիք այդ անհրաժեշտության առաջին քայլն, ինչի կապակցությամբ ձեզ շնորհավորում եմ»։

Դեռևս նախորդ տարի շրջանառության մեջ դրված փաստաթղթում Փաշինյանը իմպիչմենտը հիմնավորող 9 դրվագ էր նշել՝ մարտի 1-ի Փաստահավաք խումբը ցրելուց մինչև հայ-թուրքական արձանագրություններ, գազի թանկացումը գաղտնի պահելուց մինչև Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազ նշանակելը։

Վերջին իրադարձություններից հետո նախագիծը համալրվել է ևս մեկ կետով. Փաշինյանի պնդմամբ, մեկ շաբաթ առաջ ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հանձնարարություն է տվել վարչապետին Գագիկ Ծառուկյանին ստուգել, երբ վերջինիս գործունեությունը դադարել է բխել իր քաղաքական թիմի շահերից։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, իմպիչմենտի հիմքերի ցանկը կարելի է երկար շարունակել։

«Բայց ես ուզում եմ ընդգծել հետևյալը, որ մենք աշխատել ենք նախագծում ներառել այնպիսի կետեր, որոնք վստահ ենք, որ կկարողանանք որևէ ատյանում՝ այդ թվում Սահմանադրական դատարանում ապացուցել», - ասաց Փաշինյանը։

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանի խոսքով, փաստաթուղթը դուրս է իրավական հարթությունից։

Հանրապետական խմբակցությունից Վահրամ Մկրտչյանն էլ անտրամաբանական մտքերի շարադրանք որակեց Փաշինյանի ներկայացրած նախագիծը՝ վկայակոչելով Սահմանադրությունը։

«Վերնագրված է այս փաստաթուղթը՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի պաշտոնանկման մասին, այնինչ մեր Սահմանադրությունը նմանօրինակ բան չի նախատեսում, նախատեսում է Հանրապետության նախագահի պաշտոնանկության մասին։ Արդեն իսկ այս փաստաթուղթը այս վերնագրով ընդհանրապես քննարկման ենթակա չէ, և, ես կարծում եմ, որ սա պետք է չհասներ այս իրավաբանական հանձնաժողով», - ասաց Մկրտչյանը։

Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահը չէ, Մկրտչյանի խոսքին այսպես արձագանքեց Փաշինյանը. - «Նա ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ է։ Եթե Ջհանգիրյանը և մեծարգո Սերժ Սարգսյանին նամակ գրող իր գործընկերները Սերժ Սարգսյանին ընդունում են որպես Հանրապետության նախագահ, դա իրենց խնդիրն է»։

«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանն առաջարկեց այս փաստաթուղթը տանել Ազատության հրապարակ և ժողովրդական դատավարություն կազմակերպել։

«Պետք է սա տանենք հրապարակ՝ Սերժ Սարգսյանի դատապարտումը։ Ես ցանկանում եմ Սերժ Սարգսյանին տեսնել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, դա միակ տեղն է որտեղ նա պետք է գտնվի, և երիտասարդ ուսանողները հնարավորություն ունենան տարիների ընթացքում գնալ և իրեն հարցեր ուղղել, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի տեղն է այնտեղ», - հայտարարեց Փոստանջյանը։

XS
SM
MD
LG