Մատչելիության հղումներ

Հանրապետականները քննարկել են Ծառուկյանի քաղաքական ապագան


ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը չի կանխել նրան պատկանող ընկերություններում անցկացվող ստուգումները։

Իշխող Հանրապետական կուսակցության երեկ ուշ երեկոյան ավարտված գործադիր մարմնի նիստում Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու հարցը ևս քննարկվել է։ Այս մասին նիստից հետո «Ազատության» հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։ Վերջինս նաև հաստատեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի ու «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև հանդիպում եղել է։

«Այո, նման հանդիպում եղել է, բայց ավելի փակագծերը բացել չեմ պատրաստվում», - ասաց Հարությունյանը:

Չնայած այս հանդիպմանը և դրան հաջորդած՝ խնդիրները խաղաղությամբ լուծելու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, իշխող Հանրապետականում շարունակում են մնալ այն կարծիքին, որ բիզնեսը պետք է տարանջատել քաղաքականությունից։

Ծառուկյանի հայտարարությունը չի կանխել նաև նրան պատկանող ընկերություններում անցկացվող ստուգումները։ Հանրապետականի նիստի ավարտից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ տարիներ շարունակ Ծառուկյանի կողմից միլիարդավոր դրամների հասնող հարկային պարտավորությունների չկատարման և բազմաթիվ քրեական հանցագործություններ թաքցնելու մասին լուրերը դեռ ստուգվում են։

Նաղդալյանը նաև նշեց, որ Հանրապետական կուսակցության խորհրդի՝ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած նիստի որոշումները գիտակցված և կշռադատված էին, հետագայում էլ նույն սկզբունքով են շարժվելու։

«Ազատության» հիշեցմանը, որ չնայած բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու՝ Հանրապետականի որոշմանը, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի հեռանալու քաղաքականությունից, Նաղդալյանը արձագանքեց, որ պետք է սպասել և հետևել իրադարձություններին։

«Ես կարծում եմ, որ մոտակա օրերի իրադարձությունները ցույց կտան, թե ինչպիսի գործողություններ կկատարվեն, որովհետև ես չեմ պատրաստվում հիմա Գագիկ Ծառուկյանի փոխարեն իր քայլերը ներկայացնել», - ասաց Նաղդալյանը:

ԱԺ փոխնախագահի խոսքով, շարունակվում է նաև Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը: Այս հարցում հստակություն կլինի ԱԺ-ի երկուշաբթի կայանալիք նիստում:

Չնայած ներքաղաքական բուռն իրադարձություններին, հանրապետական Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ վերջին երկու օրերի ընթացքում իր կուսակիցները հրաժարվել են կոշտ գնահատականներից։ Նրա խոսքով՝ դրանք արդեն մեղմացել են ամբողջ քաղաքական դաշտում։

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի վերջին հայտարարությունը և հանրահավաքից հրաժարվելն էլ, Հարությունյանի կարծիքով, խոհեմ քայլ էր։

«Իրականում հանրահավաքը այս պահին, երբ ծայրահեղ սրված էր և հուզական շատ լուրջ դաշտ կար, հղի էր վտանգներով», - ասաց Դավիթ Հարությունյանը:

Մեր այն հարցին էլ, թե եթե Գագիկ Ծառուկյանը հեռանա քաղաքականությունից, հնարավո՞ր է, որ Հանրապետականը կոալիցիա կազմի «Բարգավաճ Հայաստան»-ի հետ, Հարությունյանը այսպես արձագանքեց․ - «Նման հարցերի մասին որևէ կանխատեսումներ անել հնարավոր չէ, ավելին՝ դրա նախադրյալները ես դեռևս չեմ տեսնում»:

XS
SM
MD
LG