Մատչելիության հղումներ

logo-print

Բելառուսը «վառոդը չոր է պահելու»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկա, 8-ը փետրվարի, 2015թ.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկա, 8-ը փետրվարի, 2015թ.

Ուկրաինական իրադարձություններից հետո բոլորը հասկացան, թե որքան է անհրաժեշտ լավ պահել բանակը, հայտարարում է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան, հինգշաբթի օրը Մինսկում ելույթ ունենալով երկրի զինված ուժերի հրամկազմի առջև, ասել է, որ նույնիսկ ներկայիս բարդ արտաքին հանգամանքներում Բելառուսը չի նահանջի խաղաղ արտաքին քաղաքականությունից և ապագայում էլ կպաշտպանի ազգային շահերը։

Լուկաշենկան խոսել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։

«Իհարկե, մենք կցանկանայինք նաև հետագայում ապավինել եղբայրական Ռուսաստանի հզորությանը, պայմանով, որ հաշվի առնվեն Բելառուսի շահերն ինքնիշխանության և անկախության հարցերում», - հայտարարել է Բելառուսի նախագահը։

Նա ասել է նաև, թե Բելառուսը ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությունը համարում է անկախության երաշխիք և Եվրասիական տարածաշրջանի կայունությունն ապահովելու գործիք։

«Հարկ եղած դեպքում մենք պարտավոր ենք պաշտպանել մեր անկախությունը, ինքնիշխանությունը, բայց մենք երբեք չենք ներքաշվի որևէ մեկի հետ անխելք ու հիմար հակամարտությունների մեջ, մենք կիրագործենք խոհեմ, զուսպ քաղաքականություն, մեզ ուրիշից ոչինչ պետք չէ, բայց մեր ունեցածն էլ ոչ մեկին չենք զիջի։ Սա է մեր քաղաքականության էությունը, և եթե պետք է դրա համար մեռնել, ապա մենք պատրաստ կլինենք դա անել», - ասել է Լուկաշենկան։

Նրա խոսքով՝ ուկրաինական իրադարձություններից հետո բոլորը հասկացան, թե որքան է անհրաժեշտ լավ պահել բանակը, ունենալ այնպիսի զինված ուժեր, որոնք պատրաստ կլինեն պաշտպանել երկրի շահերը։

«Մենք մեր վառոդը չոր ենք պահելու»,- ասել է Բելառուսի ղեկավարը և ավելացրել. - «Չխաբվեք, իրավունք չունենք մտածելու, թե մեր երկրում ամեն ինչ լավ է, մեզ հետ ոչ մի բան չի պատահի, որովհետև մենք խաղաղարար միջնորդներ ենք։ Այդ ամենը հանգիստ կյանք չի երաշխավորում, մենք ամեն ինչ պետք է անենք հանգիստ կյանքի համար, իսկ դա կպահանջի մարտունակ բանակ»։

Բելառուսը 21 տարի ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկան խոսել է նաև Արևմուտքի կառույցների հետ համագործակցելու հնարավորության մասին։

«Բելառուսը` որպես անկախ և ինքնիշխան պետություն, պատրաստ է կառուցողական երկխոսություն հաստատել ՆԱՏՕ-ի հետ, պայմանով, որ դրա հիմքում լինեն հավասարության և թափանցիկության սկզբունքները», - ասել է Լուկաշենկան, նշելով, որ այսօր կան հարցեր, որոնց շուրջ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը միանգամայն բխում է Բելառուսի ազգային շահերից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG