Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի համար Ադրբեջանը բարեկամ երկիր է․ Թամար Բերուչաշվիլի


Էլմար Մամեդյարովը Ադրբեջանի նկատմամբ քաղաքականության փոփոխություն է ակնկալում Հայաստանից։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը այցելել է Վրաստան: Արդեն կայացել է նրա հանդիպումը Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլիի հետ: Մամուլի համատեղ ասուլիսում Մամեդյարովն ասել է, որ Հայաստանը կարող է մասնակցել տարածաշրջանային տնտեսական ծրագրերին, «եթե վերջ տա իր ագրեսիվ քաղաքականությանը»:

Նրանց ասուլիսի տեսագրությունը տեղադրված է Վրաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում: Լրատվամիջոցների փոխանցմամբ, Մամեդյարովն ասել է, թե այնպիսի էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը, ինչպիսին են Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, Բաքու-Թբիլիս-Կարսը, Բաքու-Թբիլիս-Էրզրումը, զարգացման հիմքեր են ստեղծում ոչ միայն Վրաստանի և Ադրբեջանի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար: Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ «ագրեսիվ և օկուպացիոն» քաղաքականության պատճառով այս ծրագրերից դուրս է մնացել և չի կարող մասնակցել տարածաշրջանային համագործակցությանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վնասում է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Հայաստանին: Եթե Հայաստանը փոխի իր քաղաքականությունը, ամբողջովին ճանաչի Ադրբեջանի4ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ապա իհարկե կարող է մասնակցել այդ ծրագրերին: Մենք հավատում ենք, որ վաղ թե ուշ Հայաստանի իշխանությունները կհասկանան սա», - ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Թբիլիսիում:

Ինչ վերաբերում է Վրաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին, ապա, «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, Թամար Բերուչաշվիլին ասել է, որ Վրաստանի համար Ադրբեջանը բարեկամ երկիր է, լավ հարևան և ռազմավարական գործընկեր:

«Ադրբեջանը ակտիվորեն համագործակցում է Վրաստանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Ադրբեջանը նշանակալի ներդրումներ է կատարում Վրաստանում, կարևոր գործոններից մեկը կարելի է նշել մեր երկրում անցկացված խոշոր ծրագրերը», - ասել է Վրաստանի արտգործնախարարը:

XS
SM
MD
LG