Մատչելիության հղումներ

Ծառուկյանին տգետ անվանող նախարարը մտադիր չէ հետ կանչել նրա հեղինակած դասագիրքը


Մինչդեռ Արմեն Աշոտյանը օրեր առաջ հայտարարել էր, թե ԲՀԿ ղեկավարն ու նրա նմանները լուրջ վտանգ են կրթության համար:

«Եթե ուզում ես ուժեղ լինել՝ վազիր, եթե ուզում ես գեղեցիկ լինել՝ վազիր, եթե ուզում ես խելացի լինել՝ վազիր»․ սա մեջբերում էր Ֆիզիկական կուլտուրայի 3-րդ դասարանի դասագրքից, որի համահեղինակը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է:

Ծառուկյանը դասագրքեր է գրել երեք դասարանների համար, որոնք առնվազն 5 տարի է՝ որպես ուսումնական ձեռնարկ օգտագործվում են դպրոցներում, և կշարունակեն մնալ դպրոցում՝ չնայած երկրի նախագահն ու իշխող Հանրապետականի այլ ներկայացուցիչներ ուղիղ մեկ շաբաթ առաջ մեղմ ասած կասկածի տակ դրեցին դասագրքի հեղինակի մտավոր կարողությունները: Մասնավորապես, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ում թույլտվությամբ էլ Ծառուկյանի հեղինակած դասագրքերը հայտնվել են դպրոցներում, ընդամենը մի քանի օր առաջ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում պնդում էր, թե Ծառուկյանն ու նրա նմանները լուրջ վտանգ են կրթության համար:

«Ես իրեն որպես կրթության նախարար էլ եմ մեղադրում՝ իրա նմաններն են խանգարում այսօր իմ էրեխեքին դպրոցներում սովորելուն, որովհետև էդ էրեխեքը տեսնում են, որ տգետը կարող է հասնել հաջողության: Ասում են՝ էլ խի՞ սովորե՞մ որ, հենա՝ Դոդի Գագոյի օրինակը ունեմ․ մարդը «Ա»-ն «Բ»-ից չի տարբերում, Պյութագորասի թեորեմ չգիտի, Հայ ժողովրդի պատմություն չգիտի, «Վարդանանք» չի կարդացել, բայց տեսեք ուր է հասել»:

Այսօր պատասխանելով «Ազատության» հարցին, արդյո՞ք Ծառուկյանի հեղինակած դասագիրքը երեխաների մտածելակերպին չի վնասի, նախարարը պատասխանեց․ - «Եթե խոսքը գնում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին, ապա կարծում եմ, որ ձեր հարցը, քաղաքական խորը ենթատեքստով, այնուհանդերձ շատ մակերեսային է կրթության պարագայում»:

Աշոտյանը նաև նշեց, որ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտն է հեղինակել այդ դասագրքերը և Գագիկ Ծառուկյանը եղել է հեղինակային խմբի մեջ:

«Բացարձակ կապ չունի այն, ինչ դուք ասացիք՝ դասագրքերի շրջանառությունը, իրենց հեղինակների ազգանունների հետ», - ասաց նախարարը:

Դպրոցահասակ երեխայի մայր Զարուհի Հովհաննիսյանին մտահոգում է, որ Հայաստանում կրթության թիվ մեկ պատասխանատուն կարող է օգտագործել կոպիտ բառապաշար մեկ այլ անձի մասին խոսելիս՝ առավել ևս այնպիսի մարդու, ում հեղինակած գիրքն ուսումնական ձեռնարկ է դպրոցներում:

«Կրթության նախարարը ունի շատ կարևոր բացատրություն տալու պարտադրանք: Ինչպե՞ս է այն մարդը, ում նա որակում է շատ տգեղ էպիտետներով հեռուստատեսությամբ, դառնում ֆիզիկական դաստիարակության դասագրքի հեղինակ», - ասում է նա:

Պնդելով, որ սա հերթական անգամ վկայում է, որ ո՛չ կրթության նախարարն է իր տեղում, ո՛չ էլ դասագիրք գրողն ու հրապարակողը, Զարուհի Հովհաննիսյանը փաստում է՝ դպրոցների անբարեկարգ մարզասրահները վերականգնելու և ֆիզկուլտուրան հիգիենիկ պայմաններում կազմակերպելու փոխարեն նախարարությունը փողեր է դուրս գրում՝ ֆիզկուլտուրայի դասագիրք տպելու համար, որտեղ մանրամասն նկարագրված է՝ ինչ ասել է անձնական հիգիենա, ինչպես պետք է սովորել դահուկ վարել կամ ճիշտ լողալ: Թե որտե՞ղ պետք է կիրառվի այդ թեորիան, դասագրքում, համենայնդեպս, չի նշվում:

«Առանձնապես ուշադրության տեսադաշտում չի գտնվում առարկան, առավել ևս՝ այսպիսի դասագիրք լույս ընծայելը, որը կարող եմ ասել, որ փողերի լվացման հոյակապ աղբյուր է», - ասում է ծնողը:

XS
SM
MD
LG