Մատչելիության հղումներ

logo-print

Սյունիքի մարզպետը ոչ հերքում, ոչ հաստատում է, որ նախագահը մասնակցել է իր որդու հարսանիքին


Սուրիկ Խաչատրյանը համոզված է, որ Բուդաղյանների գործն արդարացի է քննվում:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, որ անցյալ տարեվերջին իր որդու հարսանիքին մասնակցել են նաև Հայաստանի նախագահն ու արդարադատության նախարարը։

«Գրավոր գրի, կպատասխանեմ», - արձագանքեց մարզպետը:

Խոսքը Տիգրան Խաչատրյանի հարսանիքի մասին է, ով 1 ու կես տարի առաջ մեղադրվեց մարզպետի տան մոտ տեղի ունեցած կրակոցների և Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանության համար, սակայն այդպես էլ դատարանի առջև չկանգնեց:

Քրեական հետապնդումը դադարեցվեց՝ ինքնապաշտպանության հիմնավորմամբ, փոխարենը քրեական գործ հարուցվեց Բուդաղյանների դեմ՝ մարզպետի ընտանիքին սպառնալու ու անդորրը խանգարելու համար։ Գործով Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը պնդում է, որ մարզպետի որդու հարսանիքին բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը կասկածի տակ է առնում այս գործը քննող դատարանների անաչառությունը։

«Ես չեմ պատկերացնում, թե ո՞նց կարող է դատավորը անկաշկանդ ձևով քննարկել Տիգրան Խաչատրյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը, դրա դեմ բերված բողոքը, ո՞նց կարող է դատավորը հավասար պայմաններում քննարկել էդ հարցը, եթե էդ նույն Տիգրան Խաչատրյանի հարսանիքին նախագահն է մասնակցել ու արդարադատության նախարարը՝ դրանով իսկ ցույց տալով, որ իրենք նրան համարում են իրենց մտերիմը», - ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը տեղեկությունն ստուգելու համար դեռ երեք շաբաթ առաջ դիմել է նախագահի աշխատակազմին, արդարադատության նախարարին և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին։ Նամակներն առայժմ անպատասխան են։

Բուդաղյանների փաստաբանին սա հիմք է տալիս պնդելու, որ հայաստանյան դատական ատյաններն իրենց համար անհրաժեշտ պաշտպանության միջոց չեն, ինչը նրանց թույլ է տալիս այսօր արդեն դիմել Եվրոպական դատարան։

«Եվրոպական դատարանում մեր գանգատը կլինի ավելի շուտ, քան մեր դատարաններից մեկնումեկի որոշումը», - ընդգծեց Բուդաղյանների փաստաբանը:

1 ու կես տարի առաջ դեպքի օրը կրակոցներին մասնակից է եղել և հրազենից ծանր վնասվածք ստացել նաև Սուրիկ Խաչատրյանի հեռավոր ազգականը՝ Նիկոլայ Աբրահամյանը։ Քրեական գործում վարկած կա, որ վնասվածքը հասցրել է սպանված Ավետիք Բուդաղյանը։ Հրազենից արձակվածգնդակը Նիկոլայ Աբրահամյանի մարմնից չեն հանել՝ պնդելով, թե ըստ բժիշկների դա կվնասի նրա առողջությանը։ Փաստաբանը, մինչդեռ, պնդում է՝ դա միտումնավոր է արվում։

«Իսկ ինչո՞ւ էդ գնդակը չեն հանում, Նիկոլայ Աբրահամյանին համոզել են, որ դա շատ վտանգավոր է իր առողջության համար, բայց էդ գնդակը հանելը ես կարծում եմ, որ վտանգավոր է անև էն վարկածի համար, որը էսօր նախաքննական մարմինը ունի, թե իբր կրակոցը արձակված է Ավետիք Բուդաղյանի կողմից, որովհետև մենք ունենք լուրջ հիմքեր մտածելու, որ եթե այդ գնդակը հանվի, հաստատվելու է, որ Ավետիք Բուդաղյանի կողմից չի կրակվել», - «Ազատությանը» փոխանցեց ՀԱյկ Ալումյանը։

Չնայած փաստաբանը կասկածի տակ է առնում Բուդաղյաններ-Խաչատրյաններ հակամարտության գործով դատաքննության անաչառությունը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ասում է. - «Ես ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, որ գործը արդարացի քննվում է, մտահոգվելու ոչ մի կարիք չկա, եթե ինքը ունի ինչ-որ կասկածներ, թող ինքը գրավոր գրի ինձ, որ էս հարցում խնդրում եմ միջամտեք»:

XS
SM
MD
LG