Մատչելիության հղումներ

logo-print

Վերջին իրադարձությունները «տեղավորվում են ընտանեկան հաշիվներ պարզելու տրամաբանության մեջ»


Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ, ներքաղաքական վերջին իրադարձությունները տեղավորվում են բացառապես ընտանեկան հաշիվներ պարզելու տրամաբանության մեջ:

«Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր գործիչը կանխատեսեց, որ այս պատմությունից հետո Գագիկ Ծառուկյանն այլևս էական ազդեցություն չի ունենա առաջիկա գործընթացների վրա։

«Սա ներընտանեկան կռիվ էր, և ես ակնկալում էի, որ շուտափույթ հանգուցալուծումներ կլինեին: Այդպես էլ եղավ, խնամիներ եկան, միջնորդեցին և բարիշացրեցին։ Հիմա ԲՀԿ-ն կշարունակի իր քաղաքական գործունեությունը հավանաբար նոր կոնֆիգուրացիացիայով։ Դա, կարծում եմ, նույնպես կորոշվի այդ խնամիների և ընտանիքի անդամների համատեղ քննարկումների արդյունքում։ Բայց որ Ծառուկյանը այլևս քաղաքականության մեջ մեծ դերակատարություն չի ունենա, հավանաբար դա արդեն բոլորի համար հասկանալի դարձավ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ալեքսանդր Արզումանյանը դժվարանում է ասել՝ կմնա՞ արդյոք «Բարգավաճ Հայաստան»-ի օրակարգում արտահերթ ընտրությունների, իշխանափոխության պահանջը, որքան էլ որ շարքային ԲՀԿ-ականները դա պնդեն.- «Իշխանությունը ներկայացնող երկու բևեռների ներքին ռազբորկաներ են, այնպես որ ինչ հաշտեցման եզրեր կգտնեն և ինչպիսի սցենար կգրվի ապագա գործողությունների համար, ես չեմ կարող ասել»։

Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին արտգործնախարար աշխատած Արզումանյանը 2008-ի նախագահական ընտրություններում առաջին նախագահի նախընտրական շտաբն էր ղեկավարում, մարտի 1-ից հետո ազատազրկվել է: Նախկին դաշնակիցների տարաձայնություններից մեկն էլ մարտի 1-ի պատասխանատվությունից Գագիկ Ծառուկյանին ազատելու փորձերն էին: Արզումանյանը քննադատում էր առաջին նախագահի քաղաքագիտական վերլուծությունը, ըստ որի Հայաստանում տեղի էր ունենալու բուրժուադեմոկրատական հեղափոխություն, Գագիկ Ծառուկյանը պոկվելու էր իշխանական բուրգից։

«Չաշխատեց այդ տարբերակը։ Մենք ունենք փաստ, որ ոչ ևս է այդ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը։ Հաստատվեց այն, ինչի մասին ինձ նման մարդիկ բազմիցս են խոսել՝ անհնար է Հայաստանի նման երկրներում ունենալ գործող օլիգարխ-անհաշտ ընդդիմադիր։ Իրար բացառող և իրար հակասող հասկացություններ են»,- ասաց Արզումանյանը։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի աղմկահարույց ելույթին, որից հետո էլ սկիզբ առավ այս առճակատումը, ապա Արզումանյանն ասում է՝ ողջունելի միտք է քաղաքական դաշտը թողնել քաղաքականությամբ զբաղվողներին, բայց հանրապետականները իրենցից պիտի սկսեն։

«Տեսնենք՝ հենց նույն ՀՀԿ-ն կազատվի՞ իր շարքերում գործող օլիգարխներից, մարդկանցից, որոնց տեղը Ազգային ժողովում չէ։ Եթե մականուն ունենալը վատ բան է, ապա այդպիսիք կան այլ ֆրակցիաներում ևս։ Այսինքն այդ ինքնազտման գործընթացը սկսելուց հետո ավելի ընկալելի կլիներ նման ուղերձը հարևան կուսակցությանը»,- ասաց պատգամավորը։

Թե ինչ ճակատագիր է սպասում հիմա ընդդիմությանը, Ալեքսանդր Արզումանյանը չգիտի, ասում է՝ նախ պետք է ճշտել, թե այժմ ո՞վ է ընդդիմադիրը.- «Դա հարց է, որի պատասխանը ես էլ չունեմ։ Պետք է որոնենք՝ որն է ընդդիմադիր դաշտը Հայաստանում, հասկանանք, դրանից հետո երևի լուծումները կգտնվեն»։

XS
SM
MD
LG