Մատչելիության հղումներ

logo-print

ԲՀԿ-ի խոսնակ․ Արտահերթ ընտրությունների պահանջն ուժի մեջ է


ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ է․ Տիգրան Ուրիխանյանն ասաց․ - «Այո, հեռացմամբ»:

«Բարգավաճ Հայաստան»-ի՝ արտահերթ նախագահական ընտրությունների պահանջը, Ուրիխանյանի խոսքով, ուժի մեջ է: Նախկինի նման դեմ են նաև Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին: Բայց դեռ չեն որոշել, թե ինչ քայլերով են հասնելու իշխանափոխության:

«Ինչ է, Հայաստանի Հանրապետությունում արտագաղթի ճգնաժամային տեմպերը դադարե՞լ են, Հայաստանում այլևս աղքատություն չկա՞, Հայաստանում այլևս տնտեսական աճի տեմպե՞ր են գրանցվում, գործազրկությունը վերացա՞վ: Ո՛չ», - ասաց Ուրիխանյանը՝ շարունակելով․ - «Ես թվարկում եմ այն ամենը, ինչի պատճառով ԲՀԿ-ն չմտավ համատեղ կոալիցիոն կառավարման մեջ և չստանձնեց պատասխանատվություն այդ իսկ թվարկած բացասական երևույթների համար: Շատ ակնայտ է, որ այդ ամենը պահպանվել է, շատ ակնհայտ է, որ մենք պիտի շարունակենք նույն ոճաբանությունը, նույն պահանջատիրությունը և հնարավորությունների սահմաններում, երբեմն նույնիսկ փորձելով անել անհնարինը, շարունակել պայքարել հանուն երկրում փոփոխությունների իրագործման»:

​Խորհրդարանում ՀՀԿ-ի խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչներին խորհուրդ ուներ տալու․ - «Որ համաձայնեցնեն բոլոր իրենց հայտարարություններն ու ելույթները իրենց ղեկավարության հետ, իրենց առաջնորդի հետ»:

Հարցին, թե արդյոք ինքը կարծում է, որ նման հայտարարությունները համաձայնեցված չեն Գագիկ Ծառուկյանի հետ, Բաղդասարյանն արձագանքեց․ - «Ես պարզապես հորդորում եմ: Եթե համաձայնեցված է, ուրեմն պետք է սպասենք գործընթացների զարգացմանը»:

Ուրիխանյանի ձևակերպմամբ՝ ԲՀԿ ղեկավարի և Հանրապետության նախագահի միջև կայացած հանդիպումից տեղյակ չէ: Ուստի չի կարող պատասխանել նաև հարցին, թե արդյոք այդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների պատճառով է չեղյալ համարվել վաղվա հանրահավաքը: Գուցե նաև սպառնալի՞ք է եղել:

«Երեք-հինգ օրվա ընթացքում բացառապես կուսակցական պատկանելություն ունեցող այդ երևույթները ինչի՞ մասին էին խոսում: Կամ մի քանի հարյուր բերման ենթարկված մարդիկ․ ի՞նչի մասին է խոսում: Այսինքն չխոսել հիմա, որ իշխանությունը բացահայտորեն մտադրված էր, պատրաստակամ էր կտրուկ գործողությունների, իսկ չարտոնված, ընդգծում եմ՝ չարտոնված հանրահավաքի դեպքում ուղղակիորեն նախազգուշացնում էին շատ ու շատ գործիչների շուրթերով, թե ինչ կոշտ միջոցներ են ձեռնարկելու մեր տարատեսակ քաղաքական կոչերի, այն լոզունգների դիմաց, որոնցով մենք մարդկանց փորձում էին մոբիլիզացնել, ակնհայտորեն խոսում էր նրա մասին, թե ինչ է տեղի ունենալու», - նշեց ԲՀԿ-ի խոսնակը:

Վահրամ Բաղդասարյանը պնդեց․ «Բարգավաճ Հայաստան»-ն է հասկացել, ի՞նչ սպառնալիք, այս օրերին իրենք միայն հանդուրժողականության կոչեր են հնչեցրել․ - «Վերջ ի վերջո ես շատ ուրախ եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները հասկացան, որ երբ լինում են անհանդուրժողականության կոչեր, երբ լինում են վերջնագրով խոսելու կոչեր, ամբողջ համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ նման անկարգությունների ժամանակ հնարավոր են նման դեպքեր: Եվ նրանք արդեն իսկ ձեռնպահ մնացին այդ դեպքերից՝ հետագա վտանգը հասկանալով»:

ԲՀԿ-ին եռյակի գործընկերների հետ փետրվարի 23-28-ը Ազատության հրապարակում միջոցառումներ անցկացնելու իրազեկում է ներկայացնել քաղաքապետարան: Հարցին, թե հնարավոր է արդյոք այդ օրերին միջոցառումների անցկացումը, Տիգրան Ուրիխանյանը արձագանքեց․ - «Չեմ պատրաստվում ձև անել, թե ոչինչ տեղի չի ունեցել: Անշուշտ պետք է խոստովանենք, որ քաղաքական իրավիճակ է փոխվել: Անշուշտ խիտի խոստովանենք, որ վերաիմաստավորելու շատ բան կա, գործողությունների պլան, ծրագիր մշակելու անհրաժեշտություն կա: Հետևաբար այդ հարցերին թույլ տվեք պատասխանել հընթացս՝ որևէ որոշում կայացվելու կամ որևէ իրադարձություն տեղի ունենալու պահին»:

Մարտի 1-ին Տիգրան Ուրիխանյանը մասնակցելու է Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքին, բայց իրեն իրավունք չվերապահեց ասել, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը նույնպես գալու է Ազատության հրապարակ:

Հարցին, թե կարող է ՀԱԿ - ԲՀԿ համագործակցության վրա ազդել Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին, ԲՀԿ-ի խոսնակն արձագանքեց․ - «Ես միանշանակ պատասխան այդ հարցին չունեմ»:

Երկրի նախագահն այդ նամակին դեռ չի պատասխանել: Բայց ՀՀԿ-ի ղեկավար անդամ Վահրամ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում ողջունեց ՏԵր-Պետրոսյանի այդ քայլը․ - «Ողջունում ենք այս նամակը: Դա չի նշանակում, որ համաձայն ենք այն կետերին, որ ինքը ասել է: Բայց այստեղ քայլ առաջ կատարվել է նրանով, որ ասում է՝ նստենք, քննարկենք, որովհետև անհանգստացած եմ իմ երկրի ճակատագրով, իմ ժողովրդի: Եվ ամենակարևորը՝ նաև ինքը թքած ունի, թե ինչ կասեն համախոհները, ոչ համախոհները իր մասին: Դրական եմ գնահատում, և դրա համար արձագանք կլինի նաև նախագահականից»:

XS
SM
MD
LG