Մատչելիության հղումներ

Գյումրիի ակցիաների մասնակիցը դատախազությանը. Տուն-տունիկ չենք խաղում


Արմեն Ներսիսյանի խոսքով, եթե պարզվի՝ գյումրեցիների պահանջը բավարարելու հարցում պարզապես փորձ է արվել փափուկ բարձ դնել, ապա այդ հաշվարկներում [իշխանությունները] սխալվել են։

Հայաստանի գլխավոր դատախազությունն այսօր հատուկ հայտարարություն տարածեց, որով, սակայն, ո՛չ հաստատեց, ո՛չ էլ, ըստ էության, հերքեց վերջին օրերին մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Ռուսաստանի գլխավոր դատախազությունը մինչ օրս չի ստացել Գևորգ Կոստանյանի դիմումը՝ Գյումրիի սպանդի հիմնական կասկածյալ Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու վերաբերյալ:

Պնդելով, թե այդ մասին երկու շաբաթ առաջ արդեն իսկ սպառիչ հաղորդագրություն է տարածվել՝ Գլխավոր դատախազությունը հայտարարեց. - «Ինչ վերաբերում է նամակն ուղարկելու և դրա բովանդակության վերաբերյալ կասկածներին և շրջանառվող այլ անհեթեթ լուրերին, նշենք, որ նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ, առավել ևս մեկնաբանել դրանք»:

Նամակի բովանդակության վերաբերյալ ևս Դատախազությունը որևէ բառ չասաց, թեև ակտիվիստներն այն հրապարակելու պահանջով անգամ Վարչական դատարան են դիմել:

Ակցիաների մասնակիցներից Կարեն Պետրոսյանը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Դատախազության այսօրվա հայտարարությանը, ընդգծեց, թե «տուն-տունիկ չեն խաղում»:

«Երբ որ պաշտոնական հերքում կամ հավաստում լինի լուրի և եթե նամակը դեռ չի հասել, ուրեմն ստիպված եմ որոշակի խաղալիքներ գնել և փոխանցել համապատասխան գերատեսչության պաշտոնյաներին, որպեսզի իրենք զբաղմունք ունենան և ավելի օգտակար գործունեությամբ զբաղվեն, քան հիմա։ Եթե կփաստի, որ հասել է, և հիմնավորի, թե ինչու են այդպես պատասխանել, ուրեմն այդ դեպքում դա մեր բոլորի խնդիրն է, որվհետև սա մեր պետականության խնդիրն է, սա այլևս անձի խնդիր չէ՝ մերժելով գլխավոր դատախազին, մերժում են մեզ բոլորիս», - ասաց Պետրոսյանը։

Թեև Գլխավոր դատախազությունը պնդում է, թե Մոսկվա ուղարկված դիմումի մասին սպառիչ տեղեկատվություն է տարածել, մինչ օրս հստակ չէ՝ Յուրի Չայկային ուղղված նամակով Գևորգ Կոստանյանը միայն քրեական գործի վարո՞ւյթն է խնդրել փոխանցել հայկական կողմին, թե՞ նաև կասկածյալ Վալերի Պերմյակովին:

«Եթե սիրողական աշխատանքի արդյունք է, որ նամակը չի հասել, կարծում եմ՝ շատ այլ միջոցներ կան դրա դեմն առնելու, և առաջին քայլը, օրինակ, հրաժարականը կարող է լինել․ ինքն իր հրաժարականը ներկայացնի, կամ այդ ամբողջ ապարատից օր առաջ պետք է ազատվել», - ասաց Պետրոսյանը։

Մեկ այլ ակտիվիստ՝ Արմեն Ներսիսյանն էլ ասաց, որ եթե պարզվի՝ գյումրեցիների պահանջը բավարարելու հարցում պարզապես փորձ է արվել «փափուկ բարձ դնել», թե նամակն ուղարկված է, ապա այդ հաշվարկներում սխալվել են։

«Չեմ բացառում ընդվզումը, որովհետև այնուամենայնիվ ոչ մի բան չի բավարարվել։ Որոշ պաշտոնյաներ հանգստացնում են հասարակությանը կամ կոչով դիմում են՝ որ «էլ ի՞նչ եք ուզում, արդեն նամակը գրված է» և այլն, հիմա ես չգիտեմ, թե ի՞նչ են պատճառաբանելու, կամ ինչպե՞ս են հասարակությանը, գոնե Գյումրիի հասարակությանը, պարզաբանելու իրավիճակը, կամ համոզելու, որ այլևս ցասումն արտահայտելու կարիք չկա։ Պետք է պատասխան, պետք է պարզաբանումներ լինեն համապատասխան պաշտոնյաների կողմից, թե ինչպես է հայտարարություն լինում և արդյունքում ոչինչ չկա», - ընդգծեց Ներսիսյանը։

Ինչ վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով իրականացվող նախաքննությանը, ապա այս հարցում տարածվող տեղեկատվությունը շատ կցկտուր է: Այսօրվա հաղորդագրությունում Գլխավոր դատախազությունը նաև նշել էր, թե գործում որևէ նոր զարգացման դեպքում անմիջապես կտրամադրվի տեղեկատվություն, ինչից թերևս կարելի է ենթադրել, որ եթե այդուամենայնիվ, նամակ ուղարկվել է Մոսկվա, դրա պատասխանը մինչ օրս չի ստացվել:

XS
SM
MD
LG