Մատչելիության հղումներ

ԱՄԷ գործարարները կարող են Հայաստանում ներդրումներ անել նաև շախմատի ոլորտում


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Արաբական Միացյալ Էմիրությունները մեծապես հետաքրքրված է շախմատի ոլորտում Հայաստանի օրինակելի փորձն ուսումնասիրելու և Էմիրություններում ևս կիրառելու հարցում, ավելին՝ երկրի գործարարները շահագրգռված են Հայաստանում ներդրումներ անելու նաև շախմատի ոլորտում: Այդ մասին հայտարարել է ԱՄԷ-ի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ ալ-Մեիբալը այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Ալ-Մեիբալը նշել է, թե չափազանց տպավորված է Հայաստանում շախմատի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքով, աշխարհում առաջինը հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման հաջողված փորձով և ընդհանրապես՝ առանց տարիքային սահմանափակման շախմատ խաղալու մշակույթն ամբողջ երկրում տարածելու աշխատանքով:

Սերժ Սարգսյանը ողջունել է շախմատի ոլորտում հայ - էմիրաթական համագործակցությունը զարգացնելու Էմիրությունների հետաքրքրվածությունն ու ցանկությունը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման գործում:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել երկու երկրների շախմատի ֆեդերացիաների միջև Համագործակցության և փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և ԱՄԷ-ի Շախմատի ֆեդերացիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG