Մատչելիության հղումներ

Ուկրաինական բանակը նահանջում է Դեբալցևոյից


Ուկրաինացի զինվորը Արտյոմովսկ քաղաքում՝ Դեբալցևոն լքելուց հետո, 18-ը փետրվարի, 2015թ.
Ուկրաինացի զինվորը Արտյոմովսկ քաղաքում՝ Դեբալցևոն լքելուց հետո, 18-ը փետրվարի, 2015թ.

Ուկրաինական զորքերի մեծ մասը դուրս է եկել Դոնեցկի մարզի Դեբալցևո քաղաքից: Այս մասին այսօր կեսօրին հայտարարեց Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն` Արևելյան Ուկրաինա մեկնելուց առաջ:

«Այսօր առավոտյան Ուկրաինայի Զինված ուժերը Ազգային գվարդիայի ստորաբաժանումների հետ համատեղ ավարտել են զինծառայողների պլանային և կազմակերպված դուրսբերումը Դեբալցևո քաղաքից: Այս պահին կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումների 80 տոկոսը դուրս է բերվել Դեբալցևոյից: Մենք սպասում ենք ևս երկու շարասյուն»,- հայտարարեց Ուկրաինայի նախագահը Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում կազմակերպված ասուլիսի ժամանակ:

Ուկրաինական հեռուստաընկերությունների տեղեկություններով՝ Դեբալցևոյից դուրս բերվող ստորաբաժանումները հիմնականում կենտրոնանում են Արտյոմովսկ քաղաքի մերձակայքում: Շրջափակումից դուրս եկած զինծառայողները լրագրողների հետ զրույցում նշում են, որ հետագա դիմադրությունը գրեթե անհնարին էր:

«Այնտեղ շատ ծանր կացություն էր: Նույնիսկ հաց կամ ջուր հայթայթելը դժվար էր: Անընդհատ ուժեղ հրետակոծություններ էին: Մենք արդեն 100 անգամ մտովի հրաժեշտ էինք տվել մեր կյանքին: Անջատականների հրետանին շատ լավ է գործում»,- ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերում ասում էր շրջապատումից դուրս եկած զինվորականներից մեկը:

Լուգանսկ և Դոնեցկ քաղաքների միջև կապն ապահովող Դեբալցևոյի շուրջ կատաղի մարտերը սկիզբ էին առել դեռ մինչև Մինսկում հրադադարի մասին պայմանագրի կնքումը: Վերջին օրերին Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների զինված խմբերը կարողացել էին գրեթե ամբողջությամբ շրջապատման մեջ առնել քաղաքը: Շրջապատման մեջ էր հայտնվել մի քանի հազար ուկրաինացի զինվորական, որոնք աստիճանաբար զիջում էին դիրքերը` նահանջելով դեպի քաղաքի կենտրոնական թաղամասեր:

Դիվանագիտական շրջանակներում հնչող գլխավոր հարցն էլ հետևայլն է` արդյոք Դեբալցևոյի ճակատամարտը կհանգեցնի մինսկյան համաձայնագրերի տապալմանը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովոի խոսքով՝ Մինսկի համաձայնագրերը կյանքի կոչելու հեռանկարը դեռ բավական իրական է:

«Սահմանի ողջ երկայնքով գործնականում հրադադարի ռեժիմը պահպանվում է: Որոշ տեղանքներում նույնիսկ աշխարհազորայինները պատրաստակամություն են հայտնել հետ քաշել ծանր տեխնիկան: Միակ բացառությունն այսպես կոչված դեբալցևյան կաթսան է, որտեղ ստեղծված կացությունը մեզ տխրեցնում է»,- հայտարարել է Լավրովը:

Դեբալցևոյում իրադրությունը հանգուցալուծելու նպատակով որպես միջնորդ հանդես գալու պատրաստակամության մասին այսօր հայտարարեց նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սերգեյ Լավրովի խոսքով՝ նման ցանկացած փորձ արդյունավետ կլինի, եթե իհարկե, դրան համաձայնի պաշտոնական Կիևը:

Եվրամիությունն իր հերթին կոչ է անում պաշտոնական Մոսկվային անել հնարավորը` Դեբալցևորյում իրադրությունը հանդարտեցնելու և Մինսկի համաձայնագրերի տապալումը թույլ չտալու համար:

«Այն զարգացումները, որ տեղի ունեցան վերջին գիշերվա ընթացքում ուկրաինական Դեբալցևոյում, հրադադարի ռեժիմի միանշանակ խախտում էին: Ոչ միայն Եվրամիության այլև ողջ միջազգային հանրության անունից ցանկանում եմ ընդգծել, որ մենք աջակցում ենք այն բանաձևի դրույթներին, որ ընդունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից և որ պահանջում է կողմերից անվերապահորեն կատարել Մինսկում կնքված համաձայնագրերի բոլոր կետերը: Կարևոր է,որ նախևառաջ Մոսկվան ու անջատականները սկսեն կատարել այս պահանջը` դուրս բերելով զենքերը»,- ասել է Եվրամիության անվտանգության և արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG