Մատչելիության հղումներ

Նյուլանդը ընդգծել է Հայաստանի դրական ձեռքբերումները մի շարք բնագավառներում


Փետրվարի 18-ին արգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նյուլանդին։

ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հաստատված բարեկամական գործընկերությունը և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով երկկողմ համագործակցությունը առավել կամրապնդվի և կխորանա։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վիկտորիա Նյուլանդը նշել է, որ Միացյալ Նահանգները մեծ կարևորություն են տալիս տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը և պատրաստ են հավելյալ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։

Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը:

Վիկտորիա Նյուլանդը ընդգծել է Հայաստանի դրական ձեռքբերումները ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ամրապնդման, տնտեսական բարեփոխումների և մի շարք այլ բնագավառներում:

Անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, համատեղ նախագծերի իրականացմանը, ներդրումների խրախուսմանը։ Այս առումով կարևորվել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի մշակումը։

Երկուստեք դրական է գնահատվել 2013թ. Հայաստանի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության՝ ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնելը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամի, մերձավորարևելյան զարգացումների շուրջ։

Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի քննարկման համատեքստում նախարար Նալբանդյանը և պետքարտուղարի օգնականը համակարծիք էին, որ պետք է հնարավոր բոլոր ջանքերը գործադրվեն՝ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման համար՝ միջազգային իրավունքի՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա։ Այս առումով նախարար Նալբանդյանը կարևորել է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Միացյալ Նահանգների ներդրումն ու դերակատարությունը։

Էդվարդ Նալբանդյանը խնդրեց իր ողջյուններն ու բարեմաղթանքները փոխանցել պետքարտուղար Ջոն Քերիին և վերահաստատեց Երևան այցելելու նրան ուղղված հրավերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG