Մատչելիության հղումներ

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Երբ 2002 թվականին Թուրքիայում իշխանության գլուխ եկավ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, նրա հիմնադիր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարեպաշտ մահմեդականի տպավորություն էր թողում, որը ձգտում էր վերացնել կոռուպցիան և բարելավել Թուրքիայի քաղաքացիների կենսամակարդակը:

Վերջին 13 տարիների ընթացքում Էրդողանը աստիճանաբար վերածվեց կոռումպացված բռնակալի՝ ժամանակակից օսմանյան սուլթանի հովերով տարված: Արդյոք նա ի սկզբանե գառան մորթի հագած գա՞յլ էր, թե՞ շփացել է միջազգային հանրության կույր աջակցության և շռայլ գովասանքների պատճառով: Հատկանշական է, որ նախագահ Օբաման Էրդողանին անվանում էր աշխարհի հինգ ղեկավարներից մեկը, որոնց հետ նա հատկապես մտերիմ էր: Օբաման և այլ պետությունների ղեկավարները վերջապես հասկացան, որ իրենց ստեղծած հրեշը դուրս է եկել շշից և վերահսկողությունից: Էրդողանի հանդեպ վստահության չարաշահման գլխավոր զոհը ոչ այլ ոք էր, քան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:

Թե ինչքան ամբարտավան են դարձել Էրդողանը և Թուրքիայի ղեկավարները, ցույց են տալիս ներքոբերյալ հատվածները նրանց վերջին հրապարակային ելույթներից, ինչպես ներկայացված է Մերձավոր Արևելքի լրատվամիջոցների հետազոտությունների ինստիտուտի կողմից.

Հունվարի 21-ին Ստամբուլում կայացած Իսլամական երկրների միջխորհրդարանական միության համաժողովում Էրդողանն իր ճառով ավելի շատ նմանվեց «Իրաքի և Սիրիայի իսլամական պետության» առաջնորդի, քան ՆԱՏՕ-ի անդամ պետության նախագահի՝ կոչ անելով մահմեդական երկրներին «միավորվել և պարտության մատնել Լոուրենս Արաբացու հետնորդներին, որոնք ձգտում են քայքայել Մերձավոր Արևելքը»: Նա մեղադրեց Արևմուտքին իսլամական աշխարհի դեմ դավադրություն կազմակերպելու և մահմեդականների եղբայրասպանության պատճառ դառնալու համար:

Վերջերս Ջիբութի կատարած այցելության ժամանակ Էրդողանը պարծեցավ. - «Թուրքիան հզոր երկիր է: Եթե դուք [Եվրամիություն] Թուրքիային դեռ դիտում եք որպես մի երկրի, որը կաղաչի ձեր [ԵՄ] դռանը, ապա Թուրքիան այն երկիրը չէ, որ խնդրի»: Ի պատասխան Թուրքիայում լրատվամիջոցների դեմ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ հնչած եվրոպական քննադատությանը՝ Էրդողանը հայտարարեց ԵՄ ղեկավարներին՝ «ձեզ պահեք ձեր գաղափարները», և հավելեց. - «Բարի եղեք գալ Թուրքիա, որպեսզի Թուրքիա՛ն ձեզ ժողովրդավարության դասեր տա»:

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, ուղեկցելով Էրդողանին Աֆրիկա ճամփորդության ժամանակ, անամոթաբար խաղարկեց ռասայականության քարտը՝ դիմելով տեղացիներին. - «Օսմանյան կայսրության անկումից հետո, աֆրիկացիներն առաջին անգամ են տեսնում սպիտակ ձեռք, որը չի շահագործում, ստրկացնում կամ բռունցքով հարվածում նրանց գլխին, սպիտակ ձեռք, որը չի շահագործում նրանց հանքերը, վերացնում նրանց արժեքները, ձուլում նրանց կամ դիտում նրանց որպես ստորադաս արարածների: Նրանք տեսնում են Թուրքիայի սպիտակ ձեռքը, որը նրանց բոլորին ընդունում է որպես հավասարի և եղբոր.... Մենք փորձում ենք օժանդակել այս սևամորթ, բայց ջերմասիրտ մարդկանց վերածննդին»: Քուրթուլմուշը հավանաբար հուսով էր, թե իր աֆրիկյան ունկնդիրներն անտեղյակ կլինեն, որ Էրդողանը հաճախակի է օգտագործում «զենջի» (սևամորթ) նսեմացուցիչ և ռասիստական եզրույթը՝ ցածրակարգ մարդկանց բնութագրելու համար...

Չցանկանալով ամբարտավանությամբ և կրոնական մոլեռանդությամբ հետ մնալ Էրդողանից և Քուրթուլմուշից՝ վարչապետ Դավութօղլուն անցյալ ամիս Ցյուրիխում տեղի թուրք բնակչության բազմամարդ հանրահավաքում հայտարարեց. - «Իսլամը Եվրոպայի բնիկ կրոնն է և շարունակելու է այդպես մնալ: Չնայած խոչընդոտներին, նախապաշարմունքներին և բազմաթիվ սադրանքաներին՝ Թուրքիան շարունակելու է քայլել ԵՄ անդամության ճանապարհով.... Ալլահի ողորմածությամբ, մենք երբեք չենք խոնարհի մեր գլուխը: Մենք թոռներն ենք Գալիպոլիում մարտնչած հերոսների, որոնք երբեք չեն խոնարհել իրենց գլուխը: Երբ 2002 թ. մենք եկանք իշխանության, նրանք [ԵՄ] ասացին, որ Թուրքիան շատ աղքատ, շատ տկար երկիր է և բեռ կդառնա Եվրոպայի համար: Շնորհակալություն Ալլահին, Թուրքիան այսօր ուժեղ երկիր է.... Մենք բեռ չենք Եվրոպայի համար: Թուրքիան դարման է Եվրոպայի համար... Թուրքիան դարման է նրանց ռասիզմի հիվանդության համար: Մենք դարման ենք նրանց տնտեսական անկման համար: Մենք դարման ենք նրանց ուժի կորստի համար.... Անդալուզիայից [Իսպանիա] մինչևՕսմանյան կայսրություն, և կես դար առաջ մեր ժողովրդի սուրբ երթով, որ եկան այստեղ Անատոլիայի բոլոր կողմերից, ազանի ձայնը [իսլամական աղոթքի կանչ] բերեց այս հերոսներին դեպի Եվրոպա: Մզկիթների գմբեթները, որ նրանք սփռել են այս աշխարհամասում, պաշտպանված կլինեն. մենք շարունակելու ենք պայքարել այն ձեռքերի դեմ, որոնք ձգտում են դրանք վնասել: Ես համբուրում եմ իմ եղբայրների ճակատները, որոնք Թեքփիրը [«Ալլահ աքբար» աղոթքի կոչը] հասցրեցին Ցյուրիխ.... Ինչքան սուրբ էին այն մարդիկ, որ եկան և սերմեր ցանեցին այստեղ, որոնք, Ալլահի զորությամբ, շարունակելու են վերաճել արդարության հսկայական ծառի Եվրոպայի կենտրոնում: Ոչ ոք չի կարող կանգնեցնել սա...»:

Դավութօղլուն համառորեն շարունակեց իր անհեթեթ ու ամբարտավան հայտարարություններն անցյալ շաբաթ, այս անգամ արդեն Անկարայում, ասելով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ «Մենք դաս ենք տալու Եվրոպայի ռասիստներին»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG