Մատչելիության հղումներ

Լրացավ նախագահի վերջին ընտրության երկրորդ տարին


Գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը քվեարկում է 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ

Գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը քվեարկում է 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ

2013-ի փետրվարի 18-ի ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո նախագահի պաշտոնը ստանձնեց Սերժ Սարգսյանը՝ երկրորդ անգամ:

Փետրվարի 18-ը Հայաստանում քաղաքական գործիչները, վերլուծաբաններն ու քաղաքացիները հիշում են որպես Հայաստանի նախագահի 6-րդ ընտրությունների օր:

Ուղիղ երկու տարի առաջ այս օրը տեղի ունեցած ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո նախագահի պաշտոնը ստանձնեց Սերժ Սարգսյանը՝ երկրորդ անգամ:

Ի՞նչ փոխանցեց 2008-ը 2013-ին

Վերջին ընտրությունից հինգ տարի առաջ՝ 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի նախագահի 5-րդ ընտրություններին հաջորդեցին մարտի 1-ի դեպքերը, երբ սպանվեց Հայաստանի տասը քաղաքացի: Մինչ օրս իշխանության որևէ ներկայացուցիչ չի պատժվել սպանությունների համար:

2008 թվականի նախագահի ընտրություններում 9 գրանցված թեկնածուների ցանկում էր նաև ընդդիմադիր, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա հիմնական պայքարը Հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանի դեմ էր: 2008 թվականին մեկնարկած, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ շարունակված հանրային ընդվզումից հետո, ի վերջո, նախագահի պաշտոնը անցավ Սերժ Սարգսյանին: Մարտի 1-ի սպանությունների պատասխանատուներին պատժելու, ընդդիմադիրների, փողոց դուրս եկած և ընտրակեղծիքների մասին պնդումներ ներկայացնող հարյուր հազարավոր քաղաքացիների պահանջները չկատարվեցին: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները լուծարված Փաստահավաք խմբի զեկույցներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը ներառել էին մարտի 1-ի դեպքերին անմիջական մասնակցություն ունեցած օլիգարխների ցանկում:

Կոալիցիոն կառավարությունն ու կուսակցությունները

Հայաստանում առաջին անգամ 2008 թվականին ձևավորվեց կոալիցիոն կառավարություն՝ Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան»-ի, ՀՅ Դաշնակցության և «Օրինաց երկիր» կուսակցությունների ղեկավարների համաձայնությամբ: Վերլուծաբանները փաստում էին, որ «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության պատգամավորները հանրապետականների հետ միասին էին հանդես գալիս քվեարկությունների և քաղաքական մի շարք այլ հարցերում:

Մասնավորապես, քննարկման առարկա էր հարցը, որ «Բարգավաճ Հայաստան»-ը, մեղմ ասած, լուռ էր, երբ 2008 թվականի մարտի 4-ին ընդդիմադիր հայացքներով հանդես եկած, ժողովրդական շարժմանը մասնակցած չորս պատգամավոր՝ Խաչատուր Սուքիասյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանն ու Սասուն Միքայելյանն անձեռնմխելիությունից զրկվեցին: Ընդդիմադիր պատգամավորներից երեքը դատապարտվեցին 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ:

Երկու տարի առաջ այս օրը տեղի ունեցած ընտրություններից հետո կոալիցիոն կառավարության համաձայնագիր ստորագրեցին Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների ղեկավարները: «Բարգավաճ Հայաստան»-ը կոալիցիա կազմելու առաջարկից հրաժարվել էր դեռ 2012 թվականի՝ նախագահի վերջին ընտրություններին նախորդած տարում:

2013 թվականին «Բարգավաճ Հայաստան»-ը նախընտրեց բարձրաձայն չասել, թե որ թեկնածուին է սատարում (ընդդիմությունից առավել թվով ձայն հավաքած թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն էր): Բայց առանձին դեպքերում «Բարգավաճ»-ի ներկայացուցիչներն առաջին դեմքով հայտարարեցին Հանրապետականին սատարելու մասին: Գյումրիի քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ նախագահի ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին, և որ կուսակցության առաջնորդ ԳագիկԾառուկյանը տեղյակ է դրան: Վերլուծաբանները հետաքրքրվեցին, թե ընտրովի պաշտոն զբաղեցնող անձն ինչպես պետք է սատարի նախագահի թեկնածուին:

Քառյակից՝ եռյակ

Նախագահի վերջին ընտրություններից հետո հանրության ուշադրությանն արժանացած մեկ այլ ուշագրավ իրավիճակի մասին. խորհրդարանական նախ 4 կուսակցությունների՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», համախմբման փորձերը վերաբերում էին ոչ թե ընդդիմադիր, այլ ոչ իշխանական համարվող հարթությանը: Քառյակից եռյակի (ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն») վերածվելու վերաբերյալ քննարկումներից բացի նախագահի վերջին ընտրություններից հետո քաղաքական դաշտում քննարկման առարկա դարձած ոչ պակաս ուշագրավ հարցը վերաբերում էր Գագիկ Ծառուկյանի հավակնությանը:

Ծառուկյանի նպատակը

Նախագահի վերջին ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանին սատարելու հրապարակային կոչերից խուսափելուց, բայց նրա կենացը հոտնկայս խմելուց հետո քննարկումների առիթ դարձավ Ծառուկյանի հայտարարությունը, թե պատրաստ է առաջադրել իր թեկնածությունը նախագահի ընտրություններում։

«…Եթե իմ քաղաքական գործընկերները, հանրությունը ներկայացրին, որ ի՛մ կարիքը կա այդ ծանր, դժվար պահին, ու ի՛մ թեկնածությունը պետք է լինի, ուրեմն, ասում եմ, որ ես դրան էլ եմ պատրաստ», - հայտարարել էր ԲՀԿ առաջնորդը։ Ապա ներկայացրել էր, թե ինչ կլինի, եթե նախագահ լինի․ - «Անմիջապես կարող եմ ասել՝ մի քանի ամսվա ընթացքում կարևորագույն խնդիրները լուծումներ կունենան, պետությունը կդրվի ճիշտ ուղու վրա, ճիշտ հիմքերի վրա։ Ու դա ոչ թե միայն խոսքերով, այլ, որ մարդիկ՝ բոլոր ոլորտի, նրանք դա կզգան՝ իրենց առօրյայում, իրենց ապրելակերպում և իրենց գործունեության մեջ»։ «Եվ կարող եմ մի բան էլ ասել, որ այդ ժամանակ չի լինի միանձնյա որոշում կամ մի կուսակցության որոշում՝ բոլոր կուսակցություններում կան շատ խելացի, բանիմաց մարդիկ», - ասել էր Գագիկ Ծառուկյանը՝ չորս ամիս առաջ:

XS
SM
MD
LG