Մատչելիության հղումներ

Հայաստան - ԵՄ համագործակցության ոլորտները «կարող են շատ լինել»


«Մենք լիովին հարգում ենք Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը, սակայն դեռ հույս ունենք, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները կարող են հետագա զարգացում ունենալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտինա Քուիքը՝ Արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնող երկրներից մեկի՝ Շվեդիայի նորանշանակ դեսպանը Հայաստանում:

Դեսպանի խոսքով, նախ և առաջ անհրաժեշտ է նոր իրավական հիմք մշակել Հայաստնի և Եվրամիության միջև, պետք է որոշել, թե որ ոլորտների վրա է հարկավոր կենտրոնանալ և ինչ պետք է ներառի համագործակցությունը:

Մարտինա Քուիքն ասում է՝ իրենց ակնկալիքն է հնարավորինս արագ այս գործընթացն ավարտել․ - «Կարծում եմ, շատ ոլորտներ կան, որտեղ մենք կարող ենք շարունակել համագործակցությունը: Իրոք, Արևելյան գործընկերությունը շատ սրտամոտ և թանկ է մեզ համար: Մայիսին Ռիգայում Արևելյան գործընկերության երկրների մասնակցությամբ մեծ գագաթաժողով կկայանա, և մինչև այդ գագաթաժողովը մենք հնարավորինս կփորձենք գտնել Հայաստանի և Եվրամիության համար այն ոլորտները, որոնցում կարելի է մեծացնել համագործակցությունն ու հարաբերությունները: Այդպիսի ոլորտները կարող են շատ լինել»:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը Ռիգայում կստորագրի Եվրամիության հետ համագործակցության որևէ փաստաթուղթ, Մարտինա Քուիքը պատասխանեց, թե այս պահին դժվար է ասել․ - «Պետք է սպասել և տեսնել, թե այս նախապատրաստական աշխատանքները ինչի կհանգեցեն: Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը Հայաստանի և Եվրամիության միջև բանակցվել ու չեն ստորագրվել, սակայն այդ համաձայնագրերում շատ նյութեր կան, բազմաթիվ համաձայնություններ և փաստաթղթեր, որ մենք կարող ենք օգտագործել և իրավական հիմք դարձնել մեր պայմանագրային հարաբերությունների համար: Այսպիսով, հնարավոր է, որ մենք կարող ենք ստորագրել նոր համաձայնագիր, բայց մենք որոշ նախապատրաստական աշխատանքներ պետք է տանենք գագաթնաժողովին ընդառաջ»։

Ըստ դեսպանի, Հայաստանից ստացվող հետևողական ուղերձն այն է, որ երկիրը շահագրգռված է շարունակել գործընթացը Եվրամիության հետ, և համագործակցել՝ բարեփոխումներ իրականացնելու համար:

Հարցին, թե կարելի է արդյոք Ռիգայի գագաթնաժողովը դիտել որպես վերջնաժամկետ Հայաստան - Եվրամիության հարաբերությունների նոր ձևաչափ մշակելու համար, Քուիքը պատասխանեց, թե որևէ վերջնաժամկետ չկա, սակայն որքան արագ պատրաստ լինի իրավական հիմքը, այնքան լավ․ - «Բացի այդ, դա շատ լավ արդյունք և առաջընթաց կլինի՝ ներկայացնելու համար Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում, և մենք բոլորս հույս ունենք, որ կկարողանանք հասնել դրան»:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Շվեդիայի դեսպանը ասաց, որ շատ մտահոգ են շփման գծում և սահմանին աճող լարվածության կապակցությամբ․ - «Վերջին ամսվա միջադեպերից շատ զոհեր կան, դա սարսափելի է, պետք է ամեն ինչ անել՝ կանխելու հնարավոր նոր միջադեպերն ու զոհերը: Մենք լիովին աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահներին և նրանց ջանքերին: Հույս ունեմ, որ նախագահները և արտգործնախարարները կկարողանան միջորդների օգնությամբ հասնել որոշ փոխըմբռնման, գոնե սկզբնական շրջանում կփորձեն այս լարվածությունը թուլացնել, քանի որ սա վտանգավոր իրավիճակ է»:

Դեսպան Քուիքի խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը երկու երկրներից բացի ազդում է ողջ տարածաշրջանի վրա, ինչպես նաև՝ հայ-թուրքական փակ սահմանը: Հայ-թուրքական արձանագրությունները Ազգային ժողովից հետ կանչելու որոշման վերաբերյալ Շվեդիայի դեսպանն ասում է՝ թե հույս ունի, որ Հայաստանն ու Թուրքիան այնուամենայնիվ կշարունակեն հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Ես հավատացած եմ, որ Եվրոպայում մենք չպետք է փակ սահմաններ ունենանք, և ես հույս ունեմ, որ երկու կողմից գործադրվող ջանքերը հնարավորություն կտան հաղթահարել խոչընդոտները: Կարծում եմ, և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան շատ բան կշահեն բաց սահմաններից, և դա լիովին կփոխեր տարածաշրջանի դինամիկան: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ կլինի հարաբերությունները բարելավելու մի ճանապարհ, և մենք միգուցե հնարավորություն կունենանք որևէ կերպ նպաստել դրան»:

Դեսպանի կարծիքով, երկու երկրների քաղաքացիական հասարակությունները շատ կարևոր դերակատարություն ունեն այս հարցում․ փոխելու այն ընկալումը, որ կա Հայաստանի մասին Թուրքիայում և Թուրքիայի մասին՝ Հայաստանում․ - «Որքան շատ կապեր լինեն երկու երկրների միջև, այնքան քաղաքական գործիչներն ավելի շատ հենման կետեր կունենան, երբ հարաբերությունների կարգավորումը բերեն քաղաքական մակարդակ: Կարծում եմ, մարդկանց միջև հարաբերությունները շատ կարևոր են»։

Մարտինա Քուիքն ասաց, թե առայժմ որոշված չէ, թե ով է Շվեդիայից Հայաստան ժամանելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

XS
SM
MD
LG