Մատչելիության հղումներ

Կառավարությունը թանկարժեք բնակարաններ է նվիրել պետական պաշտոնյաներին


Կառավարությունը թանկարժեք բնակարաններ է նվիրել պետական պաշտոնյաներին
please wait

No media source currently available

0:00 0:03:20 0:00

Բնակարանների արժեքը որոշ դեպքերում հասնում է մինչև 117 հազար դոլարի։

Կառավարությունն առնվազն 28 բնակարան է նվիրել տարբեր գերատեսչությունների մի շարք աշխատողների:

Ամիսներ առաջ կառավարությունն իր որոշմամբ մոտ 755 միլիոն դրամ է հատկացրել` Ոստիկանության, Ազգային անվտանգության, Հատուկ քննչական ծառայության, Դատախազության և Ֆինանսների նախարարության տարբեր պաշտոնյաների համար բնակարաններ գնելու համար: Ընդ որում այդ բնակարանները սեփականության իրավունքով են տրվել։ Օրինակ, գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանն անհատույց 65 հազար դոլարանոց տուն է ստացել Երևանի էլիտար շենքերից մեկում։ Ավագ դատախազ Սուրեն Խաչատրյանի համար էլ պետական բյուջեից ծախսել են մոտ 42 հազար դոլար։

Ֆինանսների նախարարության աշխատակիցներ Քրիստինա Մազմանյանն ու Արմինե Հովսեփյանը պետբյուջեի հաշվին դարձել են 57 հազար և 42 հազար դոլարանոց բնակարանի սեփականատեր։ Ձեռքբերված բնակարանների արժեքը որոշ դեպքերում հասնում է մինչև 117 հազար դոլարի։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունն ուսումնասիրել և հայտնաբերել է, որ կառավարությունը, համարելով անհետաձգելի, 28 բնակարանն էլ գնել է առանց մրցույթի՝ միևնույն «Միկշին» և «Միկմետալ» ընկերություններից։ Ընդ որում հակակոռուպցիոն կազմակերպության փորձագետ Արտակ Մանուկյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սրանք նույն կազմակերպությունն են՝ տարբեր անուններով։

«Այդ ընկերությունները միևնույն լիազոր ներկայացուցիչն ունեն, որն ամեն պայմանագրում հանդես է գալիս որպես կողմ։ Այստեղ կա փոխկապակցվածություն, և բացառված չէ, որ ընդհանուր շենքի սեփականության իրավունքը բաժանվել է երկու մասի։ Այսինքն երկու տարբեր ընկերությունների սեփականությունը կամ բաժնեմասերը վաճառվել են։ Երբ որ մեկինը լիներ, դա ավելի կասկածելի գործարք կլիներ, որ մեծ ծավալներով մեկ անձից գնումներ են իրականացնում»,- ասաց Մանուկյանը։

Մանուկյանն ասում է, որ պաշտոնյաներին թանկարժեք բնակարաններ նվիրելու համար պետք է հստակ լինի, թե ինչու են հատկապես նրանք ընտրվել, ինչու է կառավարությունը որոշել աղետի գոտի ունեցող երկրում պետական աշխատողների բնակարանային պայմանները բարելավել։ Հետաքննող լրագրողների ընկերակցությունը բացահայտել է, որ օրինակ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը բնակարան ունեցել է այն պահին, երբ կառավարությունը որոշել է նրան ևս մեկը նվիրել մայրաքաղաքի կենտրոնում։

«Սա լրացուցիչ հարցադրումների տեղիք է տալիս»,- ասում է Մանուկյանը.- «Որոնք են այդ չափանիշները... ես փորձում եմ հասկանալ, բայց ինձ համար դեռ անհայտ են դրանք։ Եթե չկան չափանիշներ, ապա նման քայլի իրականացումը խոսում է բյուջետային միջոցների անխնա վատնման մասին»։

Պետական բյուջեի հաշվին բնակարանների ձեռքբերման համար հատկացված մոտ 755 միլիոն դրամի կեսը բաժին է ընկել ոստիկանության աշխատողներին, սակայն եթե մյուս գերատեսչությունների պայմանագրերում նշված է շահառու պաշտոնյայի անունը, ապա ոստիկանության համար ձեռքբերված 11 բնակարաններից որևէ մեկի դեպքում անուն նշված չէ։ Որպես գնորդ հանդես է եկել ոստիկանության լիազոր ներկայացուցիչը։Այդ բնակարանների օգտագործման նպատակը մնացել է ծառայողական, այսինքն սեփականության իրավունքով չեն նվիրվել։

Դատախազությանն ուղղված մեր հարցադրումներն այսօր մնացին անպատասխան, իսկ կառավարությունից հայտնեցին, որ ավելացնելու ոչինչ չունեն, քան այն, ինչ պատասխանել են «Հետք» պարբերականին։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Հետքի» գրավոր հարցմանը պատասխանել էր, որ այս ծրագրով «կառավարությունը փորձում է պետական աշխատանքը գրավիչ դարձնել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG