Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահի՝ Հունգարիա այցին ընդառաջ Բուդապեշտում բողոքի ցույց է տեղի ունեցել՝ «Ադոլֆ Պուտլեր», «Պուտինին՝ ոչ, Եվրոպային՝ այո» վերտառությամբ պաստառներով ու կոչերով:

Պուտինն այսօր է մեկնում Հունգարիա և այդ առիթով Հունգարիայի հազարավոր քաղաքացիներ Ռուսաստանի ղեկավարների հետ սերտ կապեր ունեցող վարչապետ Վիկտոր Օրբանին հորդորում են վերջ դնել, ինչպես իրենք են բնորոշում՝ պուտինացմանը:

Այս այցն առաջինն է Եվրամիության տարածք 2014 թվականի ամռանից ի վեր, երբ եվրոպական կառույցը սկսեց պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու և մարդկային հազարավոր զոհերի պատճառ լինելու մեջ մեղադրվող Ռուսաստանի նկատմամբ: Պուտինի այցերը Եվրամիության տարածք սահմանափակվեցին՝ բացառությամբ ուկրաինական ճգնաժամի հաղթահարման ուղիներն իր և Եվրամիության առաջնորդների մասնակցությամբ քննարկելու դեպքերի:

Վերլուծաբանների գնահատմամբ, Պուտինի այցը մեկ նպատակ է հետապնդում՝ ցույց տալ, որ նա Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում ունի դաշնակիցներ: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Պուտինն իր այցի ժամանակ ծաղկեպսակ է դնելու Բուդապեշտում անհետ կորած զինվորի գերեզմանին:

Նշենք, որ 2014 թվականին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, թե Եվրամիությունը «պատժել է ինքն իրեն»՝ սահմանափակելով առևտրական կապերը Մոսկվայի հետ:

Հունգարիայի իշխանությունները Պուտինի նկատմամբ վերապահումներով հանդես գալու՝ իրենց քաղաքականությունը պատճառաբանում են Ռուսաստանի հետ գազամատակարարման պայմանագիրը երկարացնելու անհրաժեշտությամբ:

Հունգարիա մատակարարվող բնական գազի գրեթե կեսն ապահովում է Ռուսաստանը: Պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարի:

Հունգարական լրատվամիջոցները հիշեցնում են, որ իր պաշտոնավարման մեկնարկին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախ հանդես էր գալիս հակակոմունիստական, հակառուսական դիրքորոշմամբ, բայց, ինչպես գնահատում են մեկնաբանները, վերջին մի քանի տարիներին նա ռուսական իշխանությունների ամենամերձավոր գործընկերն է դարձել Եվրոպայում:

Անցյալ ուրբաթ տեղական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Օրբանն ասել էր, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում կան «հոգեբանական խնդիրներ» և ինքը փորձելու է «հարթել այդ խնդիրները»:

Իսկ Պուտինի այցին ընդդիմացող ցուցարարները պնդում են՝ իրենց անհանգստացնում են Հունգարիան պուտինացնելու քայլերը:

«Մենք ասում ենք՝ ոչ այս կարգի բռնապետությանը: Մենք ազատ ժողովուրդ ենք և մենք ուզում ենք ինքնուրույն որոշումներ կայացնել, առանց որևէ ազդեցության՝ ինչպիսին է ժողովրդավարության կանոնները խախտող Պուտինը», - «Ռոյթրզ» գործակալության հետ զրույցում ասել է ցուցարարներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG