Մատչելիության հղումներ

Նոր օրենքով Կառավարությունը «փորձում է վերահսկել» ՀԿ-ները


ՀԿ-ների ներկայացուցիչները պնդում են, որ մշակման փուլում գտնվող «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքով փորձ է արվում իրենց հանդեպ պետական վերահսկողություն սահմանել։

Նախագծի հիմնական խնդրահարույց հարցը յուրաքանչյուր իրականացվող ծրագրի վերաբերյալ Կառավարությանը ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու պահանջն է։

Մինչդեռ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի ծրագրային գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը պնդում է, որ հասարակական կազմակերպությունը պետք է հաշվետու լինի միայն հասարակության և ֆինանսավորման իր աղբյուրի առջև։

«Մենք առաջարկում ենք, որպեսզի ֆինանսական հաշվետվության համապատասխանությունը բովանդակությանը և այլն բավականին խստորեն ներկայացվի օրենքում այն կազմակերպությունների համար, որոնք ֆինանսական աջակցություն են ստանում պետությունից: Որովհետև այդտեղ արդեն մեր ու ձեր հարկերի հարցն է: Բայց եթե մեզնից որևէ մեկը որոշում է, որ ինքը ինչ-որ գումար պետք է տա ինչ-որ մի կազմակերպության ինչ-որ մի գործ անելու համար, ու այդ կազմակերպությունը լավ կամ վատ է անում, դա այդ մարդու և հասարակության առջև պատասխանատվության հարցն է»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Ամիրյանը։

«Մեր հաջորդ հակափաստարկը հետևյալն է, որ այլ իրավաբանական անձինք, առևտրային կազմակերպություններ, ըստ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի, ենթակա են պարտադիր աուդիտի, եթե նրանց տարեկան շրջանառությունը կազմում է մեկ միլիարդ դրամ: Այսինքն նախագծի հեղինակները իջեցրել են այդ շեմը ՀԿ-ների համար մինչև հիսուն միլիոն դրամ, որը մեզ համար անընդունելի է», - նշեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:

Հասարակական կազմակերպության թույլ տված կոպիտ խախտումների դեպքում Կառավարությունը կարող է դիմել դատարան՝ այն լուծարելու պահանջով։ Կազմակերպությունները նշում են, որ օրենքի նածախգում ամրագրված «կոպիտ խախտում» հասկացությունը վիճելի է։ Բացի այդ, ըստ նոր օրենքի նախագծի, հասարակական կազմակեպությունները, ի տարբերությունը Կառավարության, սահմանափակ դեպքերում են իրավասու դատարան դիմել։ Նշվում են կոնկրետ ոլորտներ՝ բնապահպանություն և մշակութային արժեքների պահպանություն։

«Կա նաև սահմանափակում, որ եթե այդ հարցով ուզում ես դիմել դատարան, դու պիտի նախօրոք ինչ-որ մի գործունեություն ծավալած լինես հենց այդ հարցի շուրջ, մասնակցած լինես նախնական քննարկումների և այլն, որ հետո, երբ գա հասնի դատարանին, դու կարողանաս դիմել դատարան: Բայց մենք փորձ ունենք, որ մասնակցում ես լսումներին, պայքարում ես, ցույց ես անում, շրջապատում ես մշակութային արժեքը․․․ հետո դու երբ որ դիմում ես դատարան, այդ արժեքը արդեն քանդել են», - ասաց Դավիթ Ամիրյանը։

Իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ ռուսաստանյան օրեսդրության օրինակով, այս փոփոխություններն էլ կարող են մահակ դառնալ հասարակական կազմակերպությունների գլխին: Հիշեցնում են, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը անցած տարի հարցազրույցներից մեկում անգամ կոչ արեց չեզոքացնել այն ՀԿ-ները, որոնք սեպ են խրում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ։

«Հայաստանը ևս կարող է գնալ սահմանափակումների ճանապարհով», - «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ծրագրի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը՝ շարունակելով․ - «Մտավախությունը, բնականաբար, կա, որովհետև կա օրինակ: Եվ կա մերձեցում այդ օրինակը կրող երկրի հետ: Ընդունվեց օրենք շատ արագ կերպով Ռուսաստանում, որը առնչվում էր արտասահմանյան գործակալի կարգավիճակ տալու հետ: Մենք անդամակցեցին մի միության, որի անդամ պետությունների ժողովրդավարությունը բավականին մեծ զարգացման տեղ ունի, և շատ լուրջ խնդիրներ կան մարդու իրավունքների, խոսքի ազատության, միավորումների ազատության, ինչը որ ուղղակիորեն առնչվում է ՀԿ-ների գործունեության և այդ օրենքի հետ»։

Նախորդ շաբաթ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Արդարադատության նախարարության պատասխանատուների հետ քննարկել են օրենքի նախագծի խնդրահարույց կետերը։ Թեև առաջարկները պատրաստակամորեն գրի են առնվել, բայց վստահություն չկա, որ դրանք հաշվի կառնվեն:

«Մենք երաշխիքներ չունենք, որ օրինագիծը, հայտնվելով Ազգային ժողովում, փոփոխությունների չի ենթարկվի, քանի որ հայեցակարգի և օրենքի նախագծի մեջ արդեն զգալի տարբերություններ կան», - նշում են նրանք։

XS
SM
MD
LG