Մատչելիության հղումներ

logo-print

Մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի այցը տարածաշրջան


ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդ, արխիվ

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդ, արխիվ

Վաղը Վիկտորիա Նուլանդը կժամանի Հայաստան։

Մեկնարկել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի այցը տարածաշրջան։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն, Բաքվում նախատեսված է Նուլանդի հանդիպումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Օրակարգային թեմաների շարքում առևտրային, ներդրումային, անվտանգության, ահաբեկիչների դեմ պայքարի, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության հետ կապված հարցեր են: Անդրադարձ կկատարվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Ըստ պաշտանական հաղորդագրության, ամերիկացի պաշտոնյան մտադիր է հանդիպել նաև Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Նուլանդի այցի օրակարգային գլխավոր հարցը ադրբեջանա - ամերիկյան օրեցօր վատթարացող հարաբերություններն են։

Վերջին շրջանում, հիշեցնենք, Վաշինգտոնին հաճախ են կոչ անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ մարդու իրավունքների համատարած խախտումների համար, իսկ Բաքուն համառորեն պնդում է, թե Միացյալ Նահանգները մտադիր է «գունավոր հեղափոխություն» անել երկրում և ապակայունացնել իրավիճակը։

«Արդյո՞ք Նուլանդը քաղցրաբլիթներ բաժանելու է գալիս», - հեգնում են ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները՝ հիշեցնելով անցյալ տարվա ձմռանը Նուլանդի այցը Կիև, որի ընթացքում ամերիկացի պաշտոնյան անձամբ էր քաղցրաբլիթներ բաժանում Մայդանում հավաքված ցուցարարներին։

Այսօր հանդիպումների ավարտին Նուլանդը կուղևորվի Վրաստան։ Թբիլիսիում պլանավորված են մի շարք հանդիպումներ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ։ Պաշտոնական Թբիլիսիի հետ քննարկվելու են երկկողմ և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Վրաստանի եվրոպական ինտեգրման հարցերը, վրաց - աբխազական հակամարտությունը։

Վաղն արդեն Նուլանդը կժամանի Հայաստան: Այստեղ նա կհանդիպի իշխանության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի և ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական ու ժողովրդավարական կապերին առնչվող հարցեր: Օրակարգում ընդգրկված է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։

XS
SM
MD
LG