Մատչելիության հղումներ

Փորձագետ. Իշխանությունը ցանկություն ունի տանել ապակառուցողական քաղաքականություն


Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 16-ը հունվարի, 2015թ.

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 16-ը հունվարի, 2015թ.

Ըստ Բադալյանի, եթե եռյակը խախտի քաղաքապետարանի որոշումը, փորձի ինչ-որ բռնություն անել, իշխանությունն էլ կփորձի չեզոքացնել եռյակին։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով, իշխանություններն այսօր ցանկություն ունեն տանել ապակառուցողական քաղաքականություն ու եռյակին ներքաշել իրենց գծած սցենարի մեջ։

«Իրենց գծած սցենարը դա է՝ եթե եռյակը խախտի քաղաքապետարանի որոշումը, փորձի ինչ-որ բռնություն անել, իշխանությունը իրավունք կունենա հակառակ բռնությունն իրականացնել և դրանով ինչ-որ չափով լարել իրավիճակը՝ փորձել չեզոքացնել եռյակին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը։

Ըստ փորձագետի, եռյակն առճակատման գնալու փոխարեն պետք է շարունակի այն ճանապարհը, որով մինչ օրս շարժվել է՝ Ազգային ժողովում քննադատի իշխանությանը, աջակցի սոցիալական խմբերի բողոքի ցույցերին, շարունակի աշխատել եվրոպական, ռուսական տարբեր կառույցների հետ։

«Եռյակը պետք է հասկանա, որ գործող նախագահի քաղաքական ժամկետը մինչև մյուս տարվա կեսն ավարտվում է, որովհետև դրանից հետո բոլորը սկսելու են մտածել իրենց մասին։ Եթե գործող նախագահը չկարողանա 9 ամսվա ընթացքում Սահմանադրությունը փոխել, ինքը չի վերարտադրվի, իսկ եթե ինքը վերարտադրվելու հնարավորություն չունեցավ՝ Հանրապետական կուսակցությունը չի վերարտադրվի, սա է խնդիրը։ Այսինքն, Սահմանադրական փոփոխությունները մեկ նպատակ ունեն՝ նախագահի վերարտադրման խնդիրն են լուծում», - ասաց Բադալյանը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արագած Ախոյանն ու Կարո Կարապետյանը արդեն դիմում են ներկայացրել ու լքել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Հարցին` սա առնետավազքի սկի՞զբ է, փորձագետը պատասխանեց, թե գուշակություններ անել չի կարող։

«Բայց կարող եմ ասել, որ այդ երկու գործիչների դուրս գալով ԲՀԿ-ն հաստատ ո՛չ մարդկային, ո՛չ ռեսուրսային, ո՛չ ինտելեկտուալ կորուստ չի ունեցել, որովհետև նրանք այն պատգամավորները չեն, որոնք, այսպես ասած, Ազգային ժողովում բարձր են պահում ԲՀԿ-ի անունը, իսկ մեկի դեպքում ընդհակառակը կարող ենք ասել։ Ինչ վերաբերում է՝ շարունակական կլինի, թե շարունակական չի լինի, նույնպես կախված է եռյակի, հատկապես ԲՀԿ-ի աշխատանքից՝ եթե ԲՀԿ-ն կարողացավ իր հզորությունը ցույց տալ աշխատանքի տարբեր բնագավառներում, դուրս չեն գա, եթե նա չկարողացավ իր հզորությունը ցույց չտալ, հնարավոր է դուրս գան։ Այսինքն, կախված է միայն եռյակից և ԲՀԿ-ից», - ասաց Բադալյանը։

Քաղաքական դաշտի հետագա զարգացումները, ըստ փորձագետի, կախված են կողմերի համարժեք գործողություններից։

«Իշխանություններն իրենց քայլերն արել են, իրենց ելույթն ունեցել են, նախագահը հանձնարարականներն իջեցրել է համապատասխան մարմիններին՝ համապատասխան գործողություններ իրականացնելու, եթե եռյակը հանգիստ, նորմալ վերլուծի և շարունակի իր գործողությունները և առիթ չտա իշխանություններին իրեն հարվածելու որոշակի ժամանակաշրջանում, ապա շատ հանգիստ զարգացումներ տեղի կունենան, իսկ եթե ինքը գնա իշխանությունների գծած սցենարով, ապա նա կստանա այն, ինչն իշխանություններն իրենց համար նախապատրաստել են, այսինքն՝ քաղաքականապես ոչնչացման ճանապարհով», - ասաց Բադալյանը։

XS
SM
MD
LG