Մատչելիության հղումներ

Ոչ ԱՄՆ-ը և ոչ էլ Իրանը մտադիր չեն որևէ դեպքում երկարաձգել պայմանագիրը ստորագրելու ժամկետները, և մարտի 24-ը այս առումով դառնում է վճռական օր։

Աշխարհի մեծաթիվ երկրներ են հավատացած, որ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր նպատակը միջուկային զենքեր արտադրելն է։ Այդ պատճառով շարունակվում են Իրանի հետ բանակցությունները, երբ իրանական կողմը պահանջում է հանել իր նկատմամբ գործադրվող պատժամիջոցները, իսկ բանակցող մյուս կողմը ցանկանում է ստանալ իրական երաշխիքներ, որ միջուկային այս ծրագրով Թեհրանը չի ունենա ատոմային զենք արտադրելու հնարավորություն։ Սակայն ոչ մեկ և ոչ էլ մյուս կողմը պատրաստ չեն բանակցությունները շարունակել հուլիսի 1-ից հետո։

Այս մասին է հայտարարել նաև Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ում խոսքերով՝ «չարժե մեկ անգամ ևս ժամկետը երկարաձգել, եթե Իրանը պատրաստ չէ ապացուցել, որ իր նպատակը միջուկային զենք արտադրելը չէ»։

Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է. - «Չեմ կարծում, որ պայմանագրի ստորագրման ժամկետի երկարաձգումը բխում է որևէ կողմի շահերից, սակայն չեմ էլ կարծում, որ չստորագրվելու դեպքում կգա աշխարհի վերջը»։

Վերլուծաբաններից շատերը հավատացած են, որ կարծր դիրքորոշման այս ցուցադրումը զուտ ռազմավարական նպատակներ ունի։ Օրինակ, Քարնեգի հաստատության վերլուծաբան Ջեյմս Էքթոնի խոսքով՝ կողմերից յուրաքանչյուրը փորձում է համաձայնության գալու համար ճնշումներ բանեցնել մյուսի վրա։ Նա այն կարծիքին է, որ երկու կողմերն էլ մեծապես տանուլ կտան, եթե այս բանակցությունները ևս տապալվեն։

Իրանը պարտվողի դերում կլինի, քանի որ չի իրականանա միջազգային պատժամիջոցներից ազատվելու նրա ցանկությունը։ Բանակցող մյուս կողմը՝ «Հինգ գումարած մեկ»-ը (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան) պարտվող կհամարվի, քանի որ հօդս կցնդեն Իրանի միջուկային ծրագիրը զսպելու ջանքերը։

Ինչևէ, կողմերը պատրաստվում են վերջնական բանակցություններին, և Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին հորդորել է արտգործնախարար Զարիֆին հրաժարվել բանակցությունների ժամանակ բարձր խոսելու իր սովորությունից և «ժպտալ այնպես, ինչպես ժպտում է սովորաբար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG