Մատչելիության հղումներ

Նոր բռնությունները Եվրոպայում անհանգստացնող նշան են Միացյալ Նահանգների համար:

Մինչ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է հյուրընկալել բռնի ծայրահեղականությանը հակազդելուն նվիրված գագաթնաժողով, ամերիկացի օրենսդիրները շարունակում են քննարկել նախագահի հայցը, որը կոնգրեսականներին խնդրել էր իրեն թույլ տալ պատերազմել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ:

Կոպենհագենի հրեական սինագոգի, ինչպես նաև ազատ խոսքին նվիրված միջոցառման դեմ իրականացված հարձակումները անմիջապես հիշեցրեցին Ֆրանսիայում նախորդ ամիս տեղի ունեցած ահաբեկչությունները: Բռնությունները Եվրոպայում անհանգստացնող նշան են Միացյալ Նահանգների համար, քանի որ «Իսլամական պետություն» խմբավորմանը միացած արմատականները կարող են ներթափանցել նաև ամերիկյան տարածք:

Հենց այս անորոշության մթնոլորտում է, որ Օբաման Կոնգրեսից հայցել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պաշտոնական թույլտվություն:

«Դա ցամաքային պատերազմի թույլտվություն չէ, ինչպես Աֆղանստանի ու Իրաքի դեպքում էր: Միևնույն ժամանակ, անկանխատեսելի հանգամանքներում դա մեզ թույլ կտա անհրաժեշտ ճկունություն ցուցաբերել», - ասում է Միացյալ Նահանգների նախագահը:

Կոնգրեսը միասնական է «Իսլամական պետություն» խմբավորումը վերացնելու ցանկության մեջ, սակայն հանրապետականների մեծ մասը կարծում է, որ Օբաման, ինչպես նաև նրա իրավահաջորդը պետք է ավելի ազատ լինեն պայքարն իրականացնելիս: Նման կարծիք է արտահայտել Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյները:

«Պատերազմն ընթացքի մեջ է, և մենք ներգրավված ենք դրանում, սակայն նախագահը կապել է սեփական ձեռքերը և ցանկանում է այդ հայցով իր ձեռքերն է՛լ ավելի ձիգ կապել», - ընդգծում է Բեյները:

Ի տարբերություն հանրապետականների՝ դեմոկրատները, ընդհակառակը, դիտարկում են նախագահի հայցը որպես չափազանց անորոշ:

Օրենսդիրներն այս շաբաթ դեռ շարունակում են քննարկել «Իսլամական պետության» դեմ պայքարի հնարավոր միջոցները, իսկ մյուս շաբաթ ստիպված են լինելու կայացնել վերջնական որոշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG