Մատչելիության հղումներ

ԵՄ պատժամիջոցների ցանկում նոր անուններ են ներառվել


Եվրամիությունն ընդլայնեց Ռուսատանի դեմ պատժամիջոցների սև ցուցակը, որում ներառվել են ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալներ Անատոլի Անտոնովն ու Արկադի Բախինը, Պետդումայի առաջին փոխխոսնակ Վալերի Ռաշկինը, Պետդումայի պատգամավոր, երգիչ Իոսիֆ Կոբզոնը, Դոնբասի ռուսամետ անջատականների դաշտային հրամանատարներ:

Իրավաբանական անձանց ցանկում են Դոնբասի անջատականների տարբեր միավորումներ, այդ թվում՝ «Նովոռոսիա» հասարակական շարժումը։

Ֆինանսական ու վիզային սահմանափակումներ են մտցվել ընդհանուր առմամբ 19 ֆիզիկական ու 9 իրավաբանական անձանց նկատմամբ: Պատժամիջոցները ենթադրում են ԵՄ մուտքի արգելք և ԵՄ տարածքում նրանց ունեցած ակտիվների սառեցում։

Բացի այդ, եվրոպացի նախարարները հանձն էին առել երկարացնել ավելի վաղ սահմանված անհատական պատժամիջոցների ժամկետը մինչև 2015 թվականի սեպտեմբեր։ Ընդհանուր առմամբ այդ ցուցակում ընդգրկված է 132 ֆիզիկական և 28 իրավաբանական անձի անուն։

«Նոր պատժամիջոցներն անհեթեթ են»,- այսօր տարածած հաղորդագրությամբ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը.- «Դրանք հակասում են առողջ բանականությանը և անպատասխան չեն մնա, այդ պատժամիջոցները ներուկրաինական հակամարտության լուծման հնարավորության օգտին չեն»։

Սև ցուցակում հայտնված ռուսաստանցի քաղաքական գործիչները նույնպես անմիջապես արձագանքել են իրենց վերաբերող Եվրամիության արգելքին։ Պատգամավոր Վալերի Ռաշկինը «Թվիթեր»-ում գրել է, թե հպարտ է այդ կապակցությամբ։ Իոսիֆ Կոբզոնն էլ իր ուրախությունն է հայտնել՝նշելով, որ առաջիկայում պատրաստվում է մեկնել Դոնբաս։

«Ոչ ոք ինձ չի կարող ուղղություն ցույց տալ»,- ասել է ռուսաստանցի երգիչը։

Իսկ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում հայտարարել է, թե այդ եվրոպական արժեքներն իրեն օտար են, պետք չեն և որ երբեք էլ չի ընդունի ընդունի դրանք։ Բասուրինը նույնիսկ շնորհակալություն է հայտնել, որ իրեն ներառել են այդ սև ցուցակում։

Մինչ այդ Ուկրաինայի արևելքում իրավիճակը չի հանդարտվում։ Այսօր Դոնբասում մեկնարկում է մինսկյան պայմանավորվածությունների իրականացման հերթական փուլը, որը նախատեսում է սպառազինությունների ծանր տեսակների հետքաշում։ Չնայած 16 ժամ տևած բանակցությունների արդյունքում ստորագրված հրադադարի մասին պայմանագրին ՝ Ուկրաինայի արևելքում իրադրությունը շարունակում է լարված մնալ։

Պաշտոնական Կիևը հաղորդում է ռուսամետ անջատականների կողմից հրադադարի խախտման մասին. երկրի արտգործնախարար Պավլո Կլիմկինի խոսքերով՝ անցած 24 ժամվա ընթացքում անջատականները ավելի քանի 100 անգամ կրակ են բաց թողել։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հակամարտության կողմերին կոչ անելով դադարեցնել կրակը Ուկրաինայի արևելքում և թեթևացնել խաղաղ բնակիչների կյանքը։ Խոսելով Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանի վրա կարևոր հանգույց հանդիսացող Դեբալցևոյում տեղի ունեցած բախումների մասին՝ Մերկելն ընդգծել է՝ իրավիճակը փխրուն է, անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ հրադադարը պահպանելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG