Մատչելիության հղումներ

logo-print

ՀՅԴ-ն «ողջունելի, բայց ոչ բավարար է» համարում արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելը


ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակ պատասխանատուի խոսքով, ողջունելի և բավարար կլինի՝ եթե արձանագրություններից պաշտոնապես հետ կանչվի Հայաստանի ստորագրությունը:

ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակ պատասխանատու Կիրո Մանոյանը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Ազգային ժողովից Հայաստան – Թուրքիա արձանագրությունները հետ կանչելը «ողջունելի է, բայց ոչ բավարար» քայլ է համարում:

«Սա ընդամենը Ազգային ժողովի օրակարգից հանում է արձանագրությունները, բայց մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է արձանագրությունների տակից Հայաստանի ստորագրությունը հետ կանչել, որպեսզի իսկապես իրավականորեն այդ արձանագրությունները այլևս գոյություն չունենան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանոյանը և շարունակեց․ - «Օրակարգից հանելը, ճիշտ է, ինչ-որ տեսակետի, կեցվածքի դրսևորում է, բայց բավարար չէ, որովհետև տակավին իրավականորեն դրանք «կենդանի են» և շարունակում են մնալ որպես լծակ Թուրքիայի ձեռքում»:

«Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը», - արձանագրությունների հետ կանչելու վերաբերյալ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված նամակում գրել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտարկմանը, թե գուցե ներքաղաքական իրավիճակը կամ Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է պատճառը, որ նախագահը որոշեց դիմել այս քայլին, Կիրո Մանոյանն արձագանքեց, թե իր համար այս որոշումհ անսպասելի չէր, քանի որ դեռ սեպտեմբերին երկրի նախագահն այս մասին խոսել էր Հայաստան - Սփյուռք համաժողովում, նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելությում:

Հարցին, թե գուցե ՀՅԴ-ՀՀԿ կուսակցությունների՝ վերջին շրջանում բարելավված հարաբերություններն են խթանել այս որոշման կայացումը, Մանոյանը պատասխանեց․ - «Մենք արձանագրությունների տակից Հայաստանի ստորագրության հետ կանչելու խնդիրը դրել ենք ոչ միայն Հանրապետականի հետ մեր քննարկումների ժամանակ, այլ բոլոր կուսակցությունների հետ: Բոլորը չէ, որ համաձայն են եղել, բայց կան նաև այլ կուսակցություններ, որոնք ևս համաձայն են: Կարող է նախագահը մտածել է, որ սա հասարակության մոտ բավական դրական արձագանք ունենալիք մեկ քայլ է, դրա համար էլ որոշել է անել այդ քայլը հիմա»:

Թուրքագետ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ևս կարծում է, որ այս որոշման ժամանակը հասունացել էր:

«Թուրքական ղեկավարության պահվածքը՝ կապված ապրիլի 24-ի հետ, վերջին կաթիլն էր, որ պարզ դարձրեց, որ այդ փաստաթղթերը ապագա չունեն: Ինչ կլինի դրանից հետո, դժվար է ասել: Ըստ էության հիմա հայ-թուրքական միջպետական հարաբերություններ գոյություն չունեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆրաստյանը:

Կիրո Մանոյանը համոզմամբ՝ Հայաստանի ստորագրությունը օր առաջ պետք է հետ կանչվի, և այդ դեքպում նախագահի այսօրվա քայլը կլինի ոչ միայն ողջունելի, այլև բավարար․ - «Ապրիլի 24-ը պարզ է, որ խորհրդանշական է: Ցանկալի է, որ ստորագրությունը մինչ այդ հետ կանչվի: Մենք ուղղակիորեն չենք ասում՝ անպայման ապրիլի 24-ին այն իմաստով, որ արդեն պետք է երեկ, երեք ամիս առաջ, մեկ տարի առաջ արվեր: Դրա համար էլ ինչքան շուտ արվի, այնքան լավ»:

XS
SM
MD
LG