Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ում քննարկել են նստացույցի և հացադուլի տարբերակները


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանի աշխատակազմին հանձնարարել է ուսումնասիրել Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հիմքերը:

Գագիկ Ծառուկյանին խորհրդարանական մանդատից զրկելու դեպքում «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները հնարավոր է հացադուլ և նստացույց անեն, կուսակցության կենտրոնական գրասենյակում անցկացված խմբակցության նիստից հետո հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը։

Ցերեկն անցկացված նիստը, Բաբայանի խոսքով, վարել է խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Ծառուկյանը հանդիպմանը չի մասնակցել։

«Եթե հավանական տարբերական լինի՝ մեր ղեկավարին զրկել պատգամավորական մանդատից, քննարկվել են նույնիսկ նստացույց և հացադուլի տարբերակները, բայց դա ընդամենը քննարկված տարբերակներից մեկն է»,- ասաց Բաբայանը։

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանի աշխատակազմին հանձնարարել է ուսումնասիրել Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հիմքերը: Առիթը ԲՀԿ խմբակցության ղեկավարի բացակայություններն են, պարզաբանեց խորհրդարանի խոսնակը.- «Դրանով զբաղվում է աշխատակազմը»,- ասաց Սահակյանը։

Գալուստ Սահակյանը վստահեցնում է, թե ուսումնասիրությունները վերաբերելու են ոչ միայն Ծառուկյանին, այլև բոլոր պատգամավորներին։ ԱԺ անցած նստաշրջանից ամենաշատը բացակայած պատգամավորների մեծամասնությունը ԲՀԿ-ի ներկայացուցիչներ են։

Սահմանադրության համաձայն, պատգամավորի լիազորությունները դադարում են նաև մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայությունների դեպքերում: Ծառուկյանը քվեարկությունների կեսից ավելիին իսկապես չի մասնակցել։ Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին խորհրդարանից, բացակայել է 6-րդ նստաշրջանի 133 քվեարկություններից, սակայն այդ բացակայությունների առյուծի բաժինը Գալուստ Սահակյանը անցած տարեվերջին հարգելի է համարել։

Ծառուկյանին մանդատից զրկելու միակ հիմքը կարող է դառնալ այդ բացակայությունները անհարգելի համարելը։ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո Գալուստ Սահակյանը, ըստ ամենայնի, ստիպված է լինելու վերանայել իր իսկ որոշումը։ Սա քաղաքական հետապնդում չէ՞, Սահակյանից հետաքրքրվեցին լրագրողները։

«Քաղաքական հետապնդման խնդիր գոյություն չունի»,- պնդեց Սահակյանը.- «Պարզապես միշտ էլ, ոչ միայն ես, այլ քաղաքական այն թիմը, որին ես ներկայացնում եմ, փորձել ենք խորհրդարանում այնպես անել, որպեսզի լարվածություններ չառաջանան, համագործակցություն լինի, բայց դա էլ իր վերջն ու վախճանը պիտի ունենա»։

Ի դեպ, այսօր ԱԺ նախագահը ԲՀԿ խմբակցությանը նամակ է հղել, ինչպես տեղեկացրեց ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը, հավելյալ պարզաբանումներ ստանալու համար։

Սպասվում էր, որ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը կանցկացվի ԱԺ կանոնակարգի 99-րդ հոդվածին համապատասխան՝ մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկություններից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգով՝ ԱԺ-ի նիստում։ Այս դեպքում նաև անհրաժեշտ կլիներ պատգամավորների քվեարկությունը։ Այնինչ ԱԺ-ից հավաստիացրին, թե 2013 թվականի ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանը, քննելով ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի դիմումը, անհարգելի բացակայությունների հիմքով պատգամավորին մանդատից զրկելու հարցը ԱԺ-ի նիստում լսելու ընթացակարգերը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել։ Ուստի պատգամավորի լիազորությունների դադարման մասին ԱԺ-ի նախագահի ստորագրած և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկած արձանագրությունն էլ բավարար է պատգամավորին մանդատից զրկելու համար։

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է՝ Գալուստ Սահակյանը չի կարող նման որոշում ընդունել։

«Հրապարակավ քաղաքական կուսակցության ներկայացուցիչը իր կուսակցության անունից քաղաքական պատվեր իջեցրեց, որը, իհարկե, հասկանալի է, որ չի կարող ունենալ հետադարձ ուժ, որովհետև մինչ այդ հայտարարությունը անելը և հաջորդ օրը Ծառուկյանի բոլոր բացակաները համարվել են հարգելի։ Հետևաբար այս հայտարարությունները և հանձնարարությունը ուղղակի քաղաքական պատվեր է և որևիցե կապ չունի իրավունքի գերակայության հետ»,- ասաց Փոստանջյանը։

Պատգամավորը նկատեց՝ օրենքը չպետք է ընտրովի կիրառվի.- «Պարզ ասվում է, որ այսպիսի քաղաքական գործիչ մեր հասարակության մեջ և Հանրապետական կուսակցության համար անթույլատրելի է։ Բայց նույնպիսի քաղաքական գործիչների, որոնք Հանրապետականն են ներկայացնում, առկայությունը թույլատրելի է»։

Հավելենք, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում էին նաև Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանն ու Արման Մուսինյանը։ Թե ի՞նչ նպատակով, չպարզաբանեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG