Մատչելիության հղումներ

Քաղաքապետարան. Իրադարձությանը ութ օր անց արձագանքելը չի կարող մեկնաբանվել որպես շտապ հավաքի անցկացման հիմք


Երևանի քաղաքապետարան։

Երևանի քաղաքապետարան։

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին եռյակի նախաձեռնությանը։

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. - «Համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում: Մինչդեռ գրության բովանդակությունից հետևում է, որ հավաքն անցկացվելու է Հանրապետության նախագահի` դեռևս փետրվարի 12-ի ելույթին արձագանքելու նպատակով»:

Քաղաքապետարանը նշել է, որ գրության մեջ նշված իրադարձությանը ութ օր անց արձագանքելու անհրաժեշտությունը չի կարող մեկնաբանվել որպես շտապ հավաքի անցկացման հիմք, հետևաբար, «քաղաքապետին ներկայացված գրությունը չի համապատասխանում «Հավաքների ազատության մասին» Հայաստանի օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների պահանջներին և չի կարող համարվել տեղեկացում շտապ հավաքի մասին»:

«Իրազեկում պահանջող հավաքը շտապ հավաքի անվան տակ անցկացվելու դեպքում բացակայում է օրենքով սահմանված լսումներ իրականացնելու և պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող Ազատության հրապարակում հավաքի անցկացման համար բեռնատարների մուտքը թույլատրելու ու հավաքի համար անհրաժեշտ պարագաներ տեղադրելու հարցով Հայաստանի մշակույթի նախարարության կարծիքը ստանալու իրավական հնարավորությունը», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունների անունից պետական գերատեսչություններին իրազեկում է ներկայացվել փետրվարի 20-ին ժամը 16:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրելու եռյակի նախաձեռնության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG