Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահը ԱԺ-ից հետ է կանչում Հայաստան-Թուրքիա արձանագրությունները


Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում, 10-ը հոկտեմբերի, 2009թ.

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում, 10-ը հոկտեմբերի, 2009թ.

Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:

Նամակում Սերժ Սարգսյանը գրում է, որ արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից, և այդ ողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում:

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը»,- ասված է Սերժ Սարգսյանի նամակում։

«Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը: Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից»,- շարունակում է Հայաստանի նախագահը՝ ցավ հայտնելով, որ Հայաստանի հորդորը լսելի չի եղել Թուրքիայի ղեկավարության համար:

«Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»»,- նշված է նամակում։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված արձանագրությունները ստորագրվել էին Ցյուրիխում՝ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին։ Հայկական կողմից արձանագրությունները ստորագրել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, թուրքական կողմից՝ այն ժամանակ նրա պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG