Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները կրկին Կառավարության շենքի մոտ էին


Նրանք պահանջում էին 6 ամսվա ընթացքում փակել 15 միլիոն դոլարի պարտքը։

Շուրջ մեկ տարի աշխատավարձ չստացած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր հերթական անգամ հավաքվել էին նախ գործարանի, ապա Կառավարության շենքի առջև ՝ պահանջելով իրենց աշխատավարձը: Եթե նաիրիտցիները նախկինում աշխատավարձից բացի պահանջում էին նաև իրենց ապահովել աշխատանքով, ապա այսօր այս պահաջն այլևս չեն առաջադրում։

«Միշտ ասել ենք աշխատի, աշխատատեղ, բայց քանի որ այսօր իրենք արհամարհական հանել գցել են դուրս, թքած ունեն, պարզ ասած, մենք այսօր մի պահանջ ենք դնում՝ մեր աշխատավարձը՝ «6 ամսվա ընթացքում էդ 15 միլիոն դոլար պարտքը փակեք»», - ասաց ցուցարարներից մեկը։

Կառավարության շենքի առջև էին հավաքվել նաև օրերս աշխատանքից ազատված՝ «Նաիրիտ»-ի 1700 աշխատակցիները:

«Մեր տարիների աշխատանքային փորձը չգնահատվեց, այսօր առանց որևէ կոպեկի հայտնվեցինք դրսում», - բողոքում էին նրանք:

Նաիրիտցիների հանձնաժողովն օրերս նամակ է ուղարկել նախագահին, վարչապետին և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարին: «Նաիրտ»-ի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ պատասխանը կրկնվող էր՝ առաջարկվում է աշխատավարձի պարտքը վճարել գործարանի գույքը վաճառելու հաշվին, ինչն, ըստ Հարությունյանի, ժամանակ ձգելու փորձ է։

Հիշեցնենք, դեռ մեկ ամիս առաջ էր Երվանդ Զախարյանը առաջարկել աշխատավարձի ամբողջական վճարման համար վաճառել գործարանի գրավադրված գույքը՝ ցուցարարներին վստահեցնելով, որ Կառավարությունն ամեն ինչ անում է որպեսզի բանկից ստանան թույտվություն և գույքը հանվի վաճառքի։

«Քանի անգամ արդեն ասել են, որ գույքի օտարումը որևէ հստակություն չի կարող մտցնել, գույքի օտարումը երկար պրոցես է, անժամանակ պրոցես է, էդ պրոցեսով գնալը նշանակում է վեց ամիս, մի տարի...., անհայտ է, թե մարդիկ ինչքան ժամանակ կսպասեն, թե գույքը երբ պետք է օտարվի», - ասաց Նաիրիտի մամուլի խոսնակը։

Նաիրիտցիների հանձնաժողովի ներկայացուցիչն այսօր նաև հայտարարեց՝ իրենց փոխանցել են, թե մինչև փետրվարի 25-ը վարչապետը չի կարող իրենց ընդունել, հետևաբար, այսօրվանից իրենք սկսում են բողոքի անժամկետ գործողություններ՝ Կառավարության շենքի առջև։

«Պետք է, մեր երկրի նախագահի ասած, ձուկը գլխից բռնել, արդեն ձուկն էլ կա, գլուխն էլ կա՝ երկրի նախագահից սկսած։ Կատարվել է խոշոր տնտեսական հանցագործություն այս գործարանում, հանցագործներն էլ դիրեկտորից սկսած ամբողջ դիրեկտորների խորհուրդն է», - ասաց ցուցարարը։

Ըստ Անուշ Հարությունյանի, Կառավարությունը պետք է մարի «Նաիրիտ»-ի աշխատակիցների 15 միլիոն դոլարի և 5 միլիարդ դրամի՝ «Նաիրիտ 2» ու «Նաիրիտ» ընկերությունների պարտքը:

XS
SM
MD
LG