Մատչելիության հղումներ

Ոստիկանությունում աշխատանքից ազատվել են Ծառուկյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները


Ոստիկանությունում աշխատանքից ազատվել են Ծառուկյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները
please wait

No media source currently available

0:00 0:03:27 0:00

Ոստիկանությունը դա պայմանավորում է համակարգում իրականացվող բարեփոխումներով:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Ազատությանը» հայտնեցին, որ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շուրջ երկու հարյուր աշխատակիցներ, որոնք ապահովում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրան պատկանող տարածքների անվտանգությունը, վերջին օրերին ազատվել են աշխատանքից:

«Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ պետական պահպանության գլխավոր վարչությունում, մշտապես ստուգվում և վերանայվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերը: Այս ամենը իրականացվում է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում: Խնդիրը անվտանգության ապահովումը ավելի փորձառու կադրերով իրականացնելն է», - պարզաբանեցին ոստիկանությունից:

Այսօր լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն, աշխատանքից ազատվել են Ծառուկյանին ազգական կամ հավատարիմ մարդիկ, ովքեր որպես ոստիկաններ իրականացրել են նրա կամ նրան պատկանող տարածքների անվտանգության ապահովումը:

«Ազատության» հարցին, թե Ծառուկյանի ու նրան պատկանող տարածքների անվտանգությունը ապահովող անձինք ինչու հենց այժմ նման զանգվածային ձևով ազատվեցին աշխատանքից, ոստիկանությունից պատասխանեցին․ - «Ընթացող բարեփոխումների շրջանակում պետական պահպանության գլխավոր վարչությունում աշխատակիցների պայմանագրերը մշտապե՛ս են ստուգվում և վերանայվում»:

Հատկանշական է, որ ԲՀԿ առաջնորդի ու նրան պատկանող տարածքների անվտանգությունն ապահովող աշխատակիցների պայմանագրերը ոստիկանությունում որոշեցին զանգվածաբար վերանայել նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի աղմկահարույց ելույթից հետո, որի ժամանակ Սարգսյանը Ծառուկյանին կոչեց «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ»:

Բայց, մյուս կողմից, լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ են եղել ԲՀԿ ղեկավարի ու ոստիկանապետի հակասությունների մասին: Ո՛չ Գագիկ Ծառուկյանը, ո՛չ Վլադիմիր Գասպարյանը երբեք հրապարակավ չեն խոսել դրանց մասին, սակայն, օրինակ, անցած դեկտեմբերին լրագրողների հետ ճեպազրուցում հարցին, թե որտե՞ղ կլինեք Դուք, եթե նախագահ ընտրվի Գագիկ Ծառուկյանը, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է․ - «Ուրեմն ես կլինեմ նախագահների նախագահը»:

Անցած հինգշաբթի Սերժ Սարգսյանը նաև հորդորեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին՝ մանրամասն ստուգելու Գագիկ Ծառուկյանի՝ բարեգործական գործունեությամբ քողարկված չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը:

Շաբաթ օրը վարչապետի մամուլի քարտուղարԳոհար Պողոսյանը «Ազատությանը» տեղեկացրել էր, որ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նամակ է ուղարկել Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին՝ իրականացնելու այդ ստուգումները:

Այսօր ողջ օրվա ընթացքում Ֆինանսների նախարարությունից չարձագանքեցին «Ազատությանը» հարցմանը՝ սկսե՞լ են արդյոք նշված գործընթացը, կամ Ծառուկյանին պատկանող բիզնեսները նախկինում նման ստուգումներ անցե՞լ են և ի՞նչ արդյունք են տվել ստուգումները:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով, վերոհիշյալը ոչ այլ ինչ է, քան քաղաքական ճնշում Գագիկ Ծառուկյանի և նրա ղեկավարած կուսակցության նկատմամբ:

«Հայաստանում մեկ միլիարդ դրամ շրջանառություն ունեցող հիմնարկները անցնում են արտաքին աուդիտ, և այդ աուդիտորական ստուգումների արդյունքները հրապարակվում են», - այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Մելքումյանը՝ հավելելով, որ այս ճնշումները չեն կարող չանդրադառնալ Հայաստանի գործարար հեղինակության վրա․ - «Իհարկե բացասական ազդեցություն է ունենալու: Միանշանակ բացասական: Առանց այդ էլ մենք վերջին մեկ տարում չենք էլ խոսում է, թե ներդրումները ինչքան են կրճատվել Հայաստանում: Որովհետև ընդհանրապես ներդրումներ չկան Հայաստանում, որ խոսես կամ չխոսես»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG