Մատչելիության հղումներ

«Ծառուկյանը Սարգսյանին վերարտադրվելու հնարավորություն չտվեց»


Ոչ իշխանական եռյակի կուսակցությունների առաջնորդները Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ, 23-ը հոկտեմբերի, 2014թ.

Ոչ իշխանական եռյակի կուսակցությունների առաջնորդները Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ, 23-ը հոկտեմբերի, 2014թ.

Քաղաքագետները «Ազատության» հետ զրույցներում վերլուծում են վերջին օրերի ներքաղաքական զարգացումները:

ՀՀԿ - ԲՀԿ հակամարտությունը սրվեց, քանի որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին վերարտադրվելու հնարավորություն չտվեց և չհամաձայնեց աջակցել սահմանադրական բարեփոխումներին, պնդում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

«Գործող նախագահը ուղղակի փորձեց «վա բանկ» գնալ, նա ժամանակ չունի արդեն, լավագույն դեպքում իրեն մնացել է երեք տարի, երեք տարվա ընթացքում նա պետք է փորձի Սահմանադրությունը փոխել, պետք է դրա համար նա կարողանա դրսի ուժերի հետ իր համաձայնությունը գտնի, որից հետո էլ նա պետք է կարողանա նաև ինչ-որ ներկուսակցական խնդիրներ լուծի, և այլն, և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը՝ շարունակելով․ - «Ժամանակը սեղմում է, այ ժամանակը սկսել է աշխատել եռյակի օգտին»:

Վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով էլ՝ այս ընթացքում եռյակում պետք է հասկանան, թե ինչն էր հատկապես անձնավորված հարվածի պատճառը: Ըստ նրա՝ այս սցենարը իշխող Հանրապետական կուսակցության մոտ հասունացել է հատկապես փետրվարի 5-ի «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդաժողովից հետո, երբ Ծառուկյանը գրեթե վերջնագրային տոնով հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին: Հաջորդիվ ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի ծեծն էր, որը է՛լ ավելի սրեց երբեմնի գործընկերների հարաբերությունները:

Վերլուծաբանը «Ազատության» հետ զրույցում չբացառում նաև մեկ այլ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնի հնարավոր ազդեցությունը․ - «Որովհետև Սերժ Սարգսյանի ելույթում, այսպես, հստակ կար ակնարկ, որ «Գագիկ Ծառուկյանը մինչ այժմ գտնվում էր մեր հետ համաձայնեցված գործունեության դաշտում, իսկ հիմա էդ դաշտից դուրս է եկել», և, բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ ո՞ր դաշտում է հայտնվել և ինչո՞ւ հենց դուրս գալուց հետո նման սուր արձագանք»:

Ե՛վ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը այսօր եռյակը դիտարկում են որպես Հանրապետականի այլընտրանք, ասում է Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ այս պայմաններում դժվար կլինի հարկային, ոստիկանական ճնշումներ գործադրել Հայաստանի ամենահարուստ գործարարներից մեկի վրա: «Այն ոստիկանները կամ հարկային աշխատողները, որոնք կփորձեն ջերմեռանդորեն կատարել իր որոշումը, նրանք շատ հանգիստ կարող են մտածել այսպես, որ եթե նախագահը չկարողանա սահմանադրական փոփոխությունները փոխի, իսկ նա չի կարողանում փոխի, ապա 2018-ին հեռանալու է, իսկ ԲՀԿ-ն հնարավոր է եռյակի հետ միասին գա իշխանության, և նրանք, ովքեր ջերմեռանդ կկատարեն այսօր նախագահի այդ պատվերը, մի երեք տարի հետո հնարավոր է նաև անձնական պատասխանատվություն դրա համար կրեն», - ասաց նա:

Հակոբ Բադալյանի համար համոզիչ չէ շրջանառվող այն վարկածը, թե սա համաձայնեցված ներկայացում է՝ իշխանությունը կիսելու համար: Ըստ նրա՝ վարչակազմում կան խորքային անհամաձայնություններ, որոնք աստիճանաբար խորանում են:

Արմեն Բադալյանը, մինչդեռ, նկատում է, որ նախագահն իր ելույթով ԲՀԿ-ի առաջնորդին դարձրեց թիվ մեկ ընդդիմախոսը՝ այդպիսով բարձրացնելով վերջինիս իմիջը:

Մյուս կողմից, քաղտեխնոլոգների կարծիքով, իր զգացմունքային ելույթով Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ իր իշխանությունը Հանրապետական կուսակցությունում այնքան էլ ամուր չէ:

«Եվ այստեղ Սերժ Սարգսյանը նաև հարկադրված էր հանդես գալ որպես երաշխավոր, որ «հանրապետականների այս բացարձակ մեծամասնությանը ոչինչ չի լինի, ես երաշխավոր եմ», հակառակ դեպքում հանրապետականները, էլի բնորոշ հայկական համակարգային ավանդույթներին, կսկսեին արդեն հարաբերություններ փնտրել «Բարգավաճ Հայաստան»-ի, կամ եթե դրա թիկունքում է նաև Ռոբերտ Քոչարյանը՝ նաև Քոչարյանի հետ», - ասաց Հակոբ Բադալյանը:

Արմեն Բադալյանի կարծիքով՝ Հանրապետականում շատ լավ հասկանում են, որ գործող նախագահը արհամարհված է Արևմուտքի, մերժված՝ Ռուսաստանի կողմից, ուստի եթե իրավիճակը չփոխվի, ապա հանրապետականները կփնտրեն նոր թիկունք․ - «Իսկ Հայաստանում իշխող քաղաքական ուժի մեջ միշտ էլ փնտրում են մի նոր շեֆի, և քանի որ գործող ղեկավարը, շեֆը, այդպես ասած, հեռանում է, բնական է՝ նրանք իրենց հայացքները կարող է ուղղեն և շատ դեպքերում կուղղեն դեպի եռյակը: Գործող նախագահն արդեն իր իշխանությունը Հանրապետական կուսակցության մեջ այդքան էլ ամուր չէր»:

Ինչ կլինի առաջիկա օրերին՝ հստակ կլինի միայն այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն բառի բուն իմաստով խոսքից անցնի գործի, ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, ընդգծելով, թե հետաքրիքր է նաև տեսնել՝ կկարողանա՞ արդյոք եռյակը հաղթահարել առկա տարաձայնությունները:

«Խորհրդակցությունը ոչ իշխանական եռյակի մյուս երկու առաջնորդների հետ շարունակվելու է ևս մի քանի օր, ինչը վկայում է, որ եռյակի ներսում իսկ կան որոշակի տարաձայնություններ, և մինչև դրանք չհաղթահարվեն, հստակ քայլեր երևի թե չեն լինի», - նշեց Հակոբ Բադալյանը:

Եթե գործող նախագահն արդեն զգացմունքներին է տեղիք տալիս, նշանակում է՝ եռյակը ճիշտ ուղու վրա է, ավելացնում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

«Խնդիրը այն չէ՝ կլինի արտահերթ նախագահական ընտրություններ թե չի լինի արտահերթ նախագահական ընտրություններ, խնդիրն այն է, որ իրենք արդեն վերածվել են այլընտրանքի, հասարակության կողմից գործող նախագահն այլևս չունի լեգիտիմություն, և գործող նախագահի ժամանակը արդեն սպառվում է», - ասաց Արմեն Բադալյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG